Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվե՛ք, հետո դիմեք

Հուլիս 06,2005 00:00

Կողմնորոշվե՛ք, հետո դիմեք Բուհերի ընդունող հանձնաժողովները մինչեւ հուլիսի 15-ը կշարունակեն ընդունել դիմում-հայտերը Այս տարի ընդունելության քննությունների դիմումներում կգործի առաջին հայտի գերակայությունը: Ըստ այդմ, դիմորդը պետք է հստակ կողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում եւ հայտի առաջին տողում նշի այդ մասնագիտությունը՝ պետպատվերով, այնուհետեւ անպայման նաեւ վճարովիի համար: Որից հետո դիմորդը կարող է նշել ցանկացած այլ մասնագիտություն, որոնց մրցույթին էլ կմասնակցի ըստ հերթականության, եթե 1-ինի դեպքում միավորները չբավարարեն: Վճարովի համակարգի համար դպրոցից որեւէ գնահատական չի փոխանցվի: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե տվյալ մասնագիտության գծով թափուր տեղեր առաջանան: Այլապես հաճախ անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում. վճարովի անցումային միավորներն ավելի բարձր էին լինում, քան պետպատվերինը, եւ պատճառը դպրոցներից եկող համատարած 20 միավորներն էին: Երեկ կեսօրին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան էր դիմել 346 դիմորդ: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սպարտակ Փալիկյանի ներկայացմամբ, անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ դիմորդների թիվը գրեթե նույնն է: Այս տարի համալսարանն ունի 277 պետպատվերով տեղ, 511 վճարովի, 597 առանց բանակից տարկետման իրավունքի (ԱՏ): Պետպատվերի 50 %-ը կհատկացվի նպատակային տեղերին, որտեղ կուսանեն սահմանամերձ եւ բարձր լեռնային շրջանների շրջանավարտները: Այս բուհում դիմորդներն ավելի շատ նախընտրել են տարրական կրթության, պատմության, հայոց լեզվի, մաթեմատիկայի, հեռուստալրագրության, գծագրության եւ կերպարվեստի ֆակուլտետները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դիմորդների հետաքրքրությունը մեծ է նաեւ ռուսաց լեզվի ֆակուլտետի նկատմամբ: Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում (ԵՏԻ) նախորդ տարիների նման շարունակում են հեղինակություն վայելել ֆինանսներ եւ վարկ, կառավարում, մաքսային գործ, մարքեթինգ, համաշխարհային էկոնոմիկա եւ հաշվապահական հաշվառում ֆակուլտետները: Երեկ կեսօրին բուհն արդեն ուներ 250 դիմորդ: ԵՏԻ-ն այս տարի ունի 272 պետպատվերով տեղ, 501 վճարովի եւ 77 տեղ առանց տարկետման իրավունքի: Այս բուհը նպատակային տեղեր չունի: Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) ամեն տարվա նման հեղինակավոր են ռոմանա-գերմանական, իրավաբանության, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի, հոգեբանության ֆակուլտետները: Երեկ կեսօրի դրությամբ մայր բուհը մոտ 870 դիմում էր ստացել: Պատասխանատու քարտուղարի տեղակալ Վաչագան Գալստյանը տարիների փորձը աչքի առաջ ունենալով, կանխատեսեց, որ դիմորդների հիմնական հոսքը այսօրվանից է սկսվելու: ԵՊՀ-ին հատկացված տեղերից 671-ը պետպատվերով է, 1096-ը՝ վճարովի, 306-ը՝ ԱՏ-ով: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել