Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐՈՎ

Հուլիս 06,2005 00:00

ԾՐԱԳՐՈՎ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ՀԱՎԵՐԺ ԱՆՕԹԵՎԱ՞Ն ԲԳՎ-ն անօթեւանների հարց չի լուծում Չնայած կառավարության կողմից իրականացվող «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագիրը դեռ իր բուն ընթացքի մեջ չի մտել, տեսախցիկների առջեւ որեւէ մեկին վկայագիր չեն հանձնել, այնուամենայնիվ, գյումրեցիներն արդեն իսկ սկսել են իրենց թեժ քննարկումները ծրագրի ձեռնտու լինել-չլինելու մասին: Հիշյալ ծրագրի հետ կապված՝ մարզի որոշ պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին ասեկոսեներ շոշափելուց զատ, գյումրեցի անօթեւանները քննադատում են կառավարությանը սահմանած գների կապակցությամբ՝ ընդգծելով դրանց խիստ անհամապատասխանությունը տների շուկայական արժեքին: Նրանցից շատերը, ընդ որում՝ իրական անօթեւանները, վախեցած են հավերժ նույն կարգավիճակում մնալու մտքից: «Կառավարությունը չգիտի՞, որ 4 սենյականոցի համար իր սահմանած 5970 դոլարով այստեղ հազիվ մի սենյականոց կկարողանաս ճարել»,- հարցնում են գյումրեցիները: Եթե հարցին այս տրամաբանությամբ մոտենան, բնականաբար, ծրագրից հրաժարվողների թիվը շատ ավելին պետք է լինի, քան օգտվողներն են: Իսկ միգուցե որոշ անօթեւաններ մտածում են բնակարաններ չգնելու ու տարբեր ճանապարհներով իրենց հատկացվելիք գումարը բանկերից դուրս բերելու մասի՞ն: Ինչպես նախորդ փորձը ցույց է տալիս, բնակարանների գնման վկայագրով շատերը, տան խնդրից բացի, ինչ հարց ասես լուծեցին՝ բանկերից ուղղակիորեն դուրս բերելով գումարը: Հիշեցնենք, որ գրանցվեցին նաեւ դեպքեր, երբ անօթեւանները սահմանված արժեքի ցածր լինելու պատճառով բնակարաններ կարողացան ճարել միայն վթարային, փլուզվող շենքերից, բնականաբար թեթեւացնելով կառավարության հոգսը, բայց դարձյալ մնալով անօթեւան: Արդյոք նոր ծրագիրը հնի («Ուրբան» ինստիտուտի կողմից իրականացված) մեխանիկական փոխառությունը չէ՞, կա՞ն մշակված մեթոդներ այս խնդիրներից ձերբազատվելու համար: Պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանին: Նրա կարծիքով, եթե չլիներ շահագրգռություն, չէր լինի ծրագիր: Նա տեղեկացրեց, որ իրենք թեեւ 1630 ընտանիքի են ծանուցում ուղարկել ծրագրին մասնակցելու, սակայն նրանցից առայժմ 215-ն են դիմում ներկայացրել: Ըստ քաղաքաշինության վարչության պետի, ծրագիրը շատ հարթ է ընթանում, առանց ցնցումների, իսկ ստեղծված բարդությունները կապված են միայն անօթեւանների թվաքանակի հետ: Հիշեցնենք, որ կառավարության կողմից անօթեւան ճանաչվում են մինչեւ 2004թ. մարտի մեկը հերթագրվածները եւ հիշյալ ծրագիրը բացառապես վերաբերում է վերջիններիս: Արտաշես Սարգսյանի ասելով, իրենք դիմելու են կառավարությանը՝ որոշակի փոփոխություններ կատարելու խնդրանքով, օրինակ՝ 71 ընտանիք անօթեւան է ճանաչվել դատարանի վճռով, սակայն ներառված չէ ցուցակներում, նմանապես 481 ընտանիք, որոնք «Ուրբան» ինստիտուտի կողմից իրականացվող ԲԳՎ ծրագրին թեեւ դիմել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն օգտվել՝ գուցե սահմանված ժամանակահատվածում տուն չճարելու պատճառով, այսօր նույնպես ընդգրկված չեն ցուցակներում, թեեւ ցանկություն ունեն նորից մասնակցելու: Իսկ գուցե նրանց ոչ թե տուն ձեռք բերելը, այլ գումա՞րն է հետաքրքրում: Պարոն Սարգսյանի ասելով, իրենց վարչություն եկող քաղաքացիները մեկ-մեկ շփոթվում ու հարցնում են, թե «մեր փողերը երբ պիտի տաք» ու իրենք ամեն անգամ ստիպված են կրկնելու, որ սա ոչ թե դրամաշնորհ է, այլ սերտիֆիկատների բաշխում: Իսկ ինչպես է լուծվելու վթարային շենքերից բնակարան չգնելու խնդիրը. չէ՞ որ եղան դեպքեր, երբ մարդիկ վկայագրով գնված տան համար դեռ չուրախացած՝ այն փլուզվեց: Քաղաքաշինության վարչության պետի ասելով, թեեւ իրենք իրավունք չունեն սահմանափակել սեփականատիրոջ՝ իր բնակարանը վաճառելու իրավունքը, սակայն խոստացավ իրենց կառույցում փակցնել այն շենքերի ցանկը, որտեղից բնակարաններ չարժե գնել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀ. Գ. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում տարածվել են ասեկոսեներ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին: Վերջին շրջանում խոսակցությունները գնալով ոչ միայն թեժանում են, այլեւ լրիվ նոր բովանդակություն ձեռք բերում: Մարզպետարանին մոտ կանգնած որոշ աղբյուրների պնդմամբ՝ սա կատարվում է նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի անմիջական հանձնարարությամբ, որը իբրեւ թե կազմել է աշխատանքից ազատման ենթակաների «սեւ ցուցակ»: Պատասխանելով՝ իր պաշտոնանկության լուրերին տեղյա՞կ է մեր հարցին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը ասաց. «Ինձ թվում է՝ իմ աշխատանքային իրավասությունների լիարժեք իրականացմանը խանգարում է իմ անկուսակցական լինելը: Ես կարծում եմ, որ ավելի նպատակային կլիներ քննարկվեին Գյումրիի քաղաքաշինությանը վերաբերող լուրջ խնդիրներ եւ ոչ թե այս միջոցով փորձեին լուծում տալ անձնական ամբիցիաներին»: «Առավոտը» հետեւելու է դեպքերի զարգա ցման ընթացքին: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը նույնպես պարզաբանումներ տալու իրավունք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել