ԱՊՀ-ախտ Վերջին օրերին Ղազախստանի բազմակի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ուշագրավ զգացողություններ է ունենում: Ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, թե «զգում է, որ ինքը պետք է ժողովրդին»: Ուստի Նազարբաեւը, չտխրեցնելու համար համայն ղազախությանը, որոշել է առաջադրվել հերթական նախագահական ընտրություններում: Հարցը, թե արդյոք Ղազախստանի գործող նախագահն իրավունք ունի՞ իրացնել այդ զգացողությունը, այսինքն՝ առաջադրվել եւս մեկ անգամ, Նազարբաեւը լուծել է հույժ ԱՊՀ-ական տրամաբանությամբ: Նա հայտարարել է, թե այդ բանն անելու իրավունք իրեն տալիս է երկրի նոր ընդունված սահմանադրությունը: Այսպիսով, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից հետո Նազարբաեւը ՀԱՊԿ անդամ երկրորդ երկրի ղեկավարն է, ով հավերժ նախագահ դառնալու հայտ է ներկայացնում: Ընդ որում, ինչպես եւ Լուկաշենկոյի պարագայում, այդ մտադրության իրավական կողմը նա հիմնավորում է նոր սահմանադրության ընձեռած հնարավորությամբ, իսկ առաջադրվելու անհրաժեշտությունը՝ ժողովրդին «անձնվիրաբար ծառայելու» բարձր զգացումներով: Թվում է, թե հետխորհրդային տարածքի բռնապետացման միտումներն անշեղորեն զարգանում են: Քիչ ավելի ուշադիր նայելու դեպքում, սակայն, արագորեն կարելի է համոզվել, որ այդ միտումներն ընդամենը այլ, ընդ որում՝ բոլորովին հակամետ միտումների արդյունք են: Կենտրոնական Ասիայում գտնվող Ղազախստանն իր հարեւաններից՝ Ղրղըզստանից եւ Ուզբեկստանից ոչնչով ավելի լավը կամ ավելի վատը չէ: Ճիշտ է՝ Ղազախստանը հարուստ է նավթով, բայց, ինչպես հայտնի է՝ ԱՊՀ-ատիպ երկրներում այդօրինակ գործոնները դեր են խաղում ոչ թե բնակչության, այլ ընդամենը մեկ-երկու «ընտրյալի» բարեկեցության հարցում: Երկրին ու հասարակությանը պարուրած հիմնախնդիրները բացարձակապես նույնն են, ինչ հարեւան երկրներում: Ուստի՝ ոչ մի հիմք չկա բացառելու, որ ժողովրդական ցասման ալիքը, Ասկար Ակաեւի օրինակով, Նազարբաեւին եւս դուրս չի շպրտի իր հավերժ թվացող նախագահական աթոռից ու չի նետի քաղաքականության աղբանոցը: Օրինակներ՝ որքան ուզեք: Իսկ իշխել, ընդ որում՝ իշխել միջնադարյան խանի լիազորություններով ու որեւէ պատասխանատվություն չկրել նախկինում ու ներկայում գործած անօրինությունների համար, Նազարբաեւը շատ-շատ է ուզում: Ահա եւ ստացվում է այնպես, որ մի կողմից՝ «գունավոր» հեղափոխությունների ահագնացող հեռանկարը, մյուս կողմից՝ հասարակությունն ազատականացնելու վերաբերյալ միջազգային հանրության գործադրած ճնշումները Ղազախստանում եւ «եղբայրակից» մյուս երկրներում միանգամայն հակառակ էֆեկտն են ունենում, ինչն այլ բան չէ, քան նմանատիպ նախագահների ինքնապահպանման բնազդի պարզ արտահայտություն: Իսկ դա էլ հենց այն է, ինչը նրանց հոգեկան աշխարհում դրսեւորվում է ժողովրդին հարկավոր լինելու սուր պաթոլոգիաներով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ