Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ընդունվեն, ապա միայն կեղծիքներով

Հուլիս 06,2005 00:00

Եթե ընդունվեն, ապա միայն կեղծիքներով Սահմանադրական փոփոխությունների մասին կարծիք է հայտնում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Արձանագրելով, որ Սահմանադրությունն անցել է իր գլխավոր փորձաշրջանը, Արարատ Զուրաբյանը շնորհավորանքներ հղեց բոլորին՝ «հասարակության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր ընդունում են այդ Սահմանադրությունը, որոշակի պրոբլեմներ ունեն դրա հետ, նրանում փոփոխություններ են ուզում տեսնել եւ այլն»: Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ ՀՀՇ-ն եղել ու մնում է այս Սահմանադրության պատասխանատուն: Սահմանադրություն, որը Հայաստանին հնարավորություն տվեց «դառնալ Եվրախորհրդի անդամ»: Անցնելով առաջարկվող սահմանադրական փոփոխություններին՝ ՀՀՇ վարչության նախագահը նկատեց. «1998-ի հեղաշրջումից հետո առաջարկվող փոփոխությունների առանցքային կետը, որն անընդհատ թմբկահարվում էր, երկքաղաքացիության հարցն էր, իբր առանց դրա հայ ազգը չի կարող գոյատեւել: Այսօր այդ նույն ուժերը երկքաղաքացիության մասին նույնիսկ չեն խոսում»: Պարոն Զուրաբյանի կարծիքով՝ նրանք հասկացել են երկքաղաքացիությունից բխող բացասական էֆեկտները: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀՇ-ի դիրքորոշումը մնում է հաստատուն. «Մինչեւ Հայաստանում օրինական իշխանություն չհաստատվի, մինչեւ չվերականգնվի սահմանադրական կարգը՝ սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը ոչ անհրաժեշտ ենք համարում»: Այս ամենի վտանգը, ըստ ՀՀՇ-ի՝ «հիմք է ստեղծվում Ռոբերտ Քոչարյանի՝ մեկ կամ եւս մի քանի անգամ վերընտրվելու»: Ինչ վերաբերում է եվրոպական կառույցների ճնշումներին՝ «Նրանք ուզում են տեսնել ժողովրդավարական Հայաստան, իրողություն, որը, ըստ մեզ, այս իշխանությունների պարագայում հնարավոր չէ իրականացնել: Ինչպիսի Սահմանադրություն էլ Հայաստանն ունենա, նրանք, ովքեր ոտնահարել են Սահմանադրությունը՝ շարունակելու են դա անել»: ՀՀՇ-ն բովանդակային քննարկումների մեջ չի մտնում ոչ այն պատճառով, որ առաջարկվող փոփոխությունները «լուրջ փաստարկված են կամ տրամաբանական, իրավական նորմ են հանդիսանում», այլ՝ չեն ուզում մասնակից լինել մի գործընթացի, «որի հետ ընդհանուր ոչինչ չենք ցանկանում ունենալ»: Իշխանություններն ընդառաջ գնացին վենետիկցիների առաջարկներին, որովհետեւ «նրանց հետաքրքրում է ոչ թե Սահմանադրության բովանդակային մասը, այլ այն, որ սա նոր Սահմանադրություն է»,- կարծում է բանախոսը: Իսկ որ խորհրդարանական ընդդիմությունն է պատրաստվում առաջարկներն ընդունելուց հետո վերադառնալ ԱԺ՝ «Մենք գտնում ենք, որ նրանք քաղաքական սխալ են կատարում, եւ հասարակությանը բացատրելու ենք, որ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասում է Ա. Զուրաբյանը: Դիտարկումներին, որ գործող Սահմանադրությունն է երկիրն այս վիճակին բերել, նա հակադարձեց. «Այս ճգնաժամի պատճառը Ռոբերտ Քոչարյանն է, որը պարբերաբար ոտնահարում է Սահմանադրությունը»: ՀՀՇ վարչության նախագահը, ընդհանրապես, համոզված է, որ եթե սահմանադրական հանրաքվեն դրական արդյունք ունենա, ապա միմիայն կեղծիքների շնորհիվ՝ «այս իշխանության անցկացրած մարդահամարի տվյալներով, Հայաստանում 2մլն 400 հազար ընտրող կա: Այսինքն՝ անհրաժեշտ է 800 հազար «կողմ» ձայներ, բայց ես վստահ եմ, որ այդքան (2 մլն 400 հազար- Ն. Գ.) մարդ Հայաստանում չի բնակվում, ուր մնաց ընտրող… հանձնաժողովներում իր տեղը թող Քոչարյանը տա ՀՀՇ-ին՝ մենք կբացահայտենք բոլոր կեղծիքները»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել