Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ

Հուլիս 06,2005 00:00

«ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՎ ԶՈՒՍՊ ԶԵԿՈՒՅՑ» ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ Հայաստանի պատվիրակները գոհ են Գորան Լենմարկերից Վաշինգթոնում երկուշաբթի ավարտված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նստաշրջանում զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ, շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերը: Մեզ տված հեռախոսային հարցազրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը նկատեց. «Կարծում եմ, Գորան Լենմարկերի զեկույցը խիստ հավասարակշռված, ավելորդ կրքեր չբորբոքող զեկույց էր: Սա այն մաքսիմում հնարավորն էր, որը կարելի էր ստեղծված մթնոլորտում ստանալ: Այս զեկույցը հնարավորություն կընձեռի Հայաստանին իր արտաքին քաղաքականության հարցադրումներում միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Դա խիստ հակասում է Լենմարկերի կողմից առաջ քաշած հարցադրումներին, որոնց առանցքը այն է, որ նման հակամարտությունը կարելի է կարգավորել եւ լուծել միայն եւ միայն խաղաղ ճանապարհով: Զեկույցում մեծ նշանակություն է տրված հարցի կարգավորման գաղափարախոսությանը, այն է՝ որ երկու կողմերն էլ պետք է հաղթանակած լինեն, եւ չպետք է լինի որեւէ պարտվող կողմ: Լուծման մեխանիզմների առումով Լենմարկերը նշում է ալանդական մոդելը՝ ասելով, որ շվեդները եւ ֆինները ալանդական կղզիների հետ կապված երբեք ու երբեք ոչ մի խնդիր չունեցան: Լենմարկերը հույս է հայտնում, որ նման տարբերակով կարելի է լուծել նաեւ ղարաբաղյան հիմնահարցը: Մինչդեռ ուզում եմ փոքր ուղղում կատարել եւ ասել, որ շվեդները եւ ֆինները բարոյահոգեբանական եւ համամարդկային նույն արժեքները կրողներն են, նույն դավանագիտական հենքն ունեն, ինչը երբեք չի կարելի ասել հայերի եւ ազերիների մասին: Վստահ եմ, որ այդ մոդելը այստեղ չի աշխատի, իսկ այնտեղ աշխատել է, որովհետեւ Եվրոպան ինքն է միավորվում, եւ եվրոպական սահմանները դառնում են խիստ պայմանական, ինչից այս պահին, համենայնդեպս, չափազանց հեռու են ազերիներն ու հայերը»: Արտաշես Գեղամյանի գնահատմամբ, ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում իշխողը «ողջամտության դրսեւորումն էր, մասնավորապես՝ Լենմարկերի զեկույցի հետ մեկտեղ ներկայացվել էր ինը կետից կազմված բանաձեւ, որում կրկին տրված էին հավասարակշռված գնահատականներ եւ մոտեցումներ»: Օգտվելով ԵԱՀԿ ԽՎ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանցի պատգամավոր Սատար Սաֆարովը իր հերթին 19 կետից բաղկացած լրացուցիչ կետ է ներկայացրել քննարկման: Իր հակիրճ խոսքում Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը, ըստ էության, դեմ արտահայտվեց այս լրացուցիչ կետին եւ հայտարարեց, որ եթե քննարկվեն այդ լրացումները, ապա կխախտվի իր ներկայացրած փաստաթղթի ողջ տրամաբանությունը: Բարեբախտաբար, ԽՎ-ն ըմբռնումով մոտեցավ Լենմարկերի այս առաջարկին, որի արդյունքում Սաֆարովի լրացուցիչ կետը մերժվեց: ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որը, Արտաշես Գեղամյանի փոխանցմամբ, դատապարտել է Թուրքիային՝ ցեղասպանությունը չճանաչելու, իսկ Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության շուրջ տարածվող ապատեղեկատվության համար, ինչը ադրբեջանական եւ թուրքական պատվիրակության մեջ դժգոհություն է առաջացրել. «Ըստ որում, հետաքրքիր էր այն, որ Վահան Հովհաննիսյանից անմիջապես հետո ձայնը տրվեց թուրք պատգամավորի, որը դարձյալ ապատեղեկացրեց լսարանին, հետո Սատար Սաֆարովի ելույթն էր, եւ դրանից հետո՝ ես ելույթ ունեցա: Ելույթս կտպագրվի եւ պարզ կդառնա ադրբեջանցու եւ իմ ելույթի որակական մակարդակի տարբերությունը»: ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ երեկ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ զրուցել, քանի որ վերջինս շարունակ կարեւոր հանդիպումների էր մասնակցում (այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի տեղակալի հետ): Ի վերջո, հեռախոսային զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը բավարարված է Գորան Լենմարկերի զեկույցից, իսկ մանրամասների մասին կխոսի Երեւանում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել