Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 06,2005 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ Մայիսի
25-ին Արաբկիր համայնքի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող Հակոբ
Բալյանին, որն ապրում էր ժամանակավոր վարձակալած բնակարանում: Նույն օրը, ժամեր անց,
Վանաձորի Միչուրինի 23 տանը («Կիրովականցի Գնդեի» տանը) ձերբակալվեց նրա եղբայրը՝
նույնպես հետախուզվող Սահակ Բալյանը: Հանցագործ եղբայրներն այսօր գտնվում են ԱՆ «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկում: Բալյանները նախկինում դատված են եղել խուլիգանության,
շահադիտական դրդապատճառներով կատարված սպանության համար: Սակայն ավելի ծանր հանցագործություն
նրանք կատարեցին մայիսի 21-ին, Կոմիտասի 34 շենքի մոտ: Նախ, հարբած, մի քանի հոգով
(նշվում է մոտ 7-10 անձ) հարձակվեցին մի երիտասարդի վրա, փորձելով խլել նրա բջջային
հեռախոսը: Տղան մի կերպ կարողացավ զանգել եւ կանչել բարեկամին: Օգնության հասած հորեղբոր
տղան՝ Հովնան Վարդանյանը հասավ դեպքի վայր՝ փորձելով օգնել հարազատին: (Հետաքրքիր
է, որ օրեր անց ոստիկանությունը դեպքը նկարագրում էր այսպես. «Ծեծում էին մի երիտասարդի:
Դաժան ընթացք էր ստացել: Տուժած տղան, եթե դիմեր ոստիկաններին…»): Հանցագործները
դանակով հարվածեցին Հովնանին ու փախան: Երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց: Հովնան
Վարդանյանը Հայաստանի գյուղակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի «Սննդարդյունաբերության
էկոնոմիկա եւ կառավարում» մասնագիտությունն էր ընտրել եւ նրա մահվան 7-րդ օրը ավարտական
վկայականը բերվեց Վարդանյանների տուն: Օրեր անց նա պիտի մեկներ ազգային բանակ ծառայելու,
սպանության օրը նրա գրպանում էր զինկոմից ստացած ծանուցագիրը: Տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ, «Ակադեմիայում սովորելու տարիներին Հովնանը
եղել է լավագույն ուսանողների շարքում: Նա խելացի էր, դաստիարակված, առանձնանում
էր բարձր կուլտուրայով ու համեստությամբ»: Իսկ մայրը «Առավոտի» թղթակցին ասաց. «Կշեռքի
նժարին դրեք մեր տղային ու հանցագործներին՝ իրենց կենսագրությամբ»: Քրեական գործի
նախաքննությունն իրականացնում է Արաբկիրի դատախազությունը: Թեեւ երկուսն են մեղադրյալի
կարգավիճակում, սակայն մայիսի 21-ի գիշերը, ժամը 12.30-ին նրանք հանցագործությունը
երկուսով չէին կատարել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել