Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է ասել Լենմարկերը

Հուլիս 06,2005 00:00

Ինչ
է ասել Լենմարկերը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հակամարտության
հարցերով այդ կազմակերպության հատուկ ներկայացուցիչ շվեդ Գորան Լենմարկերը հայտարարել
է, թե ներկայումս բոլոր միջազգային կազմակերպությունները՝ ՆԱՏՕ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ,
աջակցում են հակամարտության շուտափույթ կարգավորման ուղիների գործընթացին: «Դա բացառիկ
հնարավորություն է, որը չպետք է բաց թողնել»,- «Պանարմենիեն» գործակալության մատուցմամբ՝
ասել է Լենմարկերը՝ հավելելով, որ հակամարտող կողմերը կարող են օգտվել Եվրոպայի փորձից:
«Մի մոռացեք, որ մեր պատմության մեջ էլ են եղել հակամարտություններ եւ պատերազմներ,
ավելի երկարատեւ եւ արյունալի, քան այս հակամարտությունն է: Արեւմտյան Եվրոպայում
տեղի ունեցած հակամարտություններում հարյուր միլիոն մարդ է զոհվել: Չնայած դրան,
մենք սովորել ենք գոյատեւել: Բացելով մեր սահմանները, միավորելով մեր երկրների տնտեսությունը՝
մենք եզրակացություն ենք արել պատմության ողբերգական դասերից: Ինչո՞ւ ադրբեջանցիները
եւ հայերը չեն կարող ապրել՝ ինչպես եվրոպացիները: Չէ՞ որ դուք Եվրոպայի մի մասն եք»,-
հայտարարել է նա: ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը ենթադրել է, որ ԼՂ իշխանությունները,
որոնց «ցանկությունն անկախության ամրագրումն է», պետք է որ գոհ չլինեն իր ներկայացրած
զեկույցից եւ հավելել է. «Սակայն ես պետք է ասեմ ճշմարտությունը: Ինձ նշանակել են
այս պաշտոնին ոչ նրա համար, որպեսզի կոռեկտություն ցուցաբերեմ: Ես պետք է բաց խոսեմ.
մենք չենք կարող թույլ տալ Կովկասում մեծ թվով թզուկ պետությունների ստեղծումը: Տարածաշրջանում
պետք է լինեն երեք ուժեղ երկրներ, որոնց անհրաժեշտ է վերաբերվել հարգանքով: Հակառակ
դեպքում կստեղծվի քաոս»: Իր զեկույցում Գորան Լենմարկերը հայտարարել է նաեւ,
թե ԼՂ-ին անկախություն տալը ղարաբաղյան հակամարտության լուծման այլընտրանք չէ: Պատասխանելով
այն հարցին, թե ինչու իր զեկույցում նա Հայաստանին չի անվանել «զավթիչ»՝ Լենմարկերը
հայտարարել է. «Որովհետեւ իմ զեկույցում ես չեմ ցանկացել հիշել անցյալի մասին: Դա
կստեղծի ռիսկ: Ես ձգտել եմ հակամարտության կարգավորման ուղիները փնտրել՝ նայելով
ապագային»: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե՝ «Ադրբեջանը պետք
է համոզի հայերին, որ սպառնալիք չի ստեղծի նրանց համար, որ հակամարտության կարգավորումից
հետո չի վերաբերվի նրանց ինչպես հաղթանակված թշնամու, կհարգի նրանց որպես մարդկանց:
Հայերի մեծամասնությունը ցրված է ամբողջ աշխարհով: Հայաստանում մնացել է շատ քիչ
բնակչություն: Այդ պատճառով նրանց մոտ ստեղծվել է այնպիսի զգացողություն, որ նրանք
թույլ են արտաքին ուժեղ աշխարհի առջեւ: Ադրբեջանը պետք է համոզի հայերին, որ չի ճզմի
նրանց: Այդ տեսակետից շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական գործիչները, Ադրբեջանի խորհրդարանի
անդամները հանդես չգան ատելությամբ: Դիմեք պատմությանը. երկար ժամանակ հայերն ու
ադրբեջանցիները ապրել են խաղաղ պայմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել