ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՎԻՃԱՐԿՎՈՒՄ ԵՆ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի կողմից թիվ 20 ընտրատարածքում
ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Հակոբյանը հունիսի 23-ին բողոք-դիմում
է հղել ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանին, որում խնդրում է անվավեր
ճանաչել նշված ընտրատարածքում անցկացված ընտրությունների արդյունքները։ Թեկնածուն
ի մասնավորի նշում է, որ խախտվել է ԼՂՀ «Ընտրական օրենսգրքի» հոդված 62-ի 6-րդ կետը,
ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նիստի վերջում, ոչ ուշ, քան
12 ժամ հետո հրապարակում է ընտրությունների արդյունքները։ Մինչդեռ Քաշաթաղի շրջանի
Հերիկ համայնքի 20/27 տեղամասի տվյալները՝ կնիքն ու քվեաթերթիկները հունիսի 20-ի
ժամը 14:00-ի դրությամբ դեռ հասցված չէին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Թեկնածուի վստահված անձանց ներկայացրած բողոքներին, ըստ որոնց՝ այդ ուշացումը կեղծիքների
հնարավորություն է ընձեռում, պատասխանել են, թե ուշացումը կապված է եղել տեխնիկական
դժվարությունների հետ։ Բացի այդ՝ վստահված անձինք Շահումյանի շրջանի որոշ տեղամասային
ընտրական հանձնաժողովներում արձանագրել են նաեւ քվեաթերթիկների վերափաթեթավորման
դեպք՝ համարելով դա օրենքի կոպիտ խախտում։ «Ընտրական օրենսգրքի» 9-րդ եւ 12-րդ հոդվածների
համաձայն՝ նախքան ընտրությունների օրը ընտրատեղամասերում պետք է փակցված լինեին ընտրողների
ցուցակները։ Մինչդեռ Դադիվանքի համայնքի 20/5 տեղամասում ընտրացուցակը բացակայել
է անգամ ընտրության օրը։ Նաեւ՝ Շահումյանի Խարխափուտ եւ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքների
տեղամասերում հանձնաժողովների կնիքները դրված են եղել քվեաթերթիկների հակառակ կողմում։
ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանից փորձեցինք իմանալ արդյունքների ամփոփման ուշացման
պատճառը։ Ըստ նրա բացատրության՝ պատճառը Ա. Հակոբյանի վստահված անձի ներկայացրած
դիմում-բողոքն է։ Միաժամանակ նա չժխտեց կազմակերպչական աշխատանքներում ԿԸՀ-ի բացթողումները,
որոնք տեղիք կարող են տալ նման դժգոհությունների։ Թեկնածուի ներկայացված բողոքները
տարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներին մերժվել են, ուստի Ա. Հակոբյանը
դիմել է ԼՂՀ Գերագույն դատարան։ ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ Ստեփանակերտ