Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքէջում տեղադրվել է այն փաստաթուղթը, որը հունիսի 24-ին ստորագրվել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Սրանք համաձայնեցված եզրակացություններ են, որոնք արվել են Ստրասբուրգում հունիսի 23-24-ը Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի իշխանությունների աշխատանքային հանդիպման արդյունքում:
Ըստ այդմ՝ արդեն իսկ 1-ին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծում պետք է արվեն հետեւյալ փոփոխությունները:
Պետք է անկախության երաշխիքներ սահմանվեն Մարդու իրավունքների պաշտպանի համար: Պետք է սահմանվի, որ Պաշտպանը նշանակվելու է խորհրդարանի պատգամավորների ձայների 3/5-ով: Նրա լիազորությունների ժամկետը պետք է սահմանվի 6 տարի:
Համաձայնության են եկել այն սկզբունքի շուրջ, որ Ազգային ժողովը պիտի մասնակցություն ունենա ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող մարմինների նշանակման գործընթացին: Ըստ ամենայնի՝ խոսքը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մասին է: Հայաստանի իշխանությունն, ըստ այս փաստաթղթի, խոստացել է որոշակի առաջարկ ներկայացնել, թե ինչպես է իրագործվելու այս սկզբունքը:
Շատ են համաձայնեցված եզրակացությունները, որոնք վերաբերում են իշխանությունների տարանջատմանը: Նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը պիտի վերանայվի այնպես, որ ներառի երկու սկզբունք՝ նախագահը վայելելու է միայն գործառութային անձեռնմխելիություն, եւ իր պաշտոնավարման ընթացքում նա չի կարող ենթարկվել դատական հետապնդման, բացառությունը պաշտոնանկման՝ իմփիչմենթի հատուկ գործընթացն է: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջաններ կարող են հրավիրվել ոչ միայն նախագահի, այլ նաեւ կառավարության եւ ԱԺ պատգամավորների 1/3-րդի պահանջով:
Հանրապետության նախագահը չի պահպանելու վարչապետին պաշտոնանկելու լիազորությունը: Սա կարող է իրականացվել միայն խորհրդարանի անվստահության քվեի միջոցով: Սահմանափակվելու է նախագահի լիազորությունը՝ արձակել Ազգային ժողովը: Այս գործընթացում պիտի ներգրավվի, ասենք, ԱԺ խոսնակը, կա՛մ կառավարության, կա՛մ պատգամավորների որոշակի տոկոսը: Նախագահը վարչապետին պիտի նշանակի միայն այն դեպքում, եթե վերջինս վայելում է ԱԺ պատգամավորների մեծամասնության վստահությունը: Սակայն նախագահը պիտի իրավունք ունենա խորհրդարանին առաջարկել ցրել կառավարությունը:
Նախագահը պահպանում է լիազորությունը՝ հրավիրել եւ նախագահել կառավարության նիստերը, սակայն եթե այնտեղ քննարկվելու են արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցեր: Կառավարությունն ու նախագահը միասին պիտի իրականացնեն արտաքին քաղաքականությունը:
Առաջարկվել են դատական իշխանության անկախությունն ապահովելու մեխանիզմներ: Դատախազների նշանակումը եւ ազատումը պիտի իրականացվի գլխավոր դատախազի երաշխավորությամբ: Սահմանադրությամբ պիտի սահմանվի, որ նախագահը չի կարող դատավորներ նշանակել կամ ազատել՝ առանց Արդարադատության խորհրդի համապատասխան եզրակացության: Դատավորների նշանակման եւ ազատման ընթացակարգերը պիտի սահմանվեն օրենքով: Արդարադատության խորհրդի նիստերը պիտի ղեկավարի Վճռաբեկ դատարանի նախագահը, սակայն առանց քվեարկելու իրավունքի:
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարմանը՝ Սահմանադրությամբ պիտի ճանաչվի սկզբունքը, որ Երեւանը համայնք է, որի ղեկավարն ընտրվելու է տեղական ինքնակառավարման եվրոպական սկզբունքների համաձայն: Օրենքով պիտի սահմանվեն միայն այս ընտրությունների առանձնահատկությունները: Նախագահն այլեւս չպիտի ունենա իրավունք՝ նշանակել Երեւանի քաղաքապետին:
Այս փաստաթղթով նաեւ սահմանվել են ժամկետները, որոնց ընթացքում պիտի կատարվեն համաձայնեցված սկզբունքներով փոփոխությունները: Տիգրան Թորոսյանը պետք է Վենետիկի հանձնաժողովին ներկայացնի փոփոխությունների վերանայված նախագիծը ոչ ուշ, քան հուլիսի 7-ը: Եվ երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում անպայման պիտի արտացոլված լինեն վերոհիշյալ բոլոր առաջարկները: Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը վերանայված նախագծի շուրջ եզրակացություն է ներկայացնելու Հայաստանի իշխանությանը ոչ ուշ, քան հուլիսի 20-ին: Դրանից հետո մեր իշխանությունները պիտի կատարեն հետագա բարելավումները եւ խորհրդարանին ներկայացնեն վերջնական տեքստը մինչեւ օգոստոսի վերջը: Երրորդ ընթերցումը պետք է որքան գործնականում հնարավոր է՝ շուտ արվի, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվի նախատեսված ժամկետում՝ 2005-ի նոյեմբերին:
… «Զարգացումներն, ըստ իս՝ խոստումնալից են»,- այս ժամանակացույցի մասին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրոմովան, որը 2005-ի ապրիլին է նշանակվել այս պաշտոնում: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք համամի՞տ է այժմ հնչող գնահատականներին, թե այս փոփոխություններից հետո նոր նախագիծն ավելի լավը կլինի, քան 2001-ին մշակվածը, եւ Հայաստանը դրանց շնորհիվ կարող է ժողովրդավարական զարգացումներով առաջինը դառնալ տարածաշրջանում, նույնիսկ ավելին՝ 2006-ին կարող է փորձել Եվրոպայի խորհրդում օրակարգային դարձնել Հայաստանի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու հարցը՝ Բոյանա Ուրոմովան ասաց. «Այս հայտարարությունների մեծ մասն արվել է վերջին շաբաթների ընթացքում: Եվ ես վերջինը կլինեմ այդ շքերթում: Նոր մարդ եմ այս քննարկումներում եւ կցանկանայի, որ այս ամենն ունենար իր բնականոն ընթացքը: Որեւէ մեկնաբանություն չեմ անի, որ կհակասի արտահայտված լավատեսությանը: Եկեք սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ