Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵԹԵՎ,

Հուլիս 02,2005 00:00

ԹԵԹԵՎ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԱՆՏԱՆԵԼԻ ԿՅԱՆՔԸ Այդպիսին է Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» վիպակների ժողովածուն Ինչպես նկատել է բանաստեղծ Ժան Պոլը, գրքերը ծավալուն նամակներ են բարեկամներին: Այսինքն՝ գրականության նպատակը սիրո եւ բարեկամության մասին վարակիչ գրելն է: Իհարկե, գրողը աղոտ է պատկերացնում, թե ովքեր են դառնալու իր բարեկամները, բայց դա խաղը դարձնում է միայն ավելի հետաքրքիր: Բարեկամությունը երկկողմանի է լինում: Գրքի նկատմամբ հետաքրքրության թուլացումը, հավանաբար, նշանակում է, որ մարդիկ այլեւս բարեկամներ չեն փնտրում: Կա՛մ գրողն է համարում, որ իր շուրջը բարեկամներ չկան, կա՛մ հասարակության անդամներն են համոզված, որ գրողները եւ գրականությունը այլեւս իր բարեկամները չեն: Այսինքն՝ կասկածի տակ է դրվում մարդասիրությունը, մարդկային էակին բարեկամ դիտելու կանխակալ գաղափարը: Ավելի ճիշտ՝ խոսքը ոչ թե մեզ շրջապատող մարդկանց մասին է, այլ՝ անծանոթ, հեռավոր մարդկանց մասին: Գիրքը փնտրում է անծանոթ ընթերցողին, ով պետք է ներգրավվի բարեկամական շրջանակի մեջ: Լեզվով նույնական մարդկանց իրար բարեկամ է դարձնում ազգային գրականությունը: Ազգը հենց այդպես է ձեւավորվում՝ որպես Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի կամ Ե. Չարենցի գրքերի բարեկամների հավաքականություն: Այդ գրքերը հրավիրատոմս են եղել մտնելու «հայ ժողովուրդ» ընկերակցության մեջ: Կարելի է ասել, որ ազգի գաղափարի հիմքում ընկած է պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ ազգային գրականության մի զգալի մասը կոչ էր զինվորագրվելու ազգային-ազատագրական շարժմանը, հետեւաբար՝ պարտադիր էր ազգային դասականների ընթերցանությունը: Ուսուցչի պարտադրանքը երիտասարդին՝ կարդալ ազգային դասականներին, ավելի մեծ իշխանություն էր, քան սպայի իշխանությունը՝ նորակոչիկի վրա: Համենայնդեպս, սպան ծնող չէր կանչում: Մենք ապրում ենք այլ դարաշրջանում, երբ գրքի իշխանությունը բացարձակ չէ: Մենք ապրում ենք հետ-գրական, հետ-մարդասիրական դարաշրջանում, ավելի ճշգրիտ՝ հետ-արդիական պոստմոդեռնիստական հասարակությունում: Բայց դա չի նշանակում, որ հումանիզմի կոչը նվազ անհրաժեշտ է դարձել: Հետ-գրական դարաշրջանում դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ գիրք խորհուրդ կտաս կարդալու: Ես հանգիստ խղճով իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» վիպակների ժողովածուն: Չնայած այդ խորհուրդը ինչ-որ իմաստով ավելորդ է: Նրա առաջին վեպի՝ «Սողանքի» ողջ տպաքանակը սպառվեց: Մի երկրում, ուր գրական-գեղարվեստական սպառված գրքերի քանակը մեկ տասնյակի չի հասնում, դա անշուշտ նշանային ցուցանիշ է: «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը նույն հաջողությունը ունեցավ, իսկ «Փախուստ ավետյաց երկրից» վիպակը ձեռքից ձեռք էր անցնում: Լուրջ գրականության՝ արդիական վեպի, պատմավեպի կամ անտիուտոպիայի համար դա շատ անսպասելի էր: Գաղտնիքը անշուշտ հեղինակի ընտրած ռազմավարության մեջ է. զուգակցել արտաքին, հետաքրքրաշարժ սյուժետային գիծը ներքին գեղագիտական բարդ կազմակերպվածության հետ, որը հատուկ է պոստմոդեռնիստական գրականությանը: Արդիական ռազմավարությունը թույլ տվեց լավագույնս հետազոտել արդի իրականությունը: Պոստմոդեռնիզմը, ինչպես իր օրինակով ցույց տվեց Վահրամը, դատարկ, ձեւական հնարքների համակարգ չէ, որին հետեւելով կարող ես արդիական արվեստագետի կամ գրողի տպավորություն ստեղծել: Դրանք այն կոորդինատներն են, ուր այսօր գտնվում է ընթերցողը: Մարդու համար պայքարը տեղի է ունենում ԶԼՄ-ների դեմ պայքարում եւ նրանց տարածքում: Այստեղից ժամանակակից՝ պոստմոդեռնիստական գրականության երկակի բնույթը: Այն աշխատում է զանգվածային ժանրերում՝ աշխատելով այդ ժանրերի դեմ: «Շարժունություն» վիպակում Սորոսի հիմնադրամը հերոսին մերժում է Մոնղոլիա գնալու դրամաշնորհ տալ: Հերոսը, որը գրող է, երեւակայության ուժով ստեղծում է այդ ուղեւ որության պատմությունը: Մի քանի փաստեր Մոնղոլիայի մասին, մի քանի ալյուզիաներ զանգվածային մշակույթից, քաղաքական կոնտեքստ՝ եւ կարելի է եփել «գրականություն» հորջորջվող համադամ կերակուրը: Մենք գրականության խոհանոցում ենք: Հեղինակը անուղղակի հեգնում է նրանց, ովքեր առասպելականացնում են գրականության ստեղծման ընթացքը, աստվածաբանական ոգի հաղորդում: Վահրամի գրականության ոգին աշխարհիկ է: Հեղինակային շեղում-անկեղծացումների արդյունքում ընթերցողը պարզում է, որ երեւակայական ճանապարհորդությունը դեպի Մոնղոլիա՝ անձնական խնդիրներից փախուստի ձեւ է, իսկ հետապնդումները՝ հալածող, մտատանջող մտքերի փոխաբերություն, վրա հասած ռազմական աղետը՝ սուբյեկտի՝ հեղինակի «իրականության» հետ հանդիպումը: Վիպակի անլուրջ տոնին, այն թրիլլերի պարոդիա է, հակադրված է ներքին սյուժետի լրջությունը եւ նույնիսկ ողբերգական երանգը: Այսինքն՝ պատերազմական բռնությանը, ԶԼՄ-ների ապամարդկայնացնող կարծրատիպերին հակադրված է անձնական-մարդկայինը: Ավելի խորը, ավելի լուրջ եւ ավելի դրամատիկական է «ինքն իր հետ հանդիպելու» հարցը դրված «Եվրոպական պատմություն»-ում: Վիպակի հերոսին ուղեկցում է տագնապի զգացումը՝ տագնապ սեփական ցանկությունների հանդեպ, որը դրդում է խուսափել հանդիպել իր ցանկության հետ: Տագնապի եւ մտատանջության իրադրությունում նա անկարող է կողմնորոշվել եւ փորձում է իր գործողությունները կարգավորել «իմ տեղում ինչպե՞ս կվարվեր մեկ ուրիշը» հարցով: Հայ հերոսը իր իտալուհի սիրեցյալից նամակ է ստանում, որի ձեռագրի վերծանությունը կարծես դառնում է սեփական ցանկության վերծանությունը: Վիպակում շատ են կապի միջոցների՝ ինտերնետի, հեռախոսի հիշատակումները: Հերոսը ավելի շատ տեղեկատվություն է ստանում, քան պետք է որոշում ընդունելու համար: Տեղեկատվական միջոցները հերոսի՝ իր ցանկությունները չհասկանալու, խճճվելու փոխաբերությունն են: Սիրելը, անշուշտ, այնքան ինքնաբուխ չէ, որքան մենք պատկերացնում ենք: «Հիմար մարդը» վիպակի հերոսը, ինչպես թումանյանական հեքիաթի հերոսը, ուղեւորվում է Աստծո մոտ երջանկություն խնդրելու: Իսկապե՞ս հիմար է «հիմար» մարդը: Գուցե նա պարզապես հասկանում էր, որ ո՛չ հարստությունը, ո՛չ կինը եւ ընտանեկան երջանկությունը ցանկության իրականը չեն: Եթե ցանկության մեջ տեսնենք նպատակը եւ խնդիրը, ապա ցանկության նպատակը ցանկության կատարումը չէ: Ամեն անգամ մոտենալով նպատակին՝ մենք տեսնում ենք, որ այն հորիզոնի գծի նման հեռացել է եւ դարձել անհասանելի: Ցանկության իմաստը նրա խնդիրն է, այն քայլերը, որ մենք կատարում ենք մեր ցանկությունը իրականացնելու ճանապարհին: Ցանկությունը հենց նրանով է տարբերվում պահանջմունքից, որ չգիտի իր նպատակը: Հիմար մարդու ցանկությունների կատարումը ցանկության ոլորաններով դեգերելն է: Բայց հեքիաթի հերոսը ոչինչ չի անում ցանկության ուղիով գնալու համար: Նա չափից ավելի ագահ է, որպեսզի հարստությունը կամ ընտանեկան երջանկությունը դարձնի նպատակ: Աստված, որ «ամեն ինչ է», վիպակում սովորական էակ է: Կարծես մեզ հուշում են, որ այս աշխարհն է «ամեն ինչ»: Ավելին կամ «ամենը» ցանկանալը ժամանակի շավիղից դուրս գալն է, հայտնվելը մահից անդին տարածվող տարածքում: Հերոսը ցանկանում է «ամենը»: Աստված ծաղրում է հերոսին, որ «ամենը»՝ երջանկություն ցանկանալը պատանեկական ցանկություն է: Հերոսը համառ է, ցանկության ուղիով գնում է մինչեւ վերջ. նրա ցանկությունը մանկական է՝ տեսնել մահացած մորը: Դա ցանկության սկիզբն է, հիմքը եւ իմաստը՝ մանկության վերադարձը: «Բվերը» վիպակում պատմությունը հերոսի ընտանիք է ներխուժում խորհրդային քաղբյուրոյի տեսքով: Պատմությունը սարսափելի եւ անմարդկային ուժ է: Այն խանգարում է Բրեժնեւի եւ Քնարիկի սիրավեպի կայացմանը: Այդ ուժը մի պահ զավթում է հերոսին, եւ քիչ է մնում ինքն էլ դաժան, անմարդկային լինի մեկ ուրիշի՝ ճաշարանի վարիչի հետ: Պատմության ներկայությունը հերոսները զգում են կուսակցական սկզբունքների ճնշումի տեսքով: Կարծես մեզ ուզում են ասել, որ լավ կլինի, եթե պատմությունը ավարտվի: Հեղինակը հեգնանքով է վերաբերվում վերացական բարոյական սկզբունքներին. չարիք չգործելու, բարոյական լինելու համար հարկավոր է հակադրվել ուրիշների պարտադրանքին, պատասխանատվությունը վերցնել քեզ վրա: Վահրամի բոլոր հերոսներն էլ այդպիսին են. վերացական բարոյական սկզբունքների փոխարեն նախընտրում են էթիկական տակտը: Վահրամ Մարտիրոսյանը հրաշալի մի գիրք է գրել, թեթեւ՝ ինչպես մեր անտանելի կյանքը: ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել