Աֆրիկյան զուգահեռներ Սեւ մայրցամաքին պետք չէ վերեւից նայել Հայերիս համար Աֆրիկան կամ աֆրիկյան պետությունների անունները (Զաիր, Կոնգո, Ալժիր եւ այլն) գրեթե հետամնացության հոմանիշներ են: Այդպես են մտածում մեր քաղաքացիները, այդպիսին է մեր էլիտայի լեզվամտածողությունը: Հաճախ մեզ ավելի ընդունելի է համեմատվել հարեւան թուրքերի, պարսիկների կամ միջինասիական ժողովուրդների, քան, ասենք, նիգերիացիների հետ: Եվ եթե մեր մտածողության /սնապարծության/ պատճառը մեր անցյալն է, առաջարկում եմ համեմատություն անցկացնել ժամանակակից Հայաստանի եւ աֆրիկյան պետությունների ժամանակակից պատմության միջեւ: Վերելք. 1960 թվականին աֆրիկյան 16 պետություն ձեռք բերեց անկախություն: Ազգային ինքնագիտակցության վերելքը Աֆրիկայում սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի տարի հետո, իսկ արդեն 50-ականներին աֆրիկյան գրեթե բոլոր պետություններում ձեւավորվեցին ազգայնական-ազատագրական շարժումներ, որոնց հիմնական նպատակներն էին՝ պայքար ապագաղութացման համար, անկախացում գաղութարար պետություններից /Արեւմուտք/, ազգային ինքնիշխան պետությունների ձեւավորում, միջազգային ճանաչում եւ միջազգային ինստիտուտներում լիարժեք ներկայացուցչություն: Եթե մի կողմ դնենք «հողային պահանջները», ապա 1990-ականներին մենք գրեթե կրկնեցինք 1960-ականների աֆրիկացիներին: Անկում. Համաձայն ամերիկացի սոցիոլոգ Էմանուիլ Վալերշտայնի, նախքան անկախության հռչակումը՝ աֆրիկյան հասարակությունը լի էր լավատեսությամբ եւ սեփական ուժերի նկատմամբ հավատով: Շատ չանցած՝ ազգային շարժումների լիդերները կազմավորեցին ազգային կառավարություններ: Աֆրիկան դարձավ ինքնուրույն եւ անկախ: Ընդամենը մի քանի տարի հետո կոռուպցիան, ազգամիջյան թշնամանքը, ռասիզմը, ամենաթողությունը, ձախողված տնտեսական քաղաքականությունը, մոնոպոլիաները, կլանային համակարգը սկսեցին ձեւավորել աֆրիկյան նոր իրականությունը: 1960-ականների էնտուզիազմին եւ գաղափարական վերելքին փոխարինեցին տարեցտարի խորացող բեւեռացումը, պեսիմիզմը եւ հոգեւոր նիհիլիզմը: Ինչպես կարելի է նկատել, ազգային զարթոնքի եւ դրան հաջորդած հոգեւոր, սոցիալական նիհիլիզմի ու բեւեռացման զարգացումներով էլ մենք գրեթե կրկնում ենք 1960-85-ականների աֆրիկացիներին: Ճգնաժամ. Սոցիալ-տնտեսական քաղաքականության ձախողումը աֆրիկյան հասարակության մեջ խորացրեց անվստահությունն ու ատելությունը թե՛ անկախության գաղափարների, թե՛ այդ գաղափարները կրող ազգային-ազատագրական շարժումների ու նրանց առաջնորդների նկատմամբ: Աճեցին ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը, արդյունքում՝ աֆրիկյան ազգային-ազատագրական շարժումները չկարողացան վերաձեւակերպվել անկախ պետությունների քաղաքական համակարգի կենսունակ միավորների: Անկախությունից հետո այս շարժումները փլուզվեցին, իսկ այլ քաղաքական ուժեր չկարողացան լցնել ձեւավորված վակուումը եւ մոբիլիզացնել հասարակական գիտակցությունը: Այսօր Աֆրիկան ապրում է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական-համակարգային ճգնաժամ: Վերջաբան. Աշխարհի 16 աղքատ երկրների շարքում մեզ ընդգրկելը («Հազարամյակի մարտահրավերներ», ԱՄՆ) եւ օգնությունը, որ տարբեր խողովակներով տալիս է մեզ քաղաքակիրթ աշխարհը, թույլ է տալիս ենթադրել, որ մենք դեռեւս ունենք շանսեր չկրկնելու աֆրիկյան պետությունների ֆիասկոն: Կգիտակցի՞ արդյոք այս ամենը մեր քաղաքական էլիտան եւ կդադարի՞ վերեւից նայել աֆրիկացիներին՝ դժվար է ասել: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ