Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆԺ»-Ն

Հուլիս 02,2005 00:00

«ՆԺ»-Ն ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ Եվ չի հասկանում խորհրդարանական ընդդիմությանը Նախորդ օրը «Հայլուր» լրատվական ծրագիրը տեղեկատվություն էր հեռարձակել, որ իբր «Նոր ժամանակներ» կուսակցության քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանն ԱՄՆ-ում առնչվել է թմրաբիզնեսի հետ: Երեկ Արամ Կարապետյանն «Առավոտին» փոխանցեց, որ իրեն վաղօրոք հայտնի էր իր շրջապատից տասը անձանց «վրա սարքվող» գործերի մասին: Նախապես պարոն Կարապետյանն այդ առիթով հայտարարություն չէր արել՝ «իրենց պլանները չխառնելու համար»: Էդ. Գրիգորյանի «գործով» կուսակցությունը պաշտոնապես դիմելու է ԱՄՆ կառավարությանը՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, որից հետո միայն պաշտոնական հայտարարությամբ եւ դատական կարգով կպահանջեն հիշյալ ապատեղեկատվության հերքումը: Ըստ «ՆԺ» ղեկավարի, մոտ օրերս ունկնդիր կլինենք իր կուսակիցներից եւս երկուսի մասին «բացահայտումներին»: Առայժմ Ա. Կարապետյանը ծիծաղելի է համարում այդ կարգով կուսակցության գործունեությունը խոչընդոտելը. «Նման գործելակերպով իշխանությունները միայն բարձրացնում են ՆԺԿ ակտիվիստների վճռականությունը՝ վարչախմբի դեմ ուղղված համաժողովրդական պայքարում»: Ի դեպ, կուսակցության՝ հեղափոխությանն ընդառաջ հերթական հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 14-ին, Գայի արձանին հարող տարածքում: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների վերջին մի քանի շաբաթների զարգացումներին, Արամ Կարապետյանն ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ասաց. «Ես հասկանում եմ իշխանությունների պահվածքը, որ ընդառաջ են գնում վենետիկցիների առաջարկներին: Պարզապես չեն ցանկանում իրենց գործելաոճով հեղափոխական պահ ստեղծել: Խորհրդարանական ընդդիմությանը մի քիչ դժվար եմ հասկանում: Բացի Եվրախորհրդի հորդորից, այլ բան չեմ տեսնում… Անկախ նրանից, թե իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի առաջարկները կընդունեին, թե ոչ, ես մնում եմ այն կարծիքին, որ Սահմանադրությունը համաժողովրդական լայն քննարկումներ պիտի անցներ, ժողովուրդը պետք է վստահություն ունենա, որ այն կիրառվելու է, ոչ ոք երբեք չի խախտելու: Այդ դեպքում միայն շահագրգռություն կլիներ նորմալ Սահմանադրություն ունենալու: Իսկ հիմա ինչի՞ մասին է խոսքը, ինչ էլ ընդունեն՝ կիրառելն անհնար է, ապատիայի մեջ են: Գործող Սահմանադրությունն էլ որ կարդում ես՝ վատը չի, բայց դրա չկիրառելը այս վիճակին հասցրեց: Խորհրդարանական ընդդիմության գործողությունների տրամաբանությունն անհասկանալի է: Եթե գնում են Սահմանադրությունը լավը դարձնելու համար, ապա ինչո՞ւ չէին գնում մյուս օրենքներն էլ լավը դարձնեին: Ո՞րն էր բոյկոտի իմաստը: Վենետիկի թեզերից ու ԵԽ-ի դիմումից հետո բոլորն ասում են՝ լավն է: Ի՞նչն է լավը: Վենետիկը չի ապրելու, մենք ենք ապրելու»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել