Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անտեր շենք՝ էլիտար թաղամասում

Հուլիս 02,2005 00:00

Անտեր շենք՝ էլիտար թաղամասում Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 շենքը 25 տարի առաջ դուրս է եկել «Կանազ» գործարանի հաշվեկշռից եւ մնացել «անհաշվեկշիռ»: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ եռահարկ վթարային այս շենքը նախկինում եղել է «Կանազ» գործարանի հանրակացարանը: 1980 թվականին գործարանն այն իրացրել է եւ հիմնական բնակիչներին վերաբնակեցրել: Եվ չնայած կառույցը դուրս է եկել «Կանազի» հաշվեկշռից, բայց չի քանդվել: Իրացված լինելու պատճառով հանրակացարանը չի ընդգրկվել Արաբկիր համայնքի հաշվեկշռում: Ժամանակի ընթացքում շենքը զբաղեցրել են անօթեւան մարդիկ, փախստական ընտանիքներ, որոնց թվում այսօր անչափահաս երեխաներ, թոշակառուներ էլ կան: Բացի այն, որ շենքում ապրելու համար վտանգավոր պայմաններ են, հանրակացարանում բնակվող 15 ընտանիքի միակ շքեղությունը էլեկտրաէներգիան է: Հակասանիտարական ու անմարդկային պայմաններով զուգարան-լոգարանն ընդհանուր է, հեռախոսակապ չկա, շենքին ջուր մատակարարող խողովակի վնասվելու հետեւանքով էլ շուրջ տասը տարի բնակարանները ջուր չի հասնում՝ արդեն քանի տարի է՝ բնակիչները բակի ցայտաղբյուրի «բաժանորդն» են: «Ամառ-ձմեռ դույլերով ջուր ենք կրում»,- «Առավոտին» բողոքեցին նրանք: Նրանցից մեկի՝ Լենա Ավետիսյանի խոսքերով, բնակության վայրում իրենց չեն գրանցում, քանի որ բնակիչների կարգավիճակն անհայտ է: Վերջին ամիսներին էլ թաղապետարանը հրաժարվել է տեղեկանք տրամադրել՝ «երեսով է տվել», թե ապօրինի են բնակվում: Տարիների ընթացքում հանրակացարանի երկաթբետոնե կոնստրուկցիաները քայքայվել, մաշվել են, ինչի հետեւանքով արտաքինից էլ նկատելի է, որ շենքը դեֆորմացվել է եւ վթարային վիճակում է: Դրան գումարած՝ բնակիչներն իրենց բնակարաններ հասնելու համար օգտվում են կիսախարխուլ փայտե աստիճաններից: Շենքի առաջին հարկում, որտեղ եւս հակասանիտարական պայմաններ էին, գործում է խմորեղենի արտադրամաս: Շենքի ընտանիքները մի քանի անգամ դիմել են համայնքի թաղապետարան եւ կարգավիճակ խնդրել, սակայն ստացել են փոխթաղապետ Էդիկ Մուշեղյանի «ձեր խնդրանքը բավարարել չենք կարող, ձեզ բազմիցս առաջարկվել է ազատել ապօրինի զբաղեցրած, բնակության համար վտանգավոր կացարանները, սակայն թաղապետարանի պահանջը մինչ օրս չեք կատարել» անպտուղ պատասխանը: Տարօրինակ է, որ մայրաքաղաքի էլիտար թաղամասերից մեկում գտնվող այս շենքը մինչեւ հիմա չի գրավել բնակարանաշինությամբ զբաղվող որեւէ մեկի ուշադրությունը: Թեպետ բնակիչները դրան ահուդողով են սպասում, որովհետեւ համոզված են, որ «շենքը կառնեն ու մեզ փողոցում կթողնեն»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել