ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ «ՊԱՀԱՆՋԱՏԵՐ» Է Ե. Աբգարյանի կասկածները փարատում է Շ. Քոչարյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադառնալով՝ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր եւ իշխանական թեւերի ներկայացուցիչներ Շավարշ Քոչարյանն ու Տիգրան Թորոսյանը համատեղ ասուլիսում միաձայն հայտարարեցին, որ ժողովրդավարացումը Հայաստանի համար միակ ճիշտ ուղին է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պարտավոր են միասնական լինել սահմանադրական փոփոխությունների գործընթացում, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան Սահմանադրությունը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս եզակի համակարծությունը՝ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը մի քանի դիտարկումներ արեց: Մասնավորապես, ըստ մեր զրուցակցի, ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր հայտարարել են խորհրդարան վերադառնալու պատրաստակամության մասին, մոռացել են իրենց գլխավոր հարցադրումը՝ որ Հայաստանում խախտվել է սահմանադրական կարգը: Հիշեցնենք, որ առայժմ միայն «Ազգային միաբանություն» կուսակցությունն է խորհրդարան վերադառնալու պատրաստակամություն հայտնել: «Արդարություն» դաշինքը դեռեւս համբերությամբ զինված սպասում է, թե երբ սահմանադրական բարեփոխումները երկրորդ ընթերցմամբ կհանձնվեն խորհրդարանի դատին: Եթե իրենց առաջարկները ներառված լինեն՝ «Արդարությունը» եւս կմասնակցի քննարկումներին: Հաջորդը, որ փաստում է Ե. Աբգարյանը՝ ընդունելով Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը (նկատի ունի Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներին ընդառաջ գնալը- Ն. Գ.), ընդդիմադիրները մերժում են նախկինում արած իրենց բոլոր այն հայտարարությունները, որ 2003-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կոպիտ խախտումներով ու կեղծիքներով են ընթացել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ իր լիազորությունները մեծացնելու «անհաջող փորձերից» հետո, տրամաբանական քայլը մեր զրուցակիցը այսպես է պատկերացնում. «Նա սովոր է օրենքներ խախտելու, Սահմանադրություն ոտատակ տալու, թող լինի նոր Սահմանադրություն՝ ամենագեղեցիկ բառակապակցություններով, ձեւակերպումներով… ի՞նչը պիտի խանգարի այն պերմանենտ խախտելու: Ի վերջո, Սահմանադրությունը կարող է շատ լավը լինել, բայց դրանից բխող օրենքներն ու ակտերը միանգամայն այլ բան ամրագրեն»,- ասում է Երջանիկ Աբգարյանը: «Առավոտի» հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր թեւը ներկայացնող Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ իրենց կողմից նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ երկրում սահմանադրական կարգի խախտման, ընտրությունների ժամանակ եւ հետո տեղի ունեցած խախտումների եւ այլնի մասին, մնում են ուժի մեջ: Իսկ ի՞նչ երաշխիքներ, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան՝ Սահմանադրությունը չի խախտվի: «Խնդիրն այն է, որ գործող Սահմանադրությունն ինքը նպաստում է, որ պաշտոնյաներն այն անպատիժ խախտեն: Ենթադրվող փոփոխությունները հենց ուղղված են այդպիսի անպատժելիության դեմ: Արդեն իշխանություն ասելով, մենք մեկ կենտրոնի մասին չենք խոսի, կունենանք անկախ դատական համակարգ, իսկ պատժողը դատարանն է»,- հույս հայտնեց պարոն Քոչարյանը: «Նկատի ունենալով մեր իրականությունը, արդյո՞ք նման սպասումները կարող են իրատեսական լինել» հարցին Շ. Քոչարյանն արձագանքեց. «Իրականությունը բխում է նաեւ գործող բարքերից եւ Սահմանադրությունից»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ