Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾՎՈՒՄ

Հուլիս 02,2005 00:00

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ՖՈՐՊՈՍՏԸ» ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Ադրբեջանում այլեւս ամիսների հարց է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի կառավարությունները 2005թ. ապրիլի 12-ին պայմանավորվել են ադրբեջանական տարածքում ամերիկյան զինված ուժերի եւ բազաների տեղաբաշխման մասին: Այդ ուժերի ներդրումը կսկսվի այս տարվա մեջ: Այս հարցում Վաշինգթոնի եւ Բաքվի վերջնական համաձայնությունը ձեռք բերվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջանի մայրաքաղաք կատարած «անաղմուկ» այցի ժամանակ: ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ուժերը ձեւականորեն կկոչվեն «Ժամանակավորապես տեղակայված շարժական ուժեր», սակայն նրանց ներկայությունը երկարատեւ բնույթ կկրի, այդ թվում նաեւ այն պատճառով, որ Կենտրոնական Ասիայի թալիբներին դիմակայող ԱՄՆ-ի բազաների արդյունավետությունն ակնառու իջել է: Ամերիկյան առաջին զորամասերը Ադրբեջան կհասնեն մոտակա շաբաթների ընթացքում: «Եթե տվյալ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա կբերի ամերիկյան ռազմական հսկողության լուրջ ուժեղացման՝ Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների վրա»,- պնդում են փորձագետները: Համաձայնությանը համապատասխան՝ ամերիկյան զորքերը տեղաբաշխվելու են ըստ 3 բազաների՝ Քուրդամիր (հիմնական բազա), Նասոսնայա եւ Գույուլահ: Դրանք բոլորը նախկին խորհրդային ռազմակայաններ են: Պենտագոնն այս տարածաշրջանում որդեգրել է փոքր բազաների տեղաշարժման «փափուկ սպիտակ բարձ» («Lily pad») ռազմավարությունը. կախված խնդրից՝ զորամիավորումները կարող են շատ արագ վերաբաշխվել: Ադրբեջանում նոր բազաները փոքր կլինեն: ԱՄՆ-ի նախատեսվող ռազմական մուտքն անսպասելի չէր: Տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի ճնշումը համընկավ Բաքվի՝ Վաշինգթոնին հարմարվելու պատրաստակամության հետ: Որոշ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկմտում էր՝ վախենալով Մոսկվայի փոխազդեցությունից: Սակայն 2005-ի ապրիլի 4-ին ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը ուղղակիորեն հայտարարեց, որ ադրբեջանական ռեժիմը պետք է «առաջընթաց քայլեր անի», եթե չի ուզում վկա դառնալ Արեւմուտքի կողմից հավանություն ստացած «թավշյա հեղափոխություններին»: Այդ սպառնալիքը, հավանաբար, վերջնականապես «կանաչ լույս» բացեց ամերիկյան բազաների համար: Ադրբեջանում ԱՄՆ-ի զինված ուժերը հոգալու են ռազմավարական նշանակության որոշ խնդիրներ, որոնց Բուշի ադմինիստրացիան մեծ կարեւորություն է տալիս: Դրանց թվում է Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղի ռազմավարական հովանավորությունն ու պաշտպանությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն իրականացնում է «Կասպյան պահակախմբերի» պատրաստում, որոնք կազմված կլինեն նավթամուղերի պաշտպանության հիմնական խնդիրն իրականացնող տեղական զինծառայողներից: «Կասպյան պահակախմբեր» ստեղծելու նպատակով՝ ռազմական հրահանգիչներ եւ քաղաքացիական մասնագետներ արդեն մի քանի ամիս «անաղմուկ» աշխատում են Ադրբեջանում: Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի զինված ուժերի կարեւոր ռազմավարական այլ առաքելությունների շարքում պետք է առանձնացնել. ա/ Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման գործընթացի ավարտ, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ին պլացդարմ ստեղծել՝ մեր հարեւանների վրա հարձակվելու համար, բ/ էներգառեսուրսների եւ ռազմավարական միջանցքի ապահովում Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա՝ այդ թվում՝ զորամիավորումներ եւ տեխնիկա տեղափոխելու համար, գ/ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նոր լծակների ստեղծում՝ Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով անկայուն Հյուսիսային Կովկասի անմիջական հարեւանությամբ, դ/ տարածաշրջանում պրոամերիկյան կառավարություններին պաշտպանություն եւ հակազդեցություն ռուսամետ Հայաստանին, ե/ միջազգային իսլամական ակտիվիստների դեմ պայքար: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել