Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՐՈՇԵԼ

Հուլիս 02,2005 00:00

«ՈՐՈՇԵԼ ԵՆՔ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ» «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»: Զրույցին մասնակցում էր նաեւ ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: – Պարոն Վենդե, 3 տարի է՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինյան ընկերությունը: Այս ընթացքում ի՞նչ ներդրումներ, աշխատանքներ են կատարվել եւ որո՞նք են դրանց արդյունքները: – Բոլորն էլ կարող են արդյունքները տեսնել: Օդանավակայանում ամենակարեւորը անվտանգությունն է: Առաջին բանը, որ սկսեցինք վերանորոգել՝ թռիչքուղին էր: Արեւմտյան ընկերություններն արդեն պատրաստ էին դադարեցնել իրենց գործունեությունը, որովհետեւ թռիչքուղին շատ վատ վիճակում էր: Ահա թե ինչու մենք սկսեցինք հենց դրանից: Սրանից հետո կազմվեց պլանը, նախագիծը, ինչը ժամանակ խլեց, որովհետեւ օդանավակայանը տեխնիկական սպասարկում չէր ունեցել մոտ 10 տարի: Հետո հետաքրքրվեցինք, թե ինչ կարիքներ ունեն ուղեւորները: Սկսեցինք վերանորոգել, պատրաստել զուգարանները, լավ ծառայություններ մատուցել: Այնուհետեւ սկսվեցին հին ուղեւորային համալիրի վերանորոգման աշխատանքները: Բարելավեցինք հաշվառման ծառայությունը (check-in), ավելացրինք սեղանիկներ, որ հնարավոր լինի շատ ուղեւորներ ուղարկել, ուղեւորների համար հարմար լինի: Արագացրել ենք ուղեբեռի ստացման ընթացքը: Բերվեցին վերգետնյա սպասարկման նոր սարքավորումներ, որոնց վրա մոտ $3 միլիոն է ծախսվել: Հիմա մենք բողոքներ չենք ստանում ոչ ուղեւորներից, ոչ ավիաընկերություններից: Պետք է նշենք, որ մենք չենք իրականացնում «Արմավիայի» ծառայությունները: Իրենք են իրենցը իրականացնում: Մենք նաեւ հիմա հաշվառման համակարգի համար կիրառում ենք նոր տեխնոլոգիաներ: Ուղեւորները ստանում են նստեցման կտրոն (boarding card): Ցանկանում ենք կիրառել ինֆորմացիոն ծառայություններ մեկնում-ժամանումների մասին: Անցյալ տարի կառուցեցինք նոր անվտանգության կենտրոնը, նույնպես մեծ ներդրում էր՝ տեխնոլոգիայի վերջին խոսքով հագեցած, տեղադրված է 90 տեսախցիկ, որոնք արձանագրում են այն ամենը, ինչ կատարվում է օդանավակայանում: Պետք է նոր ենթակայան կառուցենք: Դա ավելի քան մեկ միլիոն դոլարի ներդրում է: Միլիոններ են սրանց վրա ծախսվում, որոնք դրսից չեն երեւում: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ մեր աշխատողների ուսուցմանը: Իհարկե, մեք գիտենք, որ դեռ շատ բաներ կան անելու: Ահա թե ինչու Խուան Պաբլոն օրական 24 ժամ այստեղ է անցկացնում: Ես այստեղ եմ տարվա կեսից ավելին: Արդեն սկսել ենք նոր ուղեւորային համալիրի շինարարությունը եւ կարծում ենք, որ դա կլինի բոլոր հայերի հպարտության առարկան: Սա պարոն Էռնեկյանի ցանկությունն է: – Կոնցեսիոն պայմանագիրը կնքելով եւ մի շարք բացառիկ իրավունքներ տրամադրելով՝ կառավարությունը ակնկալել է արդյունքում ոչ թե կոնկրետ ներդրված գումարի քանակ, այլ միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան: Այսօր, 3 տարի անց ո՞ր կարգի օդանավակայան է «Զվարթնոցը»: – Մեր օդանավակայանը տարածաշրջանում լավագույն վիճակում է գտնվում: Մենք այսօր IATA-ի չափանիշներով C-ի D-ի մեջտեղն ենք (դասակարգում վերջին երկուսն են-Ա. Ու.), բայց մեր նոր համալիրով կլինենք B կատեգորիայում (իրականում, մեր հավաստի աղբյուրի տեղեկացմամբ, օդանավակայանի ներկայացրած մաստեր-պլանով հստակ երեւում է, որ դա համապատասխանելու է C կարգին, սակայն որեւէ հստակ խոստում, թիվ, տվյալ, թե օդանավակայանը ավելի բարձր՝ B կարգի է լինելու, պարզապես գոյություն չունի-Ա. Ու.): Հին ուղեւորային համալիրով չենք կարող այդ կատեգորիան զարգացնել: Նոր ուղեւորային համալիրում մենք կունենանք ավելի լավ ծառայություններ եւ ավելի լավ որակ: Նաեւ կարեւոր է նշել, որ հին ուղեւորային համալիրը կառուցվել է ներքին ուղեւորափոխադրումների համար: – Սակայն երբ կարգերը շնորհվում են, ոչ թե միայն շենքի որակից կամ հարմարություններից ելնելով են շնորհում, այլ նաեւ մատուցվող ծառայությունների որակով, տեսականիով, քանակով, ինչով «Զվարթնոցը», մեղմ ասած, չի փայլում: – Շատ չափանիշներ կան, որոնք կարող են կիրառվել ուղեւորների քանակով, քառակուսի մետրով որոշված, տարբեր չափանիշներով: Բայց «Զվարթնոցի» շենքը ամենեւին չի կարող այդ պահանջները բավարարել: Այդ միեւնույն շենքում սահմանապահ եւ մաքսային ծառայությունները ավելացան, դրա համար այսօր անհարմար է: Նոր համալիրում նախատեսված է ամեն ծառայության համար իր տեղը, որ քառակուսիով (տարածքով) ամեն ուղեւորին լավ լինի: – Ուրեմն, ձեր կարծիքով համապատասխանո՞ւմ է C կարգին այն, որ 40 րոպեի ընթացքում օդանավակայան է ժամանում 3 հատ 300 հոգանոց ինքնաթիռ, եւ ընդամենը 4 անցագրային կետով են սպասարկում ժամանողներին, մարդիկ հերթում երկար չեն դիմանում, իսկ բեռների ստացման կետում 5 շարքանոց հերթ է գոյանում: – Արգենտինայում մենք ունենք մեծ թիմ, որը աշխատում է օդանավակայանի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Եվ այս թիմն այստեղից ինֆորմացիա է ստանում, թե ինչքան ուղեւոր, օդանավ է գալիս, ինչ տեսակի ինքնաթիռ եւ այլն: Եվ այդ տեղեկատվությունը հաշվի առնելով զարգացվում է օդանավակայանը, մշակվում զարգացման հայեցակարգը: Պլանավորում ենք «պիկ» ժամերին ունենալ շատ ավելի ուղեւորներ, օդանավեր: Իհարկե, հնարավոր է, որ լինեն նաեւ հերթեր: Նորմալ է, եթե օդանավակայանում 1000 ուղեւոր է սպասում, բայց սպասելու ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճացվի: – Խոսքը նաեւ արագ, կարգուկանոնով սպասարկման մասին է: Իմ նկարագրածը համապատասխանո՞ւմ է C կամ D կարգին: – Այո: – Աշխարհի որեւէ C կարգի օդանավակայանում պատահո՞ւմ է, որ իրենց ուղեբեռը ստանալու կամ անձնագրային ստուգում անցնելու համար այդքան ճզմվեն հերթերում: – Ժամանման սրահի հարցը շատ բարդ է: Այդտեղ տեղ չկա, որպեսզի մարդիկ սպասեն, մինչեւ ժապավենով իրենց ուղեբեռը կգա: Եվ մենք երկար ժամանակ մտածում էինք՝ ինչպես կարող ենք լուծել այդ պրոբլեմը: Բայց լուծել այդ խնդիրը ներդրումների մեջ՝ շատ դժվար է: Ահա թե ինչու որոշեցինք ավելի արագացնել նոր համալիրի կառուցումը: Եվ ցանկացած փոփոխություն, որ կատարենք հին համալիրում, չի լինի այն որակի, որ ցանկալի է: Հնարավոր է մյուս տարի եւս ունենանք որոշակի ուշացումներ, բայց նման բաներ տեղի են ունենում, երբ փոփոխություններ են իրականացվում: Ամեն դեպքում, ծառայությունը բավականին լավացել է: Մենք գիտենք, որ դեռ անելիքներ կան, բայց վստահ ենք, որ ճիշտ ուղղության վրա ենք: – Երբ բացառիկ իրավունքներ են տրվում, պետությունը ակնկալում է, որ ծառայությունները կլինեն ավելի որակյալ, ավելի շատ, գները ցածր կլինեն, ինչը կունենայինք, եթե իրավունքները բացառիկ չլինեին: Այսօր օդանավակայանի պարագայում ծառայությունների տեսականին քիչ է, որակը ցածր է, գները՝ բարձր: Խնդրում եմ հայտնել՝ ի՞նչ նոր ծառայություններ եք մատուցել, որոնց միջոցով է ձեր բյուջեն հարստանում: – Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել եղած ծառայությունների բարելավմանը: Սկսած վերգետնյա սպասարկման տեխնիկայի վերազինումից մինչեւ հաշվառման սեղանիկների ավելացումը, սպասարկման նոր տեխնոլոգիաների կիրառումը, սայլակների խնդրի լուծումը: – Սակայն սայլակներից օգտվելը վճարովի է, ինչը եվրոպական օդանավակայաններում անվճար է: – Օրինակ, Միլանի եւ Աթենքի օդանավակայաններում վճարովի են: Սա մեզ համար այս պահին միակ հնարավոր լուծումն էր. ուրիշ օդանավակայաններում այդ սայլակները ուղեբեռի հետ չեն տանում իրենց տուն, չեն գողանում: – Մեր երկրում դրա համար ոստիկանություն կա: Դուք երբեւէ դիմե՞լ եք: – Երեք տարի առաջ դիմել ենք, մինչեւ հիմա պատասխանի ենք սպասում: – Եթե Դուք լինեիք բացառիկ իրավունքներ տրամադրողը, գոհ կլինեի՞ք այս արդյունքներից: – Եթե այն ինչ ստացել ենք 3 տարի առաջ եւ համեմատենք, այդ դեպքում ավելի քան բավարարված ենք: Իմ անձնական կարծիքով, մենք կատարել ենք փոփոխությունները, բայց մենք գիտենք, որ ուզում ենք անել ավելի շատ բան եւ ավելի շատ բարելավել: Միջամտեց Խուան Պաբլո Գեչիջյանը- Առաջին անգամ, երբ Հայաստան եկա, համալիրով դուրս եկա, մենակ էի, ինձ ոչ ոք չէր սպասում, եւ ահագին տաքսիստներ կային համալիրի ստերիլ գոտում, որը միայն ուղեւորի համար էր: Ուղեբեռի համար 3 ժամ սպասել էի: Ուղեբեռս վերցրին, եւ ինձնից 25 դոլար գանձեցին քանդված «ժիգուլիով» քաղաքի կենտրոնի հյուրանոց հասցնելու համար: Որովհետեւ հասկացել էին, որ վճարունակ եմ: Այսօր քաղաքի կենտրոն օդանավակայանի մրցույթը շահած տաքսիները տանում են 2500 դրամով, տալիս են կտրոն: Սպասարկում են մերսեդեսներով եւ ֆորդերով, մեքենաներն էլ ապահովագրված են: Այդ տեսակետով փոփոխություն կա: – Կառավարությունը նպատակ ունի «Զվարթնոցը» դարձնել տրանզիտ ուղեւորափոխադրումների կենտրոն: Դրա համար աշխատում են տարբեր օղակներ՝ զարգացնելով ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը: Իսկ «Զվարթնոցն» ի՞նչ է անում դրա համար: – Երբ մենք սկսեցինք աշխատանքը, առաջնային հարցերից մեկն էր համագործակցել այլ օդանավակայանների հետ՝ կատարել տրանզիտ փոխադրումներ, ինչը ներկայիս օդանավակայանում շատ դժվար է: Սակայն նոր համալիրը կառուցվում է հենց տրանզիտ ավիափոխադրումների համար: Շատ կարեւոր է, որ քաղաքացիական ավիացիան եւ կառավարությունը օգնեն մեզ: Մենք աշխատում ենք նաեւ ավիաընկերություններ բերել Հայաստան: Եվ աշխատում ենք նրանց հետ համաձայնության գալ, որպեսզի այս տրանզիտ ուղեւորահոսքը ապահովենք: – Սովորաբար երկար ժամանակյա ստուգումներն ու ուսումնասիրությունները խանգարում են տնտեսվարողներին: Զեզ խանգարո՞ւմ են, օգնո՞ւմ են: – Մենք լավ հարաբերություններ ունենք իրենց հետ, մենք օգնում ենք իրենց, իրենք էլ փորձում են օգնել մեզ: Իհարկե, խնդիրներ առաջանում են, դա նորմալ է: Նախագահի ստուգումը շատ լավ եղավ, որ օգնեց սինխրոնացնել օդանավակայանի տարածքում պետական մամինների աշխատանքը: Երբեմն լինում են խնդիրներ, եւ ուսումնասիրություններով պարզվում է, որ դա սահմանապահների կամ մաքսատան պրոբլեմն է: Եվ շատ լավ է, որ նրանք գիտակցում են դա: Օրինակ, հաշվառման ծառայությունը իրականացնում է նաեւ մեկ այլ ընկերություն, բայց մարդիկ չգիտեն եւ բողոքները գալիս են օդանավակայանին: Երբ միջազգային ուղեւորները պրոբլեմներ են ունենում սահմանապահների հետ, դարձյալ բողոքում են օդանավակայանից: Մենք խնդրում ենք, որ լավացնեն, օժանդակում ենք, որ լավացնեն, համակարգիչներ ենք տրամադրում, կարող ենք խնդրել, սակայն պահանջել չենք կարող: Երբ ուշացումներ են լինում, մեր մենեջերները փորձում են ինչ-որ ձեւով լուծել այդ խնդիրները, որովհետեւ ամեն դեպքում դա առնչվում է օդանավակայանի հեղինակությանը: – Ե՞րբ կունենանք մեր ակնկալիքներին համապատասխան օդանավակայանը: – Նոր համալիրը պատրաստ կլինի 2007թ. եւ արդեն դրական տեղաշարժը ակնհայտ կլինի: 3 միլիոն ուղեւորի սպասարկման հնարավորությունով չորրորդ համալիրը պատրաստ կլինի 2016 թվականին: Սակայն դրանից առաջ երրորդը՝ 2012 8211ին: Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել