Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ

Հուլիս 02,2005 00:00

Մեծ արշավ՝ Իրանի դեմ Հանգամանքը, որ Իրանի ռազմա-կղերական շրջանակների շահերի արտահայտիչ, իսլամական հեղափոխության «լավագույն ավանդույթների» շարունակող Մահմուդ Ահմադինեջադի՝ նախագահ ընտրվելու հաջորդ օրն իսկ ԱՄՆ-ում չտեսնված հակաիրանական արշավ սկսվեց, միանգամից անիմաստ է դարձնում Ահմադինեջադի պաշտոնակալման լավ կամ վատ կողմերի մասին Հայաստանում սկսված վեճերը: Ցավոք, խնդիրը շատ ավելի լուրջ է, քան ԼՂ հարցի նկատմամբ Իրանի պահպանողականների կամ հարաբերական լիբերալների ունեցած մոտեցումների ինչ-ինչ տարբերությունները: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ամերիկացի չորս նախկին պատանդներ, հանձին Իրանի նոր նախագահի, ճանաչել են իսլամական հեղափոխության օրերին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավմանը մասնակցած առանցքային գրոհայիններից մեկին: Եվ ահա, «Կոմերսանտ» հեղինակավոր պարբերականի ընդգծմամբ, այդ տեղեկատվությունը կարող է դառնալ (եւ ըստ էության՝ արդեն դարձել է.- խմբ.) իրանական ներկայիս ռեժիմի դեմ ուղղված ծավալուն պատերազմական արշավի սկիզբը: Իսկ ՀՀ պետական եւ գիտական լուսավորյալ այրերը հարկադրված են հենց այս համատեքստում դատել՝ լա՞վ է, թե՞ վատ, որ վաղը-մյուս օրը Հայաստանի անմիջական հարեւանությամբ սարսափելի հզորության ռումբեր պայթեն ու ակտիվ ռազմական գործողություններ ընթանան: Չէ՞ որ, Աստված մի արասցե, նման զարգացումների դեպքում ամենեւին չի բացառվում, որ մի մոլորված ռումբ էլ կարող է ընկնել, ասենք՝ Երեւանի «Գոլդեն Պալաս» հյուրանոցի վրա եւ մեծ վնաս հասցնել Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությանը: Իսկ մինչ վերոհիշյալ այրերը կմտածեն այդ մասին, նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ հայտարարել է, թե Ահմադինեջադի կենսագրության մասին հաղորդումները «շատ մտահոգություններ են առաջացնում»: Հիշեցնենք, որ մինչ այդ Սպիտակ տան ներկայացուցիչը «ծաղր ու ծանակ» էր անվանել Իրանում անցկացված վերջին ընտրությունները: ԱՄՆ նախագահի խորհրդական Սթիվեն Հեդլին իր հերթին նշել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարություններ են տրվել Ահմադինեջադի անձի «ինդենտիֆիկացման» խնդրով հետքննություն անցկացնելու համար: Նշենք, որ այս հարցով արդեն արձագանքներ են հնչել նաեւ Թեհրանից: Մասնավորապես, հերքվել են այն պնդումները, թե Իրանի նորընտիր նախագահը 1979թ. մասնակցել է Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավմանը: Այսպես թե այնպես՝ խիստ դիպուկ է ԱՄՆ-ում թափ առնող այս արշավի վերաբերյալ ամերիկյան փորձագետներից մեկի դիտարկումը, թե ինքնին էական չէ՝ Ահմադինեջադն իրո՞ք նախկին գրոհային է, թե՞ ոչ: Ըստ նրա, ծիծաղելի կլիներ մտածելը, թե ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմարշավ է սկսում միայն այդ պատճառով: Էականն այն է, որ ԱՄՆ-ն սկսում է այդ ռազմարշավը, եւ դրա համար պատրաստ է հրապարակ նետել ցանկացած պատրվակ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել