ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը երեկ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի հյուրն էր: Հայ ոստիկաններն ամենալա՞վն են Այս գրասենյակը ծրագրեր է իրականացնում հայ ոստիկանների համար: Եվ Վլադիմիր Պրյախինը հանդիպման ընթացքում բավական վիճահարույց պնդում հայտնեց, թե Հայաստանի ոստիկանությունը լավագույններից մեկն է հետխորհրդային երկրներում, եւ հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչության հիմնական մասը լավ է վերաբերվում ոստիկաններին, ավելի ստույգ՝ համարում է այս կառույցն իր հանդեպ բարեկամաբար տրամադրված: Մեր հարցին, թե ո՞վ է անցկացրել նման հետազոտություն՝ արդյո՞ք անկախ սոցիոլոգներ, քանի որ յուրաքանչյուրը կպնդի, որ իրականում վերաբերմունքը տրամագծորեն հակադիր է՝ դեսպանը պատասխանեց, թե սա օրինաչափ է. «Շատ պետություններում էլ վերաբերմունքը ոստիկանության հանդեպ բավական բացասական է: Հայաստանն այս առումով բացառություն չէ: Եվ սա դեռ լավ վերաբերմունք է հետխորհրդային տարածքի այլ պետությունների համեմատ: Օրինակ, որոշ մայրաքաղաքների բնակչության մեծամասնությունը համարում է, թե բոլոր ոստիկանները հանցագործ խմբավորումների գործակալներ կամ քողարկված անդամներ են: Երեւանի համեմատ անհամեմատ վատ է վիճակը: Մե՛նք ենք արել հարցումը՝ մե՛նք ենք դրա համար վճարել, եւ ուսանողներ էին կատարում հարցումները: Բավականաչափ անաչառ արդյունքներ են»: Բավական թանկարժեք պայքար ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ նաեւ «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրին»՝ նշելով, թե «բավական գեղեցիկ փաստաթուղթ է՝ թղթի վրա: Բայց եթե ասենք, որ այն Համաշխարհային բանկին արժեցավ 300 հազար դոլար, ապա ճիշտ կլինեն այն լրագրողները, ովքեր ասում են, թե այդ փողով կարելի էր ամեն հայի ակնոց գնել, եւ նրանք ավելի լավ կտեսնեին, թե որտեղ է կոռուպցիան»: Ըստ Վլադիմիր Պրյախինի՝ ծրագիրն անհրաժեշտ, բայց բավարար մեթոդը չէ, որ կարելի է կիրառել: Նաեւ նշեց, որ թեեւ Հայաստանը վատ տեղ չի զբաղեցնում կոռուպցիայի ընկալման ինդեքսի առումով՝ 160 երկրների մեջ 81-րդը. «Այսուհանդերձ՝ համեմատվել պետք է ոչ թե Թուրքմենստանի կամ Ռուսաստանի հետ, այլ Էստոնիայի եւ Լատվիայի, որոնք 10 եւ 11 տեղերում են»: Օրենսգրքի գլխավոր թերությունը ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեության հիմնական կետերից մեկն էլ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումն է: Վլադիմիր Պրյախինն այս առնչությամբ նշեց, որ գլխավոր թերությունը եղել եւ մնում է ընտրական հանձնաժողովների ձեւավորումը: Դրանց ձեւավորման նոր կարգի առնչությամբ նկատառում հայտնեց, որ թեեւ սա որոշակի առաջընթաց է, սակայն պատրանքներ չունեն՝ Հայաստանում չկան այնպիսի հաստատություններ, որոնց հեղինակությունն անվիճարկելի կլիներ բոլորի համար, ուստի պիտի վերանայվի նշանակման այս համակարգն էլ: Մենք հիշատակեցինք, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել օրենսգրքում կատարված փոփոխությունները, եւ դատավորների ներգրավումը ընտրական հանձնաժողովներում հենց նրանց առաջարկն էր: Ուստի կարելի՞ է ենթադրել, թե այս հարցում հակասություններ կան Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ դիրքորոշումների միջեւ: Դեսպանը նշեց, թե որեւէ հակասություն չկա, իրենք համատեղ են նախնական եզրակացություն ներկայացրել այս օրենսգրքի վերաբերյալ, որ առաջընթաց քայլ է կատարվել, սակայն դեռ բարելավման կարոտ դրույթներ կան: «Մենք առաջարկել էինք դատական իշխանությունն օգտագործել ընտրական հանձնաժողովների ձեւավորման ժամանակ, այդ առաջարկն ընդունվել է,- ասաց պրն Պրյախինը:- Ուղղակի արդեն արվածից հետո՝ մենք մտածում ենք, թե ինչ անել հետո: Ի դեպ, ընդունված օրենքի շուրջ դեռ չկա վերջնական եզրակացություն եւ չի լինի մինչեւ հուլիսի 15-ը»: 27-ից 1-ը պատժվեց Իսկ ընդհանուր առմամբ՝ պրն Պրյախինն ընդգծեց, թե «քաղաքական կամքի եւ քաղաքացիական ինքնագիտակցության ձեւավորման խնդիրները համարում ենք նույնիսկ առավել կարեւոր, քան լավ օրենքների ընդունումը»: Կարեւորեց, որ հասարակության մեջ անհանդուրժողականություն լինի իրավախախտումների նկատմամբ: «2003-ի ընտրությունների ընթացքում մենք արձանագրել էինք խախտումների 27 դեպք: Ցավոք, դրանցից միայն մեկի կապակցությամբ մեղավորը կրեց ընդամենը ինչ-որ խորհրդանշական պատիժ: Բոլոր մնացածները խճճվեցին զանազան կարգի քննարկումների, նիստերի, հարցաքննությունների եւ այլ լաբիրինթոսներում, ինչը Հայաստանի համար, ի դեպ, շատ բնութագրական է: Լրագրող են ծեծում՝ դու շանթ ու որոտ ես ժայթքում, հայտարարություններ անում եւ այլն, իսկ որոշ ժամանակ անց քեզ ասում են՝ գիտե՞ք, նրանք արդեն հաշտվել են, ամեն ինչ կարգին է»: Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ԵԱՀԿ-ն դիտորդներ կուղարկի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին կամ հանրաքվեին հետեւելու համար՝ դեսպանն ասաց, թե առայժմ չունի պատասխանը. «Տեղական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սովորաբար չի ուղարկում դիտորդներ: Տվյալ դեպքում՝ շատ կուզենայինք, որ նրանք գային: Ասացին, որ 2-3 հոգու կուղարկեն՝ կարճաժամկետ առաքելությամբ»: Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին՝ Եվրոպայի խորհուրդն է իրականացնելու դիտարկումը. «Իսկ մենք սպասում ենք: Եթե նման խնդրանքով մեզ էլ դիմեն՝ կքննարկենք: Առայժմ որեւէ դիմում չի եղել»: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը նաեւ կանխատեսեց, թե ինչ արձագանք կունենա սահմանադրական հանրաքվեի ձախողումը. «Նախ՝ ես կանխատեսում եմ, որ միանշանակ չեն լինի կարծիքները, թե արդյոք հանրաքվեն անցել է արդար ու լավ: Հաստատ կլինեն մարդիկ, որոնք այլ կերպ կկարծեն»: Սակայն նշեց, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, եւ փոփոխությունները մերժվեն՝ իրենք ստիպված կլինեն ընդունել դրա արդյունքները. «Եվ աշխատել այն ուղղությամբ, որ մարդիկ հասկանան, թե իշխանության կառուցվածքը պետք է փոխվի համընթաց այն պահանջներին, որ առաջադրում է կյանքը: Սակայն ես լավատես եմ, եւ համոզված, որ այն լավ փոփոխությունները, որ անցած շաբաթ Ստրասբուրգում մշակվեցին Հայաստանի ներկայացուցիչների եւ ԵԽ փորձագետների կողմից՝ ճիշտ կընկալվեն նոյեմբերին կայանալիք հանրաքվեի ժամանակ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ