Երեկ
շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 6-րդ առաջնության մասնակիցները մրցակարգի
համաձայն խաղատախտակների առջեւ նստեցին 13-րդ անգամ: Սակայն մրցաշարի ընթացքում
պայքարն այնքան անզիջում էր, որ հնարավոր չէր գուշակել, թե ով կդառնա հաղթող կամ
մրցանակակիր: Մասնավորապես, առաջնության գրեթե ամբողջ ընթացքում մրցաշարային աղյուսակը
գլխավորում էր ուկրաինացի 15-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Դատելով նրա կայուն
ցուցանիշներից՝ թվում էր, թե նա նույն տեմպով կավարտի առաջնությունը, սակայն 11-րդ
եւ 12-րդ տուրերում նա միավորների շոշափելի կորուստներ կրեց ու զիջելով դիրքերը՝
ոչ միայն զիջեց առաջատարի դիրքերը, այլեւ, ըստ էության, զրկվեց Եվրոպայի չեմպիոնի
կոչման համար պայքարի հեռանկարից: Դրա փոխարեն պայքարի այդ հատվածը գերազանց
անցավ մեր առաջատարը՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա, որ մինչ այդ մշտապես «պտտվում
էր» առաջատարների շրջապատում, 12-րդ տուրում սպիտակներով գեղեցիկ ոճով պարտության
մատնեց Ալեքսեյ Ֆյոդորովին ու 8,5 միավորով իր թիմակից Կարեն Ասրյանի հետ (վերջինս
միավորը բաժանեց անչափ ուժեղ շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ) վճռորոշ տուրից առաջ
բաժանում էր 3-7-րդ տեղերը՝ մրցաշարային աղյուսակը գլխավորող Լիվիու Դիտեր Նիսիպյանուին
եւ Ալեքսանդր Բելյավսկուն զիջելով ընդամենը կես միավորով: Մեր մյուս շախմատիստները
մրցաշարում հանդես եկան թեթեւակի հաջողությամբ: Մասնավորապես, Արտաշես Մինասյանը
7,5 միավորով 37-րդն էր, Գաբրիել Սարգսյանը՝ 64-րդը (7,0), Տիգրան Նալբանդյանը՝ 116-րդը
(6,0), Սմբատ Լպուտյանը՝ 118-րդը (6,0), Տիգրան Պետրոսյանը՝ 124-րդը (6,0), Աշոտ
Անաստասյանը՝ 158-րդը (5,5), Լեւոն Բաբուջյանը՝ 199-րդը (4,5): Հայաստանցի
մարզասերները մեր շախմատիստներից ցանկացած մրցաշարում, անկախ դրա մակարդակից, ակնկալում
են նախ եւ առաջ մեդալներ: Սակայն Եվրոպայի այս առաջնությունը, ինչպես նաեւ սրան նախորդածները
նաեւ այլ, ավելի հեռանկարային խնդիրներ ունեն: Այստեղ ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության՝
խաղարկվում են նաեւ տարեվերջին նախատեսվող աշխարհի առաջնության ուղեգրեր, որոնք բաժին
են հասնելու 1-34-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստներին: Ճիշտ է, դեռեւս հայտնի չէ,
թե այն կկայանա՞ արդյոք: Բայց ուրախալի է, որ դրանց, արդեն կարելի է վստահաբար ասել,
տիրել են Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը: Նրանց միանալու իրատեսական հնարավորություն
ունի նաեւ Արտաշես Մինասյանը: Սակայն ամեն բան որոշելու էր երեկ կայացած վերջին՝
13-րդ տուրը: Ավարտեցին առաջին տասնյակում Երեկ շախմատի Եվրոպայի
չեմպիոն դարձավ Լիվիու Դիտեր Նաիսիպյանուն՝ 10,0 միավոր: Կարեն Ասրյանն ու Լեւոն
Արոնյանը նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր: