Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵԹԵՎ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԱՆՏԱՆԵԼԻ ԿՅԱՆՔԸ

Հուլիս 02,2005 00:00

Այդպիսին
է Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» վիպակների ժողովածուն Ինչպես նկատել է բանաստեղծ
Ժան Պոլը, գրքերը ծավալուն նամակներ են բարեկամներին: Այսինքն՝ գրականության նպատակը
սիրո եւ բարեկամության մասին վարակիչ գրելն է: Իհարկե, գրողը աղոտ է պատկերացնում,
թե ովքեր են դառնալու իր բարեկամները, բայց դա խաղը դարձնում է միայն ավելի հետաքրքիր:
Բարեկամությունը երկկողմանի է լինում: Գրքի նկատմամբ հետաքրքրության թուլացումը,
հավանաբար, նշանակում է, որ մարդիկ այլեւս բարեկամներ չեն փնտրում: Կա՛մ գրողն է
համարում, որ իր շուրջը բարեկամներ չկան, կա՛մ հասարակության անդամներն են համոզված,
որ գրողները եւ գրականությունը այլեւս իր բարեկամները չեն: Այսինքն՝ կասկածի տակ
է դրվում մարդասիրությունը, մարդկային էակին բարեկամ դիտելու կանխակալ գաղափարը:
Ավելի ճիշտ՝ խոսքը ոչ թե մեզ շրջապատող մարդկանց մասին է, այլ՝ անծանոթ, հեռավոր
մարդկանց մասին: Գիրքը փնտրում է անծանոթ ընթերցողին, ով պետք է ներգրավվի բարեկամական
շրջանակի մեջ: Լեզվով նույնական մարդկանց իրար բարեկամ է դարձնում ազգային
գրականությունը: Ազգը հենց այդպես է ձեւավորվում՝ որպես Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի
կամ Ե. Չարենցի գրքերի բարեկամների հավաքականություն: Այդ գրքերը հրավիրատոմս են
եղել մտնելու «հայ ժողովուրդ» ընկերակցության մեջ: Կարելի է ասել, որ ազգի գաղափարի
հիմքում ընկած է պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ ազգային գրականության մի
զգալի մասը կոչ էր զինվորագրվելու ազգային-ազատագրական շարժմանը, հետեւաբար՝ պարտադիր
էր ազգային դասականների ընթերցանությունը: Ուսուցչի պարտադրանքը երիտասարդին՝ կարդալ
ազգային դասականներին, ավելի մեծ իշխանություն էր, քան սպայի իշխանությունը՝ նորակոչիկի
վրա: Համենայնդեպս, սպան ծնող չէր կանչում: Մենք ապրում ենք այլ դարաշրջանում,
երբ գրքի իշխանությունը բացարձակ չէ: Մենք ապրում ենք հետ-գրական, հետ-մարդասիրական
դարաշրջանում, ավելի ճշգրիտ՝ հետ-արդիական պոստմոդեռնիստական հասարակությունում:
Բայց դա չի նշանակում, որ հումանիզմի կոչը նվազ անհրաժեշտ է դարձել: Հետ-գրական
դարաշրջանում դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ գիրք խորհուրդ կտաս կարդալու:
Ես հանգիստ խղճով իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը»
վիպակների ժողովածուն: Չնայած այդ խորհուրդը ինչ-որ իմաստով ավելորդ է: Նրա
առաջին վեպի՝ «Սողանքի» ողջ տպաքանակը սպառվեց: Մի երկրում, ուր գրական-գեղարվեստական
սպառված գրքերի քանակը մեկ տասնյակի չի հասնում, դա անշուշտ նշանային ցուցանիշ է:
«Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը նույն հաջողությունը ունեցավ, իսկ «Փախուստ ավետյաց
երկրից» վիպակը ձեռքից ձեռք էր անցնում: Լուրջ գրականության՝ արդիական վեպի, պատմավեպի
կամ անտիուտոպիայի համար դա շատ անսպասելի էր: Գաղտնիքը անշուշտ հեղինակի
ընտրած ռազմավարության մեջ է. զուգակցել արտաքին, հետաքրքրաշարժ սյուժետային գիծը
ներքին գեղագիտական բարդ կազմակերպվածության հետ, որը հատուկ է պոստմոդեռնիստական
գրականությանը: Արդիական ռազմավարությունը թույլ տվեց լավագույնս հետազոտել արդի
իրականությունը: Պոստմոդեռնիզմը, ինչպես իր օրինակով ցույց տվեց Վահրամը, դատարկ,
ձեւական հնարքների համակարգ չէ, որին հետեւելով կարող ես արդիական արվեստագետի կամ
գրողի տպավորություն ստեղծել: Դրանք այն կոորդինատներն են, ուր այսօր գտնվում է ընթերցողը:
Մարդու համար պայքարը տեղի է ունենում ԶԼՄ-ների դեմ պայքարում եւ նրանց տարածքում:
Այստեղից ժամանակակից՝ պոստմոդեռնիստական գրականության երկակի բնույթը: Այն աշխատում
է զանգվածային ժանրերում՝ աշխատելով այդ ժանրերի դեմ: «Շարժունություն» վիպակում
Սորոսի հիմնադրամը հերոսին մերժում է Մոնղոլիա գնալու դրամաշնորհ տալ: Հերոսը, որը
գրող է, երեւակայության ուժով ստեղծում է այդ ուղեւ որության պատմությունը: Մի քանի
փաստեր Մոնղոլիայի մասին, մի քանի ալյուզիաներ զանգվածային մշակույթից, քաղաքական
կոնտեքստ՝ եւ կարելի է եփել «գրականություն» հորջորջվող համադամ կերակուրը: Մենք
գրականության խոհանոցում ենք: Հեղինակը անուղղակի հեգնում է նրանց, ովքեր առասպելականացնում
են գրականության ստեղծման ընթացքը, աստվածաբանական ոգի հաղորդում: Վահրամի գրականության
ոգին աշխարհիկ է: Հեղինակային շեղում-անկեղծացումների արդյունքում ընթերցողը
պարզում է, որ երեւակայական ճանապարհորդությունը դեպի Մոնղոլիա՝ անձնական խնդիրներից
փախուստի ձեւ է, իսկ հետապնդումները՝ հալածող, մտատանջող մտքերի փոխաբերություն,
վրա հասած ռազմական աղետը՝ սուբյեկտի՝ հեղինակի «իրականության» հետ հանդիպումը: Վիպակի
անլուրջ տոնին, այն թրիլլերի պարոդիա է, հակադրված է ներքին սյուժետի լրջությունը
եւ նույնիսկ ողբերգական երանգը: Այսինքն՝ պատերազմական բռնությանը, ԶԼՄ-ների ապամարդկայնացնող
կարծրատիպերին հակադրված է անձնական-մարդկայինը: Ավելի խորը, ավելի լուրջ
եւ ավելի դրամատիկական է «ինքն իր հետ հանդիպելու» հարցը դրված «Եվրոպական պատմություն»-ում:
Վիպակի հերոսին ուղեկցում է տագնապի զգացումը՝ տագնապ սեփական ցանկությունների հանդեպ,
որը դրդում է խուսափել հանդիպել իր ցանկության հետ: Տագնապի եւ մտատանջության իրադրությունում
նա անկարող է կողմնորոշվել եւ փորձում է իր գործողությունները կարգավորել «իմ տեղում
ինչպե՞ս կվարվեր մեկ ուրիշը» հարցով: Հայ հերոսը իր իտալուհի սիրեցյալից նամակ է
ստանում, որի ձեռագրի վերծանությունը կարծես դառնում է սեփական ցանկության վերծանությունը:
Վիպակում շատ են կապի միջոցների՝ ինտերնետի, հեռախոսի հիշատակումները: Հերոսը ավելի
շատ տեղեկատվություն է ստանում, քան պետք է որոշում ընդունելու համար: Տեղեկատվական
միջոցները հերոսի՝ իր ցանկությունները չհասկանալու, խճճվելու փոխաբերությունն են:
Սիրելը, անշուշտ, այնքան ինքնաբուխ չէ, որքան մենք պատկերացնում ենք: «Հիմար
մարդը» վիպակի հերոսը, ինչպես թումանյանական հեքիաթի հերոսը, ուղեւորվում է Աստծո
մոտ երջանկություն խնդրելու: Իսկապե՞ս հիմար է «հիմար» մարդը: Գուցե նա պարզապես
հասկանում էր, որ ո՛չ հարստությունը, ո՛չ կինը եւ ընտանեկան երջանկությունը ցանկության
իրականը չեն: Եթե ցանկության մեջ տեսնենք նպատակը եւ խնդիրը, ապա ցանկության նպատակը
ցանկության կատարումը չէ: Ամեն անգամ մոտենալով նպատակին՝ մենք տեսնում ենք, որ այն
հորիզոնի գծի նման հեռացել է եւ դարձել անհասանելի: Ցանկության իմաստը նրա խնդիրն
է, այն քայլերը, որ մենք կատարում ենք մեր ցանկությունը իրականացնելու ճանապարհին:
Ցանկությունը հենց նրանով է տարբերվում պահանջմունքից, որ չգիտի իր նպատակը: Հիմար
մարդու ցանկությունների կատարումը ցանկության ոլորաններով դեգերելն է: Բայց հեքիաթի
հերոսը ոչինչ չի անում ցանկության ուղիով գնալու համար: Նա չափից ավելի ագահ է, որպեսզի
հարստությունը կամ ընտանեկան երջանկությունը դարձնի նպատակ: Աստված, որ «ամեն
ինչ է», վիպակում սովորական էակ է: Կարծես մեզ հուշում են, որ այս աշխարհն է «ամեն
ինչ»: Ավելին կամ «ամենը» ցանկանալը ժամանակի շավիղից դուրս գալն է, հայտնվելը մահից
անդին տարածվող տարածքում: Հերոսը ցանկանում է «ամենը»: Աստված ծաղրում է հերոսին,
որ «ամենը»՝ երջանկություն ցանկանալը պատանեկական ցանկություն է: Հերոսը համառ է,
ցանկության ուղիով գնում է մինչեւ վերջ. նրա ցանկությունը մանկական է՝ տեսնել մահացած
մորը: Դա ցանկության սկիզբն է, հիմքը եւ իմաստը՝ մանկության վերադարձը: «Բվերը»
վիպակում պատմությունը հերոսի ընտանիք է ներխուժում խորհրդային քաղբյուրոյի տեսքով:
Պատմությունը սարսափելի եւ անմարդկային ուժ է: Այն խանգարում է Բրեժնեւի եւ Քնարիկի
սիրավեպի կայացմանը: Այդ ուժը մի պահ զավթում է հերոսին, եւ քիչ է մնում ինքն էլ
դաժան, անմարդկային լինի մեկ ուրիշի՝ ճաշարանի վարիչի հետ: Պատմության ներկայությունը
հերոսները զգում են կուսակցական սկզբունքների ճնշումի տեսքով: Կարծես մեզ ուզում
են ասել, որ լավ կլինի, եթե պատմությունը ավարտվի: Հեղինակը հեգնանքով է վերաբերվում
վերացական բարոյական սկզբունքներին. չարիք չգործելու, բարոյական լինելու համար հարկավոր
է հակադրվել ուրիշների պարտադրանքին, պատասխանատվությունը վերցնել քեզ վրա: Վահրամի
բոլոր հերոսներն էլ այդպիսին են. վերացական բարոյական սկզբունքների փոխարեն նախընտրում
են էթիկական տակտը: Վահրամ Մարտիրոսյանը հրաշալի մի գիրք է գրել, թեթեւ՝ ինչպես
մեր անտանելի կյանքը: ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել