Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ում Հայաստանին չե՞ն սպասում

Հուլիս 02,2005 00:00

Ըստ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հարցման՝ մեր շարքային քաղաքացիներն ավելի ռուսամետ են, քան փորձագետները:

«Հարավային Կովկասի երկրները պետք է հայտնվեն նույն անվտանգության համակարգում: Եթե Վրաստանն ու Ադրբեջանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հայաստանը մնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, մենք կդառնանք բաժանարար գիծ տարածաշրջանում, ինչը անցանկալի է»,- երեկ հայտարարեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության անդամ Էդուարդ Անտինյանը՝ ՌԱՀՀԿ կազմակերպած «Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ: Անդրադառնալով Իրանի նախագահի ընտրությանը, նա նշեց, որ Մահմուդ Ահմադինեջադի ընտրությամբ ՀՀ խնդիրներն ավելացել են. «Իրանը կարող է լուրջ առճակատման գնալ ԱՄՆ-ի հետ, եւ դրան կարող են հետեւել Արեւմուտքի արձագանքները, իսկ մենք չենք կարող չեզոքություն պահպանել: Ունենալով բարիդրացիական հարաբերություններ Իրանի հետ՝ մեզ համար դժվար կլինի արձագանքել միջազգային ճնշումներին, իսկ չարձագանքելն է՛լ ավելի վատ հետեւանք կունենա…»:

ՌԱՀՀԿ փորձագետ Ստեփան Սաֆարյանը, ներկայացնելով միջազգային հայտնի վերլուծաբանների կարծիքները մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկտների մասին, ասաց, թե «այժմ թեզ կա, որ կոնֆլիկտները միջոց են ՌԴ դիրքերի ամրության համար, եւ եթե բոլոր կոնֆլիկտները լուծվեն, ապա Մեծ խաղը կավարտվի, եւ մրցակից ուժերից մեկը՝ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը, դուրս կմղվի տարածաշրջանից»: Ներկայումս կոնֆլիկտների լուծման պրոցեսը ԵՄ շրջանակներում իրականացնելու միտում կա: Այսօր Եվրոպայի սեղանին են դրված լուծման կարոտ չորս տարածաշրջանային կոնֆլիկտներ՝ Մերձդնեստրիա, աբխազական, Հարավային-Օսեթիայի եւ թուրք-քրդական կոնֆլիկտները: ԼՂ հակամարտությունը առայժմ կառավարման փուլում է եւ ոչ թե լուծման: Սակայն, ըստ Ստեփան Սաֆարյանի անձնական դիտարկման, «ներկայումս նկատելի են միտումներ, որ եվրոպական օրակարգում հողեր են նախապատրաստվում այդ կոնֆլիկտը կառավարման փուլից դեպի լուծմանն ուղղորդելու համար»:

Որպեսզի ավելի հստակ լինի Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում, ՌԱՀՀԿ-ն անցկացրել էր փորձագիտական եւ հանրային հարցումներ այդ թեմայով, որոնց արդյունքները ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը: Ըստ հարցումների, ե՛ւ փորձագետները, ե՛ւ շարքային քաղաքացիները վստահ են, որ Հարավային Կովկասի երեք երկրներից ամենաամուր դիրքերը պաշտպանության ոլորտում ունի Հայաստանը: Սակայն արտաքին եւ ներքին քաղաքականությունների ոլորտներում այլ պատկեր է. փորձագետների 70%-ի կարծիքով՝ ներքին, եւ 77%-ի կարծիքով՝ արտաքին քաղաքականության ոլորտներում առաջնային դիրքերում է Վրաստանը: Այնինչ հանրային հարցման ենթարկվածները ենթադրում էին, որ այդ ասպարեզներում էլ լավագույն վիճակում ՀՀ-ն է (34,8% եւ 31,2% համամասնությամբ): Հանրությունն ու փորձագետները համամիտ էին մեկ այլ հարցում եւս. հավասար ձայներով՝ 57%, նրանք համոզված էին, որ այլ երկրների կողմից ՀՀ վրա ներազդելու հիմնական գործոնը ԼՂ հակամարտությունն է, ապա՝ իշխանությունների անօրինական լինելը (26,9%՝ հանրություն եւ 24,9%՝ փորձագետներ): Արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին հարցին փորձագետների 52,5%-ը եւ քաղաքացիների 34,7%-ը տվել էին «այո», եւ համապատասխանաբար՝ 30%-ը եւ 33,9%-ը՝ «ոչ» պատասխանը: «Ոչ» պատասխանը տված փորձագետների 78%-ը դա բացատրել է հետեւյալ կերպ. «ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել