ԱՄՆ-ի
ռազմական ներկայությունը Ադրբեջանում այլեւս ամիսների հարց է ԱՄՆ-ի եւ
Ադրբեջանի կառավարությունները 2005թ. ապրիլի 12-ին պայմանավորվել են ադրբեջանական
տարածքում ամերիկյան զինված ուժերի եւ բազաների տեղաբաշխման մասին: Այդ ուժերի ներդրումը
կսկսվի այս տարվա մեջ: Այս հարցում Վաշինգթոնի եւ Բաքվի վերջնական համաձայնությունը
ձեռք բերվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջանի մայրաքաղաք
կատարած «անաղմուկ» այցի ժամանակ: ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ուժերը ձեւականորեն կկոչվեն
«Ժամանակավորապես տեղակայված շարժական ուժեր», սակայն նրանց ներկայությունը երկարատեւ
բնույթ կկրի, այդ թվում նաեւ այն պատճառով, որ Կենտրոնական Ասիայի թալիբներին դիմակայող
ԱՄՆ-ի բազաների արդյունավետությունն ակնառու իջել է: Ամերիկյան առաջին զորամասերը
Ադրբեջան կհասնեն մոտակա շաբաթների ընթացքում: «Եթե տվյալ հաղորդագրությունը համապատասխանում
է իրականությանը, ապա դա կբերի ամերիկյան ռազմական հսկողության լուրջ ուժեղացման՝
Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների վրա»,- պնդում են փորձագետները: Համաձայնությանը
համապատասխան՝ ամերիկյան զորքերը տեղաբաշխվելու են ըստ 3 բազաների՝ Քուրդամիր (հիմնական
բազա), Նասոսնայա եւ Գույուլահ: Դրանք բոլորը նախկին խորհրդային ռազմակայաններ են:
Պենտագոնն այս տարածաշրջանում որդեգրել է փոքր բազաների տեղաշարժման «փափուկ սպիտակ
բարձ» («Lily pad») ռազմավարությունը. կախված խնդրից՝ զորամիավորումները կարող են
շատ արագ վերաբաշխվել: Ադրբեջանում նոր բազաները փոքր կլինեն: ԱՄՆ-ի նախատեսվող
ռազմական մուտքն անսպասելի չէր: Տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի ճնշումը համընկավ Բաքվի՝
Վաշինգթոնին հարմարվելու պատրաստակամության հետ: Որոշ ժամանակ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւը երկմտում էր՝ վախենալով Մոսկվայի փոխազդեցությունից: Սակայն 2005-ի
ապրիլի 4-ին ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը ուղղակիորեն հայտարարեց, որ ադրբեջանական ռեժիմը
պետք է «առաջընթաց քայլեր անի», եթե չի ուզում վկա դառնալ Արեւմուտքի կողմից հավանություն
ստացած «թավշյա հեղափոխություններին»: Այդ սպառնալիքը, հավանաբար, վերջնականապես
«կանաչ լույս» բացեց ամերիկյան բազաների համար: Ադրբեջանում ԱՄՆ-ի զինված
ուժերը հոգալու են ռազմավարական նշանակության որոշ խնդիրներ, որոնց Բուշի ադմինիստրացիան
մեծ կարեւորություն է տալիս: Դրանց թվում է Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղի ռազմավարական
հովանավորությունն ու պաշտպանությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն իրականացնում է «Կասպյան
պահակախմբերի» պատրաստում, որոնք կազմված կլինեն նավթամուղերի պաշտպանության հիմնական
խնդիրն իրականացնող տեղական զինծառայողներից: «Կասպյան պահակախմբեր» ստեղծելու նպատակով՝
ռազմական հրահանգիչներ եւ քաղաքացիական մասնագետներ արդեն մի քանի ամիս «անաղմուկ»
աշխատում են Ադրբեջանում: Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի զինված
ուժերի կարեւոր ռազմավարական այլ առաքելությունների շարքում պետք է առանձնացնել.
ա/ Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման գործընթացի ավարտ, որը հնարավորություն կտա
ԱՄՆ-ին պլացդարմ ստեղծել՝ մեր հարեւանների վրա հարձակվելու համար, բ/ էներգառեսուրսների
եւ ռազմավարական միջանցքի ապահովում Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա՝ այդ թվում՝
զորամիավորումներ եւ տեխնիկա տեղափոխելու համար, գ/ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու
նոր լծակների ստեղծում՝ Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով անկայուն Հյուսիսային
Կովկասի անմիջական հարեւանությամբ, դ/ տարածաշրջանում պրոամերիկյան կառավարություններին
պաշտպանություն եւ հակազդեցություն ռուսամետ Հայաստանին, ե/ միջազգային իսլամական
ակտիվիստների դեմ պայքար: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ