«Արմենիա»
միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի բացառիկ
հարցազրույցը «Առավոտին»: Զրույցին մասնակցում էր նաեւ ընկերության տնօրեն Խուան
Պաբլո Գեչիջյանը: – Պարոն Վենդե, 3 տարի է՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը
ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինյան ընկերությունը: Այս ընթացքում ի՞նչ
ներդրումներ, աշխատանքներ են կատարվել եւ որո՞նք են դրանց արդյունքները: –
Բոլորն էլ կարող են արդյունքները տեսնել: Օդանավակայանում ամենակարեւորը անվտանգությունն
է: Առաջին բանը, որ սկսեցինք վերանորոգել՝ թռիչքուղին էր: Արեւմտյան ընկերություններն
արդեն պատրաստ էին դադարեցնել իրենց գործունեությունը, որովհետեւ թռիչքուղին շատ
վատ վիճակում էր: Ահա թե ինչու մենք սկսեցինք հենց դրանից: Սրանից հետո կազմվեց պլանը,
նախագիծը, ինչը ժամանակ խլեց, որովհետեւ օդանավակայանը տեխնիկական սպասարկում չէր
ունեցել մոտ 10 տարի: Հետո հետաքրքրվեցինք, թե ինչ կարիքներ ունեն ուղեւորները: Սկսեցինք
վերանորոգել, պատրաստել զուգարանները, լավ ծառայություններ մատուցել: Այնուհետեւ
սկսվեցին հին ուղեւորային համալիրի վերանորոգման աշխատանքները: Բարելավեցինք հաշվառման
ծառայությունը (check-in), ավելացրինք սեղանիկներ, որ հնարավոր լինի շատ ուղեւորներ
ուղարկել, ուղեւորների համար հարմար լինի: Արագացրել ենք ուղեբեռի ստացման ընթացքը:
Բերվեցին վերգետնյա սպասարկման նոր սարքավորումներ, որոնց վրա մոտ $3 միլիոն է ծախսվել:
Հիմա մենք բողոքներ չենք ստանում ոչ ուղեւորներից, ոչ ավիաընկերություններից: Պետք
է նշենք, որ մենք չենք իրականացնում «Արմավիայի» ծառայությունները: Իրենք են իրենցը
իրականացնում: Մենք նաեւ հիմա հաշվառման համակարգի համար կիրառում ենք նոր տեխնոլոգիաներ:
Ուղեւորները ստանում են նստեցման կտրոն (boarding card): Ցանկանում ենք կիրառել ինֆորմացիոն
ծառայություններ մեկնում-ժամանումների մասին: Անցյալ տարի կառուցեցինք նոր անվտանգության
կենտրոնը, նույնպես մեծ ներդրում էր՝ տեխնոլոգիայի վերջին խոսքով հագեցած, տեղադրված
է 90 տեսախցիկ, որոնք արձանագրում են այն ամենը, ինչ կատարվում է օդանավակայանում:
Պետք է նոր ենթակայան կառուցենք: Դա ավելի քան մեկ միլիոն դոլարի ներդրում է: Միլիոններ
են սրանց վրա ծախսվում, որոնք դրսից չեն երեւում: Մեծ ուշադրություն ենք դարձնում
նաեւ մեր աշխատողների ուսուցմանը: Իհարկե, մեք գիտենք, որ դեռ շատ բաներ կան անելու:
Ահա թե ինչու Խուան Պաբլոն օրական 24 ժամ այստեղ է անցկացնում: Ես այստեղ եմ տարվա
կեսից ավելին: Արդեն սկսել ենք նոր ուղեւորային համալիրի շինարարությունը եւ կարծում
ենք, որ դա կլինի բոլոր հայերի հպարտության առարկան: Սա պարոն Էռնեկյանի ցանկությունն
է: – Կոնցեսիոն պայմանագիրը կնքելով եւ մի շարք բացառիկ իրավունքներ տրամադրելով՝
կառավարությունը ակնկալել է արդյունքում ոչ թե կոնկրետ ներդրված գումարի քանակ, այլ
միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան: Այսօր, 3 տարի անց ո՞ր կարգի
օդանավակայան է «Զվարթնոցը»: – Մեր օդանավակայանը տարածաշրջանում լավագույն
վիճակում է գտնվում: Մենք այսօր IATA-ի չափանիշներով C-ի D-ի մեջտեղն ենք (դասակարգում
վերջին երկուսն են-Ա. Ու.), բայց մեր նոր համալիրով կլինենք B կատեգորիայում (իրականում,
մեր հավաստի աղբյուրի տեղեկացմամբ, օդանավակայանի ներկայացրած մաստեր-պլանով հստակ
երեւում է, որ դա համապատասխանելու է C կարգին, սակայն որեւէ հստակ խոստում, թիվ,
տվյալ, թե օդանավակայանը ավելի բարձր՝ B կարգի է լինելու, պարզապես գոյություն չունի-Ա.
Ու.): Հին ուղեւորային համալիրով չենք կարող այդ կատեգորիան զարգացնել: Նոր ուղեւորային
համալիրում մենք կունենանք ավելի լավ ծառայություններ եւ ավելի լավ որակ: Նաեւ կարեւոր
է նշել, որ հին ուղեւորային համալիրը կառուցվել է ներքին ուղեւորափոխադրումների համար:
– Սակայն երբ կարգերը շնորհվում են, ոչ թե միայն շենքի որակից կամ հարմարություններից
ելնելով են շնորհում, այլ նաեւ մատուցվող ծառայությունների որակով, տեսականիով, քանակով,
ինչով «Զվարթնոցը», մեղմ ասած, չի փայլում: – Շատ չափանիշներ կան, որոնք կարող
են կիրառվել ուղեւորների քանակով, քառակուսի մետրով որոշված, տարբեր չափանիշներով:
Բայց «Զվարթնոցի» շենքը ամենեւին չի կարող այդ պահանջները բավարարել: Այդ միեւնույն
շենքում սահմանապահ եւ մաքսային ծառայությունները ավելացան, դրա համար այսօր անհարմար
է: Նոր համալիրում նախատեսված է ամեն ծառայության համար իր տեղը, որ քառակուսիով
(տարածքով) ամեն ուղեւորին լավ լինի: – Ուրեմն, ձեր կարծիքով համապատասխանո՞ւմ
է C կարգին այն, որ 40 րոպեի ընթացքում օդանավակայան է ժամանում 3 հատ 300 հոգանոց
ինքնաթիռ, եւ ընդամենը 4 անցագրային կետով են սպասարկում ժամանողներին, մարդիկ հերթում
երկար չեն դիմանում, իսկ բեռների ստացման կետում 5 շարքանոց հերթ է գոյանում: –
Արգենտինայում մենք ունենք մեծ թիմ, որը աշխատում է օդանավակայանի ենթակառուցվածքների
բարելավման ուղղությամբ: Եվ այս թիմն այստեղից ինֆորմացիա է ստանում, թե ինչքան ուղեւոր,
օդանավ է գալիս, ինչ տեսակի ինքնաթիռ եւ այլն: Եվ այդ տեղեկատվությունը հաշվի առնելով
զարգացվում է օդանավակայանը, մշակվում զարգացման հայեցակարգը: Պլանավորում ենք «պիկ»
ժամերին ունենալ շատ ավելի ուղեւորներ, օդանավեր: Իհարկե, հնարավոր է, որ լինեն նաեւ
հերթեր: Նորմալ է, եթե օդանավակայանում 1000 ուղեւոր է սպասում, բայց սպասելու ժամանակահատվածը
պետք է հնարավորինս կարճացվի: – Խոսքը նաեւ արագ, կարգուկանոնով սպասարկման
մասին է: Իմ նկարագրածը համապատասխանո՞ւմ է C կամ D կարգին: – Այո: –
Աշխարհի որեւէ C կարգի օդանավակայանում պատահո՞ւմ է, որ իրենց ուղեբեռը ստանալու
կամ անձնագրային ստուգում անցնելու համար այդքան ճզմվեն հերթերում: – Ժամանման
սրահի հարցը շատ բարդ է: Այդտեղ տեղ չկա, որպեսզի մարդիկ սպասեն, մինչեւ ժապավենով
իրենց ուղեբեռը կգա: Եվ մենք երկար ժամանակ մտածում էինք՝ ինչպես կարող ենք լուծել
այդ պրոբլեմը: Բայց լուծել այդ խնդիրը ներդրումների մեջ՝ շատ դժվար է: Ահա թե ինչու
որոշեցինք ավելի արագացնել նոր համալիրի կառուցումը: Եվ ցանկացած փոփոխություն, որ
կատարենք հին համալիրում, չի լինի այն որակի, որ ցանկալի է: Հնարավոր է մյուս տարի
եւս ունենանք որոշակի ուշացումներ, բայց նման բաներ տեղի են ունենում, երբ փոփոխություններ
են իրականացվում: Ամեն դեպքում, ծառայությունը բավականին լավացել է: Մենք գիտենք,
որ դեռ անելիքներ կան, բայց վստահ ենք, որ ճիշտ ուղղության վրա ենք: – Երբ
բացառիկ իրավունքներ են տրվում, պետությունը ակնկալում է, որ ծառայությունները կլինեն
ավելի որակյալ, ավելի շատ, գները ցածր կլինեն, ինչը կունենայինք, եթե իրավունքները
բացառիկ չլինեին: Այսօր օդանավակայանի պարագայում ծառայությունների տեսականին քիչ
է, որակը ցածր է, գները՝ բարձր: Խնդրում եմ հայտնել՝ ի՞նչ նոր ծառայություններ եք
մատուցել, որոնց միջոցով է ձեր բյուջեն հարստանում: – Մենք ավելի շատ ուշադրություն
ենք դարձրել եղած ծառայությունների բարելավմանը: Սկսած վերգետնյա սպասարկման տեխնիկայի
վերազինումից մինչեւ հաշվառման սեղանիկների ավելացումը, սպասարկման նոր տեխնոլոգիաների
կիրառումը, սայլակների խնդրի լուծումը: – Սակայն սայլակներից օգտվելը վճարովի
է, ինչը եվրոպական օդանավակայաններում անվճար է: – Օրինակ, Միլանի եւ Աթենքի
օդանավակայաններում վճարովի են: Սա մեզ համար այս պահին միակ հնարավոր լուծումն էր.
ուրիշ օդանավակայաններում այդ սայլակները ուղեբեռի հետ չեն տանում իրենց տուն, չեն
գողանում: – Մեր երկրում դրա համար ոստիկանություն կա: Դուք երբեւէ դիմե՞լ
եք: – Երեք տարի առաջ դիմել ենք, մինչեւ հիմա պատասխանի ենք սպասում: –
Եթե Դուք լինեիք բացառիկ իրավունքներ տրամադրողը, գոհ կլինեի՞ք այս արդյունքներից:
– Եթե այն ինչ ստացել ենք 3 տարի առաջ եւ համեմատենք, այդ դեպքում ավելի քան
բավարարված ենք: Իմ անձնական կարծիքով, մենք կատարել ենք փոփոխությունները, բայց
մենք գիտենք, որ ուզում ենք անել ավելի շատ բան եւ ավելի շատ բարելավել: Միջամտեց
Խուան Պաբլո Գեչիջյանը- Առաջին անգամ, երբ Հայաստան եկա, համալիրով դուրս եկա, մենակ
էի, ինձ ոչ ոք չէր սպասում, եւ ահագին տաքսիստներ կային համալիրի ստերիլ գոտում,
որը միայն ուղեւորի համար էր: Ուղեբեռի համար 3 ժամ սպասել էի: Ուղեբեռս վերցրին,
եւ ինձնից 25 դոլար գանձեցին քանդված «ժիգուլիով» քաղաքի կենտրոնի հյուրանոց հասցնելու
համար: Որովհետեւ հասկացել էին, որ վճարունակ եմ: Այսօր քաղաքի կենտրոն օդանավակայանի
մրցույթը շահած տաքսիները տանում են 2500 դրամով, տալիս են կտրոն: Սպասարկում են
մերսեդեսներով եւ ֆորդերով, մեքենաներն էլ ապահովագրված են: Այդ տեսակետով փոփոխություն
կա: – Կառավարությունը նպատակ ունի «Զվարթնոցը» դարձնել տրանզիտ ուղեւորափոխադրումների
կենտրոն: Դրա համար աշխատում են տարբեր օղակներ՝ զարգացնելով ենթակառուցվածքները,
զբոսաշրջությունը: Իսկ «Զվարթնոցն» ի՞նչ է անում դրա համար: – Երբ մենք սկսեցինք
աշխատանքը, առաջնային հարցերից մեկն էր համագործակցել այլ օդանավակայանների հետ՝
կատարել տրանզիտ փոխադրումներ, ինչը ներկայիս օդանավակայանում շատ դժվար է: Սակայն
նոր համալիրը կառուցվում է հենց տրանզիտ ավիափոխադրումների համար: Շատ կարեւոր է,
որ քաղաքացիական ավիացիան եւ կառավարությունը օգնեն մեզ: Մենք աշխատում ենք նաեւ
ավիաընկերություններ բերել Հայաստան: Եվ աշխատում ենք նրանց հետ համաձայնության գալ,
որպեսզի այս տրանզիտ ուղեւորահոսքը ապահովենք: – Սովորաբար երկար ժամանակյա
ստուգումներն ու ուսումնասիրությունները խանգարում են տնտեսվարողներին: Զեզ խանգարո՞ւմ
են, օգնո՞ւմ են: – Մենք լավ հարաբերություններ ունենք իրենց հետ, մենք օգնում
ենք իրենց, իրենք էլ փորձում են օգնել մեզ: Իհարկե, խնդիրներ առաջանում են, դա նորմալ
է: Նախագահի ստուգումը շատ լավ եղավ, որ օգնեց սինխրոնացնել օդանավակայանի տարածքում
պետական մամինների աշխատանքը: Երբեմն լինում են խնդիրներ, եւ ուսումնասիրություններով
պարզվում է, որ դա սահմանապահների կամ մաքսատան պրոբլեմն է: Եվ շատ լավ է, որ նրանք
գիտակցում են դա: Օրինակ, հաշվառման ծառայությունը իրականացնում է նաեւ մեկ այլ ընկերություն,
բայց մարդիկ չգիտեն եւ բողոքները գալիս են օդանավակայանին: Երբ միջազգային ուղեւորները
պրոբլեմներ են ունենում սահմանապահների հետ, դարձյալ բողոքում են օդանավակայանից:
Մենք խնդրում ենք, որ լավացնեն, օժանդակում ենք, որ լավացնեն, համակարգիչներ ենք
տրամադրում, կարող ենք խնդրել, սակայն պահանջել չենք կարող: Երբ ուշացումներ են լինում,
մեր մենեջերները փորձում են ինչ-որ ձեւով լուծել այդ խնդիրները, որովհետեւ ամեն դեպքում
դա առնչվում է օդանավակայանի հեղինակությանը: – Ե՞րբ կունենանք մեր ակնկալիքներին
համապատասխան օդանավակայանը: – Նոր համալիրը պատրաստ կլինի 2007թ. եւ արդեն
դրական տեղաշարժը ակնհայտ կլինի: 3 միլիոն ուղեւորի սպասարկման հնարավորությունով
չորրորդ համալիրը պատրաստ կլինի 2016 թվականին: Սակայն դրանից առաջ երրորդը՝ 2012
ին: Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆԻ