Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ արշավ՝ Իրանի դեմ

Հուլիս 02,2005 00:00

Մեծ
արշավ՝ Իրանի դեմ Հանգամանքը, որ Իրանի ռազմա-կղերական շրջանակների
շահերի արտահայտիչ, իսլամական հեղափոխության «լավագույն ավանդույթների» շարունակող
Մահմուդ Ահմադինեջադի՝ նախագահ ընտրվելու հաջորդ օրն իսկ ԱՄՆ-ում չտեսնված հակաիրանական
արշավ սկսվեց, միանգամից անիմաստ է դարձնում Ահմադինեջադի պաշտոնակալման լավ կամ
վատ կողմերի մասին Հայաստանում սկսված վեճերը: Ցավոք, խնդիրը շատ ավելի լուրջ է,
քան ԼՂ հարցի նկատմամբ Իրանի պահպանողականների կամ հարաբերական լիբերալների ունեցած
մոտեցումների ինչ-ինչ տարբերությունները: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք,
որ ամերիկացի չորս նախկին պատանդներ, հանձին Իրանի նոր նախագահի, ճանաչել են իսլամական
հեղափոխության օրերին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավմանը մասնակցած առանցքային գրոհայիններից
մեկին: Եվ ահա, «Կոմերսանտ» հեղինակավոր պարբերականի ընդգծմամբ, այդ տեղեկատվությունը
կարող է դառնալ (եւ ըստ էության՝ արդեն դարձել է.- խմբ.) իրանական ներկայիս ռեժիմի
դեմ ուղղված ծավալուն պատերազմական արշավի սկիզբը: Իսկ ՀՀ պետական եւ գիտական լուսավորյալ
այրերը հարկադրված են հենց այս համատեքստում դատել՝ լա՞վ է, թե՞ վատ, որ վաղը-մյուս
օրը Հայաստանի անմիջական հարեւանությամբ սարսափելի հզորության ռումբեր պայթեն ու
ակտիվ ռազմական գործողություններ ընթանան: Չէ՞ որ, Աստված մի արասցե, նման զարգացումների
դեպքում ամենեւին չի բացառվում, որ մի մոլորված ռումբ էլ կարող է ընկնել, ասենք՝
Երեւանի «Գոլդեն Պալաս» հյուրանոցի վրա եւ մեծ վնաս հասցնել Հայաստանի դինամիկ զարգացող
տնտեսությանը: Իսկ մինչ վերոհիշյալ այրերը կմտածեն այդ մասին, նշենք, որ ԱՄՆ
նախագահ Ջորջ Բուշը երեկ հայտարարել է, թե Ահմադինեջադի կենսագրության մասին հաղորդումները
«շատ մտահոգություններ են առաջացնում»: Հիշեցնենք, որ մինչ այդ Սպիտակ տան ներկայացուցիչը
«ծաղր ու ծանակ» էր անվանել Իրանում անցկացված վերջին ընտրությունները: ԱՄՆ նախագահի
խորհրդական Սթիվեն Հեդլին իր հերթին նշել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարություններ
են տրվել Ահմադինեջադի անձի «ինդենտիֆիկացման» խնդրով հետքննություն անցկացնելու
համար: Նշենք, որ այս հարցով արդեն արձագանքներ են հնչել նաեւ Թեհրանից: Մասնավորապես,
հերքվել են այն պնդումները, թե Իրանի նորընտիր նախագահը 1979թ. մասնակցել է Թեհրանում
ԱՄՆ դեսպանատան գրավմանը: Այսպես թե այնպես՝ խիստ դիպուկ է ԱՄՆ-ում թափ առնող
այս արշավի վերաբերյալ ամերիկյան փորձագետներից մեկի դիտարկումը, թե ինքնին էական
չէ՝ Ահմադինեջադն իրո՞ք նախկին գրոհային է, թե՞ ոչ: Ըստ նրա, ծիծաղելի կլիներ մտածելը,
թե ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմարշավ է սկսում միայն այդ պատճառով: Էականն այն է, որ ԱՄՆ-ն
սկսում է այդ ռազմարշավը, եւ դրա համար պատրաստ է հրապարակ նետել ցանկացած պատրվակ:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել