Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը՝ իբրեւ համահավասար կողմ

Հուլիս 02,2005 00:00

Այդպես է այն հանդես եկել
Դարթմունդյան կոնֆերանսի շրջանակներում տարածաշրջանային հակամարտությունների հարցերով
ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի հունիսի 24-26-ը Մոսկվայում կայացած հանդիպման
արդյունքում ընդունված փաստաթղթերում: Խմբի անդամ՝ Հայաստանի դեմոկրատական
կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնեց, որ երկխոսության 8-րդ փուլում 1-ին
անգամ հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունել են մամուլի հաղորդագրություն, որը
կոչվում է՝ «Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երկխոսության
8-րդ փուլի արդյունքների մասին»: Քննարկել եւ համաձայնության են եկել «Հայաստանի,
Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղ գործընթացի մասին շրջանակային
համաձայնության նախագիծ» փաստաթղթի շուրջ: Արամ Սարգսյանը շեշտեց. «Բիշքեկի համաձայնությունից
հետո 11 տարվա ընթացքում տարբեր ձեւաչափերով եղած հանդիպումների արդյունքում երբեւիցե
չի եղել որեւէ փաստաթուղթ, որը ԼՂ ներկայացուցիչները քննարկեին եւ ընդունեին Ադրբեջանի
ներկայացուցիչների հետ միասին: Այս 2 փաստաթղթերի անվանումներում անգամ ԼՂ-ն նշված
է համահավասար կերպով ՝Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին»: ՀԴԿ նախագահը
որոշ դրույթներ ընթերցեց համաձայնության նախագծից. «Ամենագլխավորը՝ անվերապահորեն
ընդունվում է, որ առանց ԼՂ-ի բանակցություններն արդյունավետ չեն լինի, եւ չի կարող
կայանալ հիմնահարցի համընդհանուր կարգավորում»: Հայկական կողմի առաջարկով նախագծում
ներառվել են 3 կետեր, որոնցից կարեւորն է՝ ԼՂ լիազոր ներկայացուցիչների մասնակցությունը
բանակցություններին իբրեւ կողմ, «պայմաններ կստեղծի, որոնք կդիտարկվեն իբրեւ ԼՂ միջանկյալ
կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի կողմից կատարվող համաձայնությունները իրենցից կներկայացնեն
այդ կարգավիճակի փաստացի ճանաչում»: Եվս մի ուշագրավ դրույթ. «Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչները
բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ
իրավաբանական սահմանման շուրջ»: Արամ Սարգսյանը հատկանշական համարեց փաստաթղթի նաեւ
հետեւյալ դրույթը. «Առանց հասարակության լայն խավերի մասնակցության՝ հնարավոր չէ
վերջնական լուծումը»: Փաստաթղթի վերաբերյալ նրա այլ մեկնաբանություններն էին.
«Այն իր բովանդակությամբ լիովին հակասում է պաշտոնական բանակցությունների տրամաբանությանը:
Դրանց ընթացքում փորձ է արվում առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության գալ ինչ-ինչ
զիջումների շուրջ: Առավել հետաքրքրական է, որ մեզ հաջողվեց ընդգծել հետեւյալ հանգամանքը.
«Բանակցություններն անցկացվելու են 2 փուլով. 1-ին փուլը կավարտվի միջանկյալ քայլերով,
որոնք իրենցից ներկայացնում են վստահության միջոցներ՝ կողմերի համարժեք զիջումները
համաձայնեցված ոլորտներում»: Սրանով հատուկ շեշտեցինք՝ եթե հաղորդակցական ուղիներ
են բացվելու, դրանք համազոր պետք է լինեն կողմերի համար: Իսկ եթե տարածքի հարց է
առաջադրվում՝ դրանք պետք է լինեն Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը եւ այլն ներառյալ:
Եվ եթե մենք այս փուլում ձեզ զիջում ենք 10 քառ կմ՝ նույնքան դուք պիտի մեզ զիջեք
այն հողերից, որոնք համարում ենք մերը»: ՀԴԿ նախագահը հայտնեց, որ համաձայնության
են եկել փաստաթուղթը Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնապես ներկայացնելու շուրջ.
«Այս փաստաթուղթը հիանալի գծանկար է, որտեղ սկզբունքներ են արտահայտված եւ նշված
են հիմնական մեխանիզմները, թե ինչպես պիտի վարվեն բանակցությունները եւ հասնենք ամբողջական
կարգավորման»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի
դեպ, փաստաթղթում նախապես 1-ին կետը եղել է. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»: Հայկական կողմի պնդմամբ՝ սա դարձել է վերջին կետը.
«Մենք գտնում ենք, որ մինչեւ չլուծվեն մյուս հարցերը՝ խոսք չի կարող լինել դիվանագիտական
հարաբերությունների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել