ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, «սորոսները եւ մյուսները Հայաստանում բազա չունեն» Լիտվայի հայկական համայնքը ձեւավորվել է շուրջ 15 տարի առաջ։ Հայաստանից հիմնականում Լիտվա են եկել հայ մտավորականության ներկայացուցիչներ, շուրջ 1500 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են առեւտրով կամ սրճարանատերեր են։ Լիտվայի մի քանի քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Շաուլյայում եւ Կլայպեդայում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, որոնք դասագրքերի եւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրներ ունեն։ Վիլնյուսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երեկ հանդիպելով հայ համայնքի հետ, խոստացավ օգնել այդ հարցում։ Լիտվան շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դա տեղացի հայերին շատ է վիրավորում։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ամենից շատ հնչողը հենց այդ հարցն էր։ Ապրիլի 24-ին հայերը այստեղ մի շարք միջոցառումներ են անցկացրել, կազմակերպել են բազմամարդ հանրահավաք Թուրքիայի դեսպանատան մոտ, սակայն որեւէ լիտվական լրատվամիջոց չի լուսաբանել դրանք։ Լիտվահայ համայնքի ներկայացուցիչները Անդրանիկ Մարգարյանին առաջարկում էին հարցը պետական մակարդակով բարձրացնել, սակայն վարչապետը բացատրեց, որ որեւէ երկիր իրավունք չունի մյուսին նման բան պարտադրել։ Լիտվան ինքը պետք է որոշի՝ ճանաչել եւ դատապարտե՞լ Ցեղասպանությունը, թե՞ ոչ։ Իսկ Լիտվան չի էլ պատրաստվում այդ բանն անել, քանի որ նա շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Լիտվահայերին վարչապետը առաջարկեց երկրի ներսում համապատասխան աշխատանք ծավալել՝ լիտվացի մտավորականների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով։ Նախկին լոռեցի, այժմ լիտվացի Հայկ Ջիլավյանին (Սերժ Ջիլավյանի հետ կապ չունի) հետաքրքրում էին հայ-վրացական հարաբերությունները։ Անդրանիկ Մարգարյանը որոշեց կատակել. «Ախպերությունը կա, բայց տակը բան չկա»։ Գուրգեն Վարդանյանին, որը վարչապետին դիմեց «ձերդ գերազանցություն» ձեւով, հետաքրքրեց, թե ե՞րբ է վերջապես Հայաստանում գունավոր հեղափոխություն լինելու։ Սակայն Անդրանիկ Մարգարյանը սառը ջուր լցրեց հեղափոխությամբ հետաքրքրվողի գլխին. «Մեզ մոտ երբեք հեղափոխություն չի լինի, թույլ չենք տա: Իհարկե, թույլ չենք տա ոչ այնպես, ինչպես Ղրղըզստանում կամ Ուզբեկստանում. մենք երբեք մեր ժողովրդի արյունը չենք թափի»։ Ըստ վարչապետի, մեզ մոտ հեղափոխության նախադրյալներ չկան։ Անցյալ տարվա ապրիլին երկրում կատարվածը պարոն Մարգարյանը բնորոշեց այսպես. «Մի-երկու լրագրողի ապարատ ջարդվեց, մի քանի հոգի ծեծվեցին, երբ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել։ Իսկ սորոսները եւ մյուս կազմակերպությունները, որ պատրաստվում են մեզ մոտ էլ մի բան փոխել, բազա չունեն. եթե իրենք պատրաստվում են, ապա մենք էլ ենք պատրաստվում։ Իհարկե, ոչ թե զենք ենք հավաքում, այլ պատրաստվում ենք հերթական ընտրություններին»,- հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ շեշտեց Անդրանիկ Մարգարյանը։ Հարցին, թե Հայաստանից հեռացել էին մութ ու ցուրտ տարիներին, հետաքրքրվում էին, թե աշխատավարձը, կենսաթոշակը եւ ընդհանրապես՝ կենսամակարդակը Հայաստանում ե՞րբ է վերջապես բարձրանալու։ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը բացատրեց, որ անցած 3 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը 12 հազարից դարձել է 60 հազար, կենսաթոշակը եւս բարձրացել է եւ էլի է բարձրանալու։ «Ինչի՞ հաշվին»,- հարցրեց Շաուլյայի համայնքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյանը։ «Պետության, հարկերի»,- եղավ պատասխանը։ «Իսկ Հայաստանում հարկ վճարող կա՞»,- հետաքրքրվեցին համայնքի ներկայացուցիչները։ Վարչապետը փորձեց ճշտել, թե հարց տվողը երբ է եղել Հայաստանում։ Պարզվեց՝ անցյալ տարի։ «Լավ, կպարզենք, թե Հայաստանում ում հետ եք շփվել, որ հարկ չէր վճարում»,- խոստացավ վարչապետը։ Լիտվա պաշտոնական այցի առաջին օրը հայկական պատվիրակությունը՝ գործարարներ, ֆինանսների եւ արդյունաբերության, տնտեսական զարգացման նախարարները վարչապետի գլխավորությամբ շրջեցին Հին Վիլնյուսով, ուշի-ուշով զննեցին պատմական հուշարձանները ու քաղաքում փռված 48 տաճարներից մի քանիսը։ Հասկացան, որ այստեղ ոչ մի հանճարեղ քաղաքապետի կամ պաշտոնյայի մտքով չի անցնում ծառերը կտրել եւ սրճարաններ կառուցել։ Այստեղ բնությունն է իշխում մարդուն, եւ ծառերի ետեւից քաղաքը ընդհանրապես չի երեւում։ Ի վերջո, «Առավոտի» խնդրանքով որոշվեց Երվանդ Զախարյանին գործուղել Վիլնյուս, որ տեղում հասկանա, թե ինչպես եւ ինչու չի կարելի ծառերի փոխարեն սրճարան կառուցել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Վիլնյուս