Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում

Հուլիս 01,2005 00:00

«Ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում» Ճարտարապետների միությունը ոչ մի լծակ չունի՝ պայքարելու սեյսմիկ եւ գեղագիտական բոլոր նորմերը ոտնահարող Երեւանի կառուցապատման դեմ: Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էր, որը լուրջ մտահոգություններ հայտնեց Երեւանի խաթարված ճարտարապետական տեսքի առնչությամբ: Մասնավորապես նա դժգոհեց, որ «ձեռք բերելով նոր ինվեստիցիաներ, քաղաքի փողատերերը սկսեցին որոշակի հողակտորների վրա մեծ տեմպերով կառուցապատումներ իրականացնել՝ առանց ուշադրություն դարձնելու քաղաքի բուն կենտրոնին»: Այս հարցում բոլոր երեւանցիները համաձայն են, բայց ի՞նչ է անում միությունը այդ ամենը կանխելու համար: Դրան պրն Մինասյանը պատասխանեց. «Մենք ոչինչ չենք անում, ժամանակին էս մասին մի քանի անգամ ասել ենք, մեզ չեն լսել»: Ճարտարապետների միության նախագահի հիմնական մտահոգությունը վերաբերում էր Հյուսիսային պողոտայի շինարարությանը. «Թամանյանը նախատեսել էր, որ Կենտրոնն ունենալու է 5 հարկանի շենքեր: Այն արժեքները, որոնք ձեռք ենք բերել, չպետք է աղավաղենք կամ զոհենք փող ներդնողների ցանկություններին: Հյուսիսային պողոտայում ի սկզբանե 5 հարկանի նախատեսված շենքն աչքներիս առաջ բարձրանում է, դառնում 9-10 հարկանի՝ խախտելով սեյսմակայունության հիմքերը»: Այժմ, երբ արդեն այդ շենքերը կառուցվել են, պարոն Մինասյանը հանգիստ պատմում է, թե ինչ խախտումներ են արել: Բնական է, որ այլեւս ոչինչ չի փոխվի, եւ պարոն Մինասյանի խոսքերով էլ՝ «գիտաֆանտաստիկ բան է, հո շենքերը նորից չե՞ն կիսելու»: Իսկ հարցին, թե այն ժամանակ, երբ դեռ նոր էին կառուցում, ինչո՞ւ չէիք պայքարում, նա պատասխանեց. «Գիտեք, դա ժամանակին շատ-շատ է ասվել: Եթե Հյուսիսային պողոտան Տերյանի կողմից նայեք, կտեսնեք, որ շենքը կիսով չափ Տերյան է մտած, մենք երկրաշարժից էլ դաս չքաղեցինք: Ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում»: Եթե նախկինում թե՛ Ճարտարապետների միությունը, թե շարքային քաղաքացիները մեծ աղմուկ էին բարձրացնում պատմական արժեք ներկայացնող որեւէ շենքի քանդվելուց առաջ, հիմա արդեն միությունն ամենայն սառնասրտությամբ հետեւում է թաղամասերի ոչնչացմանը: Ըստ պարոն Մինասյանի, «երբ Սովետական Միության ժամանակ սկսեց աղավաղվել հատակագիծը, հետո գոնե քաջություն ունեցանք ասելու, որ վարչական մարմիններն էին մեղավորները, հիմա նույն բանը կատարվում է ու անգամ չենք բարձրաձայնում, որ ինվեստորներն են մեղավորը: Դառնում են հողի սեփականատեր ու քաղաքը վերածում անկանոն շինարարության»: Ի դեպ, գլխավոր հատակագիծը դեռ չի էլ հաստատվել, բայց կենտրոնում հախուռն շինարարություն է ընթանում: «Մինչեւ այս տարվա վերջին հաստատվի՝ կհնանա, արդեն շատ բան փոխված կլինի»,- կարծում է Մ. Մինասյանը: Բացի այդ, մեր ճարտարապետներն առ այսօր աշխատում են հին նորմատիվներով, քանի որ նորը չունենք: Ինչպես նշեց պարոն Մինասյանը, «դրանք սովետական նորմատիվներ են, նորը ստեղծելը շատ դժվար է, մեծ գումարներ են պետք»: Ճարտարապետների միության նախագահը լիովին համաձայն էր լրագրողների այն կարծիքին, որ, օրինակ, Աբովյան փողոցում հին ու ազգային արժեք ներկայացնող շենքի կողքին կառուցված նոր սրճարաններն ու բարերը խեղաթյուրում են քաղաքի ճարտարապետական տեսքը, տարբեր գույնի քարերով եւ շինարարական ոճով ոչ ներդաշնակ են դարձնում այն: Բայց, միեւնույն է, պարոն Մինասյանը պնդում էր, որ իրենք ոչ մի լծակ չունեն՝ կանխելու դրանք: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել