Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ

Հուլիս 01,2005 00:00

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ ՀԱԿ-ն ուզում է «Ժառանգության» հետ էլ համագործակցել Չնայած միավորող կոմունիստ Յուրա Մանուկյանն անընդհատ հայտարարում է, որ Ձախ ուժերի միավորման անդամ կուսակցությունները 26-ն են, սակայն երեկ կայացած միավորման դռնփակ նիստին ընդամենը հինգն էին մասնակցում՝ Միավորված կոմունիստական կուսակցություն, «Կանայք հայոց աշխարհի», «Արդարություն», «Արցախ-Հայաստան» կուսակցությունները: Հայաստանի առաջադիմական կուսակցությունն այս հավաքին մասնակցում էր «քավորի» իրավունքով: Այսինքն՝ առայժմ չեն միացել սույն միավորմանը, միայն համակարգում են միավորման աշխատանքները: Միության գոյության մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 30-ին կայանալիք եռօրյա համաժողովի ժամանակ: ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը խոստանում է, որ «սենսացիոն կլինեն այն կուսակցությունների անունները, որոնք դեռ կմիանան»: Ի տարբերություն Յու. Մանուկյանի, նրա կանխատեսմամբ, միավորումը լավագույն դեպքում տասը անդամ կունենա: Համաժողովին կմասնակցեն, ինչպես արտահայտվեց Տիգրան Ուրիխանյանը, հայամետ գործիչներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մոլդովայից, Բելառուսից, Բուլղարիայից, Ֆրանսիայից: Այս թվով քիչ, բայց հոգով ձախերը քննադատել են Դաշնակցության «գործելակերպը Ղարաբաղում»: «Եթե նույնիսկ թույլ տանք մի պահ մտածել, որ այդ ընտրությունները տեղի են ունեցել կեղծիքներով, խախտումներով եւ այլն, ես համոզված եմ, որ որեւէ մեկը՝ շահագրգռված Հայաստանի եւ նրա մաս կազմող Արցախի բարեկեցությամբ, չպիտի իրեն թույլ տար ընտրությունների վրա ստվեր գցող քայլ կատարել»,- հայտարարեց Տ. Ուրիխանյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ տեղեկացրեց, որ սկսում են աջերի միավորման գործընթացը: Մասնավորապես՝ «Սկսել ենք համագործակցությունը «Ժառանգություն» կուսակցության հետ: Շատ ուրախացրեց նրանց հակահեղափոխական կոչերով բաց հայտարարությունը: Մենք էլ ենք կողմնակից քաղաքական եւ այլ տրանսֆորմացիաների, բայց՝ կառուցողական, աստիճանական զարգացման ճանապարհով: Իրենց հետ փոխանակվել ենք համագործակցության շուրջ առաջարկներով: Հիմա հանդիպում եւ բանակցում են երկու կուսակցությունների նախագահների առաջին տեղակալները՝ Վարդան Խաչատրյանը եւ Սարգիս Հարությունյանը»: Համագործակցության ի՞նչ եզրեր կարող են ունենալ տարբեր գաղափարախոսությունների դավանող այս կուսակցությունները: Մեր զրուցակիցը պարզաբանում է. «Տարօրինակության տարրեր կրող այս համագործակցության հիմնական նպատակն է առաջացնել բարիդրացիական մթնոլորտ եւ նոր քաղաքական ձեւաչափ, ի տարբերություն այն ուժերի, որոնք սիրալիրությամբ հերթ են կանգնում դեսպանատների դռների մոտ կամ հարթակային աճուրդի են հանում իրենց բոլոր կարողությունները՝ արտերկրյա ուժերի խաղադրույքի տակ ընկնելու համար: Բացահայտորեն արհամարհելով որեւէ այլ երկրի հետ առնչություններն ու հարաբերությունները կամ նրանց վերաբերմունքը մեր գործունեության հանդեպ, հենց այդ կուսակցության հետ, առանց որեւէ մտավախության, փորձում ենք մեր երկրի մեջ կառուցողական մոտեցումներ ցուցաբերել»: Իբրեւ սկիզբ, ենթադրվում է ոչ այնքան քաղաքական համագործակցություն՝ բարեգործական մի շարք ակցիաներ: Ի դեպ, ներկայումս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀԱԿ-ականներն ընդամենն առաջարկել են հնարավոր «համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ի դեպ, երեկ լրացավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 51 տարին, ինչի առթիվ նրան սրտանց շնորհավորում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել