Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Հուլիս 01,2005 00:00

«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ» Այսպես գնահատեց Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքը Դավիթ Շահնազարյանը Իրանի նախագահի պաշտոնում պահպանողական եւ այդ երկրում իսլամական ռեժիմի ամրապնդման պատվար Մահմուդ Ահմեդինեջադի ընտրությունը ակնհայտորեն ոչ միայն անսպասելի, այլեւ անցանկալի էր ժողովրդավարական արժեքների ջատագով ԱՄՆ-ի եւ Եվրամիության անդամ պետությունների համար: Իրանում տեղի ունեցած ընտրություններից հետո այդ երկրի նորընտիր նախագահն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը մի քանի կծու հայտարարություններ փոխանակեցին, որոնք վկայում են Արեւմուտքի եւ Իրանի հարաբերությունների միջեւ անջրպետի խորացման մասին: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Իրանի նոր նախագահի ընտրությունը Հայաստանի եւ նրա տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Այս խնդրի շուրջ զրուցեցինք Դավիթ Շահնազարյանի հետ: – ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշումը Հայաստանի անմիջական հարեւան Իրանում նախագահական ընտրությունների եւ նորընտիր նախագահի առնչությամբ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ նկատի ունենալով նաեւ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ու Իրանի նկատմամբ Արեւմուտքում եղած վերաբերմունքի հնարավոր խստացման հեռանկարը: – Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան Հայաստանի հետ հաղորդակցական ուղիներին կամ գազամուղին վերաբերող հարցերն են: Իրանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը, ըստ էության, ավելի է սրելու Միացյալ Նահանգների եւ Իրանի, նաեւ՝ Բրյուսելի ու Թեհրանի հարաբերությունները: Նորընտիր նախագահի առաջին երկու հայտարարությունները՝ ուրանի հարստացման ծրագրերը շարունակելու եւ իրականացնելու մտադրության, նաեւ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեղմելու հարցը ներկայիս իշխանությունների քաղաքական օրակարգում չլինելու մասին, ավելի քան մտահոգիչ են: Դրանք հղի են լուրջ հետեւանքներով, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար: Առնվազն զարմանալի է հայաստանյան որոշ այրերի հորթային խանդավառությունը Իրանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, առավել եւս, որ դրանք, մեղմ ասած, կասկածահարույց են եւ հեռու ազատ ու արդար համարվելուց: Ավելորդ է հիշեցնել, որ Իրանում բազմաթիվ այլ թեկնածուների նույնիսկ պարզապես թույլ չտրվեց առաջադրվել: Այսօր խոսվում է նաեւ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած լայնածավալ կեղծիքների մասին: Ես հակված չեմ հիմա վերլուծել, թե ինչպես եղավ, որ Ռաֆսանջանին ընտրությունների առաջին փուլում ավելի առաջ էր, քան նրա մրցակիցը, որը նախնական բոլոր հարցումներով նույնիսկ առաջատարների ցուցակում չէր: Փաստն այն է, որ Մահմուդ Ահմեդինեջադը, որի քաղաքականությունն ուղղված է՝ «առաջ դեպի անցյալը», այսօր Իրանի նախագահն է: Ինչ վերաբերում է նրա ընտրության արդյունքում Իրանի ներքին զարգացումներին՝ դա առանձին վերլուծության թեմա է: Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ այն, ինչ կապված է Իրանի նկատմամբ միջազգային հանրության, արեւմտյան քաղաքակրթության մտավախությունների հետ, ուղղակիորեն առնչվում է նաեւ մեզ: Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ շատ մոտ ապագայում Ադրբեջանի օդակայաններում տեղադրվելու է Միացյալ Նահանգների ռազմական օդուժը, կարծում եմ, ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականությունը շարունակելու դեպքում մենք կհայտնվենք չափազանց տխուր իրավիճակում: – Դուք նկատի ունեք մեր մնացած երեք հարեւանների հետ հարաբերությունների բարելավո՞ւմը: – Առաջին հերթին նկատի ունեմ այն, որ ՀՀ տարածաշրջանային քաղաքականությունը հանգեցրել է Հարավային Կովկասի բեւեռացման, ինչը աստիճանաբար ավելի է խորանում՝ հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի ռազմական բազաների առկայությունը, Վրաստանից ռուսական ռազմատեխնիկան Հայաստան ներմուծելը, որը էապես խախտում է հավասարակշռությունը եւ լրացուցիչ սպառնալիք հանդիսանում Հայաստանի անվտանգության համար: Այսինքն՝ Հայաստանը կշարունակի մնալ ՌԴ ֆորպոստը եւ Ռուսաստանի քաղաքականության իրականացնողը Հարավային Կովկասում: Այս ֆոնի վրա իրավիճակը ավելի մտահոգիչ է մեզ համար: Հենց այդ պատրվակն օգտագործելով՝ Ադրբեջանը էապես մեծացրեց իր ռազմական բյուջեն, եւ չի բացառվում նաեւ, որ Թուրքիան էլ ռազմական ստորաբաժանումների տեղաշարժ անի՝ դրանք մոտեցնելով Հայաստանի սահմաններին: Հարավային Կովկասում բաժանարար գծեր ուրվագծվելու տենդենցները (1999 թ. Հայաստանի հարեւանները դուրս եկան Հավաքական անվտանգության պայմանագրից եւ հստակ արտահայտեցին միջազգային անվտանգության այլ համակարգերի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի մտնելու մտադրության մասին) առաջանալուց անմիջապես հետո ես ձեւակերպեցի բանաձեւ, որը շուտով հրապարակեցի ռուսական մամուլում։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովվում է այն դեպքում, երբ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են միեւնույն անվտանգության համակարգում: Տվյալ բանաձեւը ներառում էր հետեւյալ դրույթները. եթե Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային (ինչպես անվտանգության, այնպես էլ՝ տնտեսական) համակարգերի ստեղծման գործընթացներից, տարածաշրջանի երկրների շահերը կհակադրվեն միմյանց, իսկ մրցակցող անվտանգության միավորումները եւ համակարգերը տարանջատող սահմանը կանցնի Հայաստանի պետական սահմանների երկայնքով: Որպեսզի Հարավային Կովկասը չվերածվի խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետի, Հայաստանը չպետք է անտեսի գոյություն ունեցող միջազգային անվտանգության համակարգերը եւ այն միությունները, որոնք առայժմ նոր են սաղմնավորվում, բայց ապագայում կարող են ստանձնել կարեւոր գործառույթներ: Այդ իմաստով Հայաստանի անդամակցությունը ՎՈՒՈՒԱՄ-ին «սկզբնական շրջանում՝ գոնե դիտորդի կարգավիճակով» ժամանակի պահանջ է (բարեբախտաբար, հիմա դա ՎՈՒԱՄ է): Ցավոք, նման դիրքորոշումն իր արտացոլումը չգտավ արտաքին քաղաքականությունում, քանի որ ներկայիս ավտորիտար ռեժիմի համար առաջին պլան մղվեց արտաքին քաղաքական բոլոր գործընթացները ստորադասելն իր իշխանությունը երկարաձգելու խնդրին: 2003թ.-ին ՀԱՊ-ը ՀԱՊԿ-ի վերակազմավորելու արդյունքում տարածաշրջանը դե յուրե պառակտվեց: Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը հռչակել են ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քաղաքականություն: (Ընդ որում, ավելացնեմ՝ տարօրինակ է, որ ՀՀ-ն այն պահանջները, որոնք ներկայացնում է եվրոպական երկրներին եւ ԱՄՆ-ին, իր անմիջական դաշնակից ՀԱՊԿ-ի անդամներին չի ներկայացնում՝ թե՛ Ցեղասպանության ճանաչման հարցում, թե՛ դրա հետ կապված այլ հարցեր, ԱՄՆ նախագահից պահանջում է, որ նրա ամենամյա ուղերձում նշվի Ցեղասպանություն բառը, բայց նույնը չի պահանջում ՌԴ նախագահ Պուտինից): – Ի դեպ, արդյոք օրինաչա՞փ էր, որ ՌԴ եւ ՀՀ նախագահները առաջիններից մեկը շնորհավորեցին Իրանի նորընտիր նախագահին ընտրության կապակցությամբ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հատկապես այդ երկու երկրներն են, որ ակտիվորեն են համագործակցում Իրանի հետ, ՌԴ-ն նաեւ ուրանի հարստացման ծրագրերի շրջանակներում: – Իհարկե, օրինաչափ էր, որովհետեւ պուտինյան Ռուսաստանն այսօր իրեն փորձում է հակադրել քաղաքակիրթ աշխարհին, իսկ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի վասալը: Ավելին, մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, ոչ հեռու ապագայում պատժիչ եւ ռազմական ուժ կարող է գործադրվել Թեհրանի նկատմամբ, եւ այդ իրավիճակում սիմպտոմատիկ անտարբերությունը այդպիսի զարգացումների նկատմամբ խիստ բնորոշ է ՀՀ իշխանություններին: Որքան էլ ԵՄ-ն տնտեսական շահեր ունենա Իրանում, Եվրոպան չի կարող ընկալել միջուկային զենք ունեցող ոչ աշխարհիկ պետություն հանդիսացող Իրանը: Դա Եվրոպայի համար անընդունելի է: Իրաքի հետ համեմատությունն այդ իմաստով անգամ տեղին չէ, որովհետեւ Իրաքում եթե պետք էին ապացույցներ զանգվածային ոչնչացման զենքի առկայության հարցում, ապա Իրանի պարագայում ապացույցներ պետք էլ չեն, որովհետեւ Իրանն ինքն է հայտարարում ուրանի հարստացման ծրագրերի իրականացման մասին: Մենք հերթական անգամ շատ լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած, բայց վստահ եմ, որ, ցավոք, ՀՀ իշխանությունները դրանց լրջորեն չեն վերաբերվելու եւ շարունակելու են իրականացնել Ռուսաստանից ստացվող հրահանգները: Հիշեցնեմ, որ դեռ 1999-ին, երբ ես ահազանգեցի, որ սկսվում է քննարկվել Ղարս-Թբիլիսի երկաթգծի շինարարության հարցը, այն ժամանակ իշխանությունները դրան չափազանց անտարբեր էին, իսկ հիմա այդ ծրագիրն արդեն իրականացման փուլում է: Եթե հիշում եք, 2001-ին էլ զգուշացրի, որ Հայաստանին սպասում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լուրջ մեկուսացում: Ի պատասխան՝ իշխանությունները ուղղակի սկսեցին վայրահաչել, թե՝ նման բան չկա, բայց այսօր իրենք էլ են դա ընդունում: Հիմա հերթական անգամ ասում եմ՝ ստեղծված իրավիճակը չափազանց լուրջ է, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստան-Իրան վտանգավոր առանցքում: Իհարկե, ՀՀ իշխանություններն այս խնդիրները չեն կարող լուծել ոչ միայն այն պատճառով, որ նրանք ինքնուրույն չեն, այլեւ այն պատճառով, որ չեն էլ ուզում, ուստի՝ օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից եւ Հայաստանը բերել բնականոն զարգացման ուղի՝ հնարավորություն ստեղծելով էվոլյուցիոն ճանապարհով զարգանալու համար: – Կարելի՞ է ենթադրել, որ Դուք առաջարկում եք վերանայել Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ, բացի այն, որ անհրաժեշտ եք համարում վերանայել ՀՀ կողմից վարվող քաղաքականությունն ու հարաբերությունները Հայաստանի մյուս երեք հարեւանների հետ: – Ոչ: Այս իրավիճակում Հայաստանը պետք է զարգացնի իր տնտեսական համագործակցությունը այդ երկրի՝ որպես մեր անմիջական հարեւանի հետ, բայց միաժամանակ չափազանց շրջահայաց եւ զգույշ պետք է լինի Թեհրանի հետ քաղաքական հարաբերություններում: Հայաստանը տարածաշրջանում չպետք է իր համար լրացուցիչ բարդություններ ստեղծի՝ խորացնելով Հարավային Կովկասում արդեն գոյություն ունեցող բեւեռացումը, որի հետեւանքները չափազանց ծանր են լինելու: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ8211ի հետ անհատական համագործակցության ծրագրերը բավարար չեն, եւ Հայաստանը պետք է հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել