Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հուլիս 01,2005 00:00

«XXI-ի
հեռանկարներ» 6-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին «Տոկիո»
լարային քառյակը (Մարտին Բիվեր՝ 1-ին ջութակ, Կիկուեյ Իկեդա՝ 2-րդ ջութակ, Կազուհիդե
Իզոմուրա՝ ալտ, Կլայվ Գրինսմիթ՝ թավջութակ) հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երեկ այս առիթով «Երեւան» հյուրանոցում հրավիրված ասուլիսից հետո ճապոնացի
երաժիշտները ոչ միայն հնարավորություն տվեցին շոշափել Ստրադիվարիուսի պատրաստած լարային
գործիքները, այլեւ մի փոքրիկ համերգ կազմակերպեցին լրագրողներիս համար: Հիշեցնենք,
որ «Պագանինիի քառյակ» կոչվող գործիքները, որոնցով 19-րդ դարում նվագել է ինքը՝ Պագանինին,
«Նիպպոն» երաժշտական հիմնադրամի կողմից 1955-ին օգտագործման է հանձնվել «Տոկիո» քառյակին:
Ինֆորմացիոն երաժշտական կենտրոնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ, կոմպոզիտոր
Ստեփան Ռոստոմյանն ասաց, որ 2,5 տարի է պահանջվել հանրահայտ երաժիշտներին Հայաստան
հրավիրելու համար: Երաժիշտներից հետաքրքրվեցինք, լինելով 35-ամյա քառյակ, ծանո՞թ
են մեր 80-ամյա «Կոմիտաս» քառյակին: «Կոմիտասը» հայտնի քառյակ է: Լսել ենք
միայն ձայնագրությունները: Երիտասարդ էինք, երբ ծանոթացանք նաեւ Արամ Խաչատրյանի
երաժշտությանը: Անձամբ ես սովորել եմ Իվան Գալամյանի մոտ՝ Ջուլիարդի դպրոցում: Այդ
տարիներին ծանոթ եմ եղել մեծանուն հայ այլ երաժիշտների, այդ թվում՝ 15 տարի մեր քառյակի
առաջին ջութակահար կանադահայ Փիթեր Ունջյանի հետ»,-ասաց ալտահար Կազուհիդե Իզոմուրան:
Թավջութակահար Կլայվ Գրինսմիթն էլ նշեց, որ շատ բան չգիտեին Հայաստանի մասին,
բայց լսել էին, որ հետաքրքիր ու հարուստ մշակույթ ունեցող երկիր է: Ստ. Ռոստոմյանը
տեղեկացրեց, որ «Տոկիո» քառյակին ընդունելու են մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը
եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա պարզաբանեց, որ Եվրոպայի փառատոնային
ասոցիացիային, որի անդամ է նաեւ «XXI-ի հեռանկարները», Հայաստանը ներկայացված է Երեւան
քաղաքով: Դրա համար էլ հանդիպումը Երեւանի քաղաքապետի հետ անհրաժեշտ է, որպեսզի օտարերկրյա
հյուրերը զգան պետության ուշադրությունը: «Առավոտի» հարցին՝ համաշխարհային
մեծության երաժիշտներ հրավիրելիս ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է Հայաստանի կոմպոզիտորների
միությունը, որը պետք է շահագրգիռ եւ հետաքրքրված լիներ մեր երկրի երաժշտական անցուդարձով,
պրն Ռոստոմյանը պատասխանեց. «Կոմպոզիտորների միությունը սուղ միջոցներով գոյատեւող
կառույց է, նա այդպիսի հնարավորություն չունի: Ոչ թե միությունը, այլ պետությունը
պիտի աջակցի նման ձեռնարկներին: Տեսաք, թե ինչպես Ճապոնացի երաժիշտները ասուլիսին
ցանկություն հայտնեցին, որ Հայաստանի վարչապետը ներկա լինի իրենց համերգին, դա արդեն
մարտահրավեր է»,-պատասխանեց նա: Ռոստոմյանից տեղեկացանք, որ պատրաստվում է հյուրերին
հրավիրել Գեղարդ, որի գեղեցկությունից ցնցված է եղել նաեւ աշխարհահռչակ «Քրոնոս»
քառյակը: Հետագայում նրանք խնդրել են Կոմիտասի ձայնագրությունները, որպեսզի ժամանակակից
մշակմամբ հնչեցնեն Գեղարդում ու տեսագրվեն: Վերջում պրն Ռոստոմյանը նկատեց.
«Ի դեպ, Թուրքիան, որ առանձնապես դասական մշակույթ չունի, իր 4 քաղաքներում նման
փառատոներ (նկատի ունի «XXI-ի հեռանկարների» նման- Գ. Հ.) է անցկացնում եւ այդ քաղաքներով
մտել է եվրոպական փառատոնային ասոցիացիայի մեջ, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ քաղաքակիրթ
երկիր է: Սա էլ քաղաքականություն է, ու մեր պետական այրերին պետք է որ մտածելու տեղիք
տա: Եթե Եվրոպայում տեսնում են, որ Հայաստանը պահանջ ունի «Քրոնոսի», «Տոկիոյի»,
Բաշմետի ու այլ մեծությունների, արդեն այլ աչքով են նայում: Եթե «Տոկիոն» Վրաստանում
հյուրընկալվեր, հաստատ Հայաստանի պետական այրերից շատերն իրենց կանանցով կմեկնեին
Թբիլիսի, իսկ Երեւանում գուցե չբարեհաճեն էլ գալ համերգի… Անցյալ տարի Յուրի Բաշմետին
մեր ջանքերի շնորհիվ ակադեմիկոսի կոչում շնորհվեց, իսկ ալտահարը մտածեց, որ պետությունն
է իրեն մեծարում: Լավ կլինի, որ բոլոր պետակայն այրերը, սկսած առաջին դեմքից, մտածեն
այդ մասին ու այդ ամենով զբաղվեն, ունենան պետական մտածողություն»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել