Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կալանավորներին չե՞ն խոշտանգում

Հուլիս 01,2005 00:00

Հ/Կ-ները դիտարկեցին ՔԿՀ-ները

Երեկ հասարակական կազմակերպություններից բաղկացած դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետ միասին պետք է քննարկեր քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) 2004-ի վերահսկողական գործունեության արդյունքները: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացված էր միայն ՔԿՀ վարչության պետ Սամվել Հովհաննիսյանով: Լսելով դիտորդական խմբի նախագահ Թեմիկ Խալափյանի հաշվետվությունը, նա հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է կալանավորվածին հավատալ, իսկ արդարադատության նախարարության աշխատողին՝ ոչ: Հաշվետվության մեջ անդրադարձ էր եղել ապրիլի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած մի խոշտանգման մասին, որին բազմաթիվ անգամ «Առավոտն» անդրադարձե է. խոսքը ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին խոշտանգելու փաստի մասին է: Չնայած արդարադատության նախարարությունը գտել էր, որ նրա նկատմամբ «հատուկ միջոցը» կիրառվել էր օրենքի սահմաններում, դիտորդական խումբը նշել էր, որ այդ «հատուկ» միջոցը կիրառելու ժամանակ դատապարտյալը եղել էր ձեռնաշղթաներով: Ս. Հովհաննիսյանի կարծիքով՝ «դիտորդական խմբի անդամը իրավունք չունի որակելու, թե կատարվածը խոշտանգում է»:

Դիտորդներն ավելի շատ առաջ քաշեցին սոցիալական պայմանների, քան իրավունքների հետ կապված խնդիրներ՝ «Վանաձոր», «Գորիս», «Նուբարաշեն»: Վանաձորի մեկուսարանի հետ կապված, որը նախկինում ձիանոց էր եղել, դիմել էին ՀՀ արդարադատության նախարարությանը, որ «այնտեղ մարդ պահել չի կարելի»: «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ խցերի թիվը 35 է, գտել էին, որ բացի ցմահ դատապարտյալների խցերից, մյուսները նորոգման խիստ կարիք ունեն, ներխցային զուգարանները բավականին մեկուսացված չեն, կալանավորներին տրվող 30 րոպեից 1 ժամ զբոսանքից բացի, այլ միջոցառումներ չեն կազմակերպվում: Դիտորդ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, կալանավորների հիմնական բողոքները վերաբերում էին իրենց քրեական գործերին եւ նա անտրամաբանական համարեց այն, որ իրականում վատ պայմաններում գտնվող դատապարտյալները քիչ են բողոքում իրենց վիճակից: Նրա կարծիքով, դա «տղայական մտածողություն է, թե անհարմար է ասել թերությունների մասին» եւ կամ զգուշանում են ղեկավարներից, կամ դիտորդներից: ՔԿՀ-ի վարչության պետ Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ցմահների հետ կապված մտադիր են մարզասրահ կառուցել եւ նաեւ իր «մեծ ցանկությունը» հայտնեց. «Կուզեինք կալանավորն ապրեր այնպես, ինչպես արտասահմանում՝ մեծահարուստը»: Նա նաեւ նկատեց, որ շատ կալանավորների մինչբանտային (տնային) պայմանները այնքան էլ բարվոք չեն եւ որ շատերը «հանցանք են կատարում ձրի լողանալու համար»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել