Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԵՑԻ՞ՆՔ «ԻԶԻ»-ՆԵՐԻ «ՍԵՎ ՇՈՒԿԱՅԻՑ»

Հուլիս 01,2005 00:00

ԱԶԱՏՎԵՑԻ՞ՆՔ
«ԻԶԻ»-ՆԵՐԻ «ՍԵՎ ՇՈՒԿԱՅԻՑ» Երեկ Կառավարության ընդունելությունների
տանը բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «VivaCell»-ի մուտքը ողջունելու էին եկել հանրապետության
բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ: Ներկաների թվում չկային
միայն «ԱրմենՏելի» ներկայացուցիչները: Այսուհետ ո՞ր կապից եք օգտվելու հարցին
տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Որը լավ ծառայություններ
կմատուցի, նրանից էլ կօգտվեմ. տեսնելով «VivaCell»-ի ներմուծած գերժամանակակից սարքավորումները,
իմ կարծիքով, որակը շատ լավն է լինելու»: Երբ «Ղ-Տելեկոմը» հաստատեց ավելի ցածր սակագներ,
քան «ԱրմենՏելը», ենթադրություններ արվեցին, թե առաջին օպերատորը կիջեցնի գները:
Պարոն Մանուկյանը հաստատեց այս ենթադրությունները. «Առաջիկայում «ԱրմենՏելն» ավելի
ցածր սակագներ կհաստատի հատկապես բջջային կապի համար, արդեն գրավոր դիմել է ինձ:
Էն ժամանակ որ ասում էի՝ ես հակամոնոպոլիստ եմ, այ, սրա համար էի ասում. մրցակցությունը
միշտ էլ բերելու է բարձր որակ եւ մրցունակ գներ: Մենք 3-4 տարի դժգոհում էինք «ԱրմենՏելի»
բջջային կապի որակից, այսօր նրանք ստիպված պիտի լինեն բարելավել որակը: Ես ամենաշատը
ուրախ եմ, որ այդ չարաբաստիկ Իզի քարտերի խնդիրը լուծվեց»: Ի դեպ, պարոն Մանուկյանի
հավաստմամբ, Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ Իզի քարտը սեւ շուկայում է
վաճառվում. «Ամոթ էր մեզ համար պարզապես, ոչինչ, վաղվանից էլ էդ խնդիրը չենք ունենա»:
Պատվավոր հյուրերի ցանկում, ինչպես նաեւ լրագրողների ուշադրության կենտրոնում
էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա որոշ «ճշտումներ» արեց իր ու
եղբոր՝ Վահան Հարությունյանի շուրջ պտտվող վերջին տեղեկությունների մասին. «Ղ-Տելեկոմի
ընտրությունը կատարվել է ոչ մեր մասնակցությամբ, այդ որոշումն ընդունել է մրցութային
հանձնաժողովը: Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին, բնականաբար ես ոլորտում
պրակտիկորեն բոլորին ծանոթ եմ: Այն լուրերը, որ շրջանառվում են, ուղղակի ծաղր են,
ես իսկապես հանգստացել եմ Լիբանանում՝ իմ ընտանիքով, իմ հաշվին, եւ մեկ անգամ, այո,
մենք ընթրել ենք պարոն Ֆաթուշի հետ, բայց սա բացարձակապես չի կապվում ոլորտում մեր
աշխատանքի հետ, այդ աշխատանքը մենք նախաձեռնել էինք շատ ավելի վաղուց»: Իսկ եղբոր
իրավաբանական գրասենյակի անունով պետական ռեգիստրում «Ղ-Տելեկոմի» գրանցվելու առնչությամբ
նախարարն ասաց. «Իմ եղբայրները վաղուց են իրավաբանական ծառայություններ մատուցում,
եւ այն, որ իրենց են ընտրել, խոսում է մատուցած ծառայությունների որակի մասին: Եթե
դուք էլ զբաղվեիք բիզնեսով եւ որոշեիք, թե ում ծառայություններից օգտվեիք, առաջին
հերթին դուք էլ կդիտարկեիք իրենց թեկնածությունը՝ զուտ մասնագիտական պատրաստվածության
առումով»: Պարոն Հարությունյանը նաեւ ներկայացրեց նոր օպերատորի առավելությունները.
«VivaCell»-ն ի վիճակի է սպասարկել 300 հազար բաժանորդի։ Դա մի թիվ է, որին «ԱրմենՏելը»
չկարողացավ հասնել անցած 7 տարիների ընթացքում»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել