Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐԻՏ ՄԱՏՐՈ՞ՍՈՎ

Հուլիս 01,2005 00:00

ՃՇՄԱՐԻՏ
ՄԱՏՐՈ՞ՍՈՎ «Գոլդեն փելես» բարձրակարգ հյուրանոցի սեփականատերը
տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն է: Այդ իրողությունը հայտնաբերել
են «Ազգի» մեր գործընկերները, իսկ երեկ «168 ժամին» այդ լուրը հաստատել է անձամբ
պարոն Ճշմարիտյանը: Տեսնես, նախագահ Քոչարյանը, որը մայիսի 31-ին ներկա էր հյուրանոցի
բացմանը, գիտե՞ր դրա մասին: Եվ ընդհանրապես՝ ինչ էին մտածում տեղյակ մարդիկ, երբ
այդ օրը գեղեցիկ ճառեր էին արտասանվում այն մասին, թե ինչ լավ է, որ արտասահմանյան
(տվյալ դեպքում՝ կիպրոսյան) կապիտալը ներդրվում է հայաստանյան տնտեսության մեջ: Պարզվում
է՝ այս կապիտալը մերն է, տեղականը: Պնդումը, որ փոխնախարարն իրավունք չունի
հյուրանոցի սեփականատեր լինել, կարծում եմ, ճիշտ չէ՝ այդպիսի օրենք գոյություն չունի:
Հարցադրումը, թե որտեղի՞ց է համեստ աշխատավարձ ստացող եւ խոշոր բիզնեսով երբեւէ չզբաղված
փոխնախարարը հայթայթել միլիոնավոր դոլարներ՝ այդքան շքեղ հյուրանոց գնելու համար,
իհարկե, արդարացի է: Բայց անձամբ ինձ համար այդ հարցադրումն այդքան էլ էական չէ (գիտակցում
եմ, որ ընթերցողների մեծ մասը հենց այդ հարցն է կարեւորում): Ենթադրենք՝ Հ. Ճշմարիտյանը
հայտնաբերել է տատի ոսկիները, որոնք մոռացել էր հայտարարագրել, երբ պաշտոնյաները
պարտավոր էին դա անել: Կամ՝ դրանք ոչ թե Հայկ Ճշմարիտյանի փողերն են, այլ Արմեն Ավետիսյանի,
քանի որ մաքսային կոմիտեի նախագահը Հայկ Ճշմարիտյանի բարեկամն է: Կամ էլ (որն ամենահավանականն
է թվում) պրն Ճշմարիտյանը պարզապես Մատրոսովի նման իր վրա է վերցրել «օբյեկտը»՝ ավելի
բարձր շեֆերին «չվառելու» համար: Բայց ամենակարեւորն այստեղ հետեւյալն է.
տեղական կապիտալը ներկայացվել է որպես կիպրոսյան կապիտալ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով.
արտասահմանյան ներդրողները 5 տարի ազատվում են հարկերից: Եթե այդպես է, ուրեմն «Գոլդեն
փելեսի» սեփականատերը (ով էլ նա լինի) խաբել է հարազատ պետությանը, նրան վնաս է հասցրել,
եւ այդ ամենը շատ նման է փողերի լվացման: Բայց իրավապահ մարմինները դրանով չեն զբաղվելու,
քանի որ հարկայինը, մաքսայինը, նախարարությունները, դատախազությունն ու դատարանները
մեզ մոտ, ըստ էության, նույն «կանտորան» են: Եվ այդ «կանտորան» ինքն իր դեմ չի աշխատելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել