«ՀՈԼԻՎՈՒԴՑՈՒ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում օրերս տեղի ունեցավ Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» տրագիկոմեդիայի պրեմիերան՝ ամերիկաբնակ դերասան-ռեժիսոր Ժան Նշանյանի բեմադրությամբ: Պիեսը ներկայացնում է ԱՄՆ արտագաղթած հայ ընտանիքներից մեկի ճակատագիրը: Մինչ պրեմիերան հանդիպեցինք Ժ. Նշանյանին: Նրանից հետաքրքրվեցինք՝ 25 տարի առաջ իրենց ընտանիքի առջեւ էլ հավանաբար ծառացել էր Ամերիկա գնալ-չգնալու հարցը: Այսօր ինչպիսի՞ն է արվեստագետի կարծիքը այս խնդրի վերաբերյալ: Ժ. Նշանյանի խոսքերով՝ «Մենք մարդկանցից ենք փախչում, ոչ՝ հայրենիքից: Պարզապես նեղանում ենք ու գնում»: Բնականաբար, հարց ծագեց՝ ինքը ժամանակին ումի՞ց էր նեղացել: Դրան ի պատասխան՝ դերասանը հայտնեց, որ իր դեպքը եզակի է. «Վարդան Աճեմյանի մահից հետո հուսախաբություն ապրեցի: Որոշեցի գնալ ու գնացի»: Ռեժիսորից տեղեկացանք, որ կազմակերպչական՝ դեկորների, հագուստների, մի խոսքով՝ ներկայացման հետ կապված բոլոր հարցերը հոգացել է Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանը. «Ներկայացման ֆինանսական կողմը ապահովել է թատրոնը՝ իր բյուջեից»: Ժ. Նշանյանին ուրախացրել է, որ գլխավոր դերակատարներից բացի (Ալլա Վարդանյան, Արմեն Մարության, Հասմիկ Ալեքսանյան), 4-ը սկսնակ դերասաններ են՝ Վ. Շահվերդյանի կուրսի շրջանավարտներ. «Դերասանների ավագ սերունդը պետք է հասկանա, որ իրենք էլ մեծ դեր ունեն նորելուկների՝ որպես արտիստ դաստիարակման գործում»: Պրեմիերայից հետո թատերագետ Վարսիկ Գրիգորյանը «Առավոտին» ասաց. «Դրամատուրգիան ակնկալում է ընթացք՝ իր փոփոխություններով, ինչը նկատելի չէ այս պիեսում: «Խոխմաներով», սրախոսություններով պիես չի լինում: Այո, ջանացել են եւ ռեժիսորը, եւ դերասանները: Ժամանակ առ ժամանակ Ալլա Վարդանյանի, Արմեն Մարությանի եւ մյուսների, այդ թվում՝ եւ երիտասարդների խաղը, իրենց ժեստով, պահվածքով, շարժումով, խոսքը կարծես ընթացք էր ուզում հաղորդել, զարգացնելով դինամիկ գիծը: Բայց միեւնույն է՝ պիեսը դրամատուրգիայի իմաստով թույլ է»: 20 տարի «Վարդան Աճեմյան» թատերախմբի գեղարվեստական ղեկավարները՝ Ժան Նշանյանը եւ իր կինը՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանը, դուրս են եկել Սփյուռքի շրջանակներից՝ նկարահանվելով հոլիվուդյան ֆիլմերում: Նշենք, որ այս փաստը Հայաստանից արտագաղթած արվեստագետների դեպքում եզակի երեւույթ է: Ինչպես «Առավոտը» ամիսներ առաջ տեղեկացրել էր, Շ. Թուխմանյանի մասնակցությամբ Ալեքսանդր Փեյնի «Հարակից ճանապարհ» ֆիլմը արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգեւին՝ «Օսկարին»՝ «Լավագույն սցենար» անվանակարգում: Ինչպես նշեց Ժ. Նշանյանը, նույն ֆիլմը արժանացել է նաեւ վերոնշյալ կինոակադեմիայի սահմանած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության միանգամից երկու պարգեւի: Ամուսինները նկարահանվել են նաեւ Անդրիու Նիկոլի «Պատերազմի դերը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի ծնողների կերպարները: Իսկ գլխավոր հերոսի դերում նկարահանվել է Նիկոլոս Քեյջը: Այս ֆիլմում հայ դերասանների խաղընկերներն են եղել նաեւ Ջերալդ Լիդոնին եւ Դոնալդ Սանդրլենդը: Ժ. Նշանյանը նկարահանվել է նաեւ Մայքլ Զիմբրգի «Աչքեր» ֆիլմում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ