Թեկնածուները երկմտում են Սակայն արդեն այսօր «անհայտ անձինք» Արաբկիրի բնակիչներից անձնագրային տվյալներ են ուզում Մեր տեղեկություններով, Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը, որը դեռ մի քանի ամիս առաջ է սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ գովազդային ակցիաների եւ տոնական միջոցառումներին համայնքի բնակիչներին նվերներ բաժանելու տեսքով, համայնքի թաղապետի առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու հարցում երկմտում է: Երեկ «Առավոտը» Լ. Հարությունյանից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է կրկին առաջդրվել թաղապետի թեկնածու, ինչին նա պատասխանեց. «Ես առաջադրվելու, չառաջադրվելու որոշում դեռ չեմ կայացրել, բայց եթե որոշեմ թեկնածությունս չդնել, այդ մասին կհայտարարեմ: Իմ՝ երկմտելու մասին լուրերը, հավանաբար իմ հակառակորդներն են տարածում՝ իրենք իրենց դուխ տալու համար: Այս պահին ես ինձ շատ ուժեղ եմ համարում: Բայց հնարավոր է, որ չառաջադրվեմ, ես էլ եմ, չէ՞, մարդ, կարող ա ծրագրեր ունեմ, կարող ա ուզում եմ մի քիչ էլ ինձ համար աշխատել»: Մեր աղբյուրի հաղորդմամբ, այս համայնքում, ի թիվս այլոց, իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել ջրմուղի Կենտրոն համայնքի մասնաճյուղի տնօրեն, նախկինում Կենտրոնի թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Միքայել Դավթյանը: Մեր հարցին պարոն Դավթյանն այսպես արձագանքեց. «Դրա մասին խոսելը դեռ վաղ է, դեռ չեմ որոշել, բայց, այնուամենայնիվ, մտածում եմ»: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Երեկ դպրոցական տարիքի տղաներ բախում էին Արաբկիր համայնքի բնակիչների դռները եւ հարցնում նրանց անուն-ազգանունն ու անձնագրի համարը՝ «թաղապետի ընտրությունների համար»։ Թե ինչպես են հայաստանյան ընտրություններում օգտագործվում այդ տվյալները՝ բոլորը գիտեն։