Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ՝

Հունիս 30,2005 00:00

ԴՊՐՈՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երեկվանից իր աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը, որը 12-րդն է ԵԽ նման հաստատությունների շարքում: Դպրոցի տնօրենը՝ Արմեն Զաքարյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանի քաղաքացիները ստիպված էին լինում սովորել այլ երկրների Քաղաքական դասընթացների դպրոցներում, իսկ հիմա հնարավորություն է ընձեռված այդ ուսուցումը կազմակերպել այստեղ: Սակայն նաեւ վերապահում արեց. «Մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել այստեղ, պիտի կարողանան համոզել, որ իրենք գոնե հետեւում են Հայաստանի քաղաքական զարգացումներին ու գործընթացներին»: 6 տարի է, ինչ նման դպրոց գործում է Թբիլիսիում: Եվ այս տարի ԵԽ քաղաքական դասընթացների դպրոց կբացվի նաեւ Կիեւում: Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը հայտնեց, որ ԵԽ-ն մտադիր է ընդլայնել նման դպրոցների ցանցը ողջ աշխարհում՝ քարոզելով եվրոպական արժեքներն ու սկզբունքները: Ի դեպ, Հայաստանն այս առումով առաջ է ընկել իր հարեւանից՝ Ադրբեջանից, որտեղ առայժմ չկա նման դպրոց: «Այսօր դպրոց բացեցինք Երեւանում, հուսով ենք, որ շատ շուտով նույնը կլինի Բաքվում: Տարածաշրջանային ցանցեր ունենալը նմանօրինակ դպրոցների համար շատ կարեւոր է: Նաեւ պատասխանատու մարդիկ ունեն դրանց կարիքը»,- ասաց Կլաուս Շումանը: Բացման արարողությանը մասնակցում էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, թե նոր սերունդներին անհրաժեշտ է քարոզել ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն: «Բոլորս պետք է կարողանանք փաստել, որ պարզապես Փարիզում կամ Ստրասբուրգում լինելով՝ եվրոպացի չեն դառնում: Եվրոպացին քաղաքակրթական արժեքների որոշակի համակարգ է, որ պետք է կրի մարդը»,- ասաց պրն Հարությունյանը՝ կարեւորելով Քաղաքական դասընթացների դպրոցի դերը նոր մտածողության ձեւավորման հարցում: Ըստ Կլաուս Շումանի՝ դպրոցների ստեղծման սկզբնական շրջանում ուշադրության կենտրոնում էր միայն Հարավարեւելյան Եվրոպան: Սակայն այսօր, հատկապես Ֆրանսիայում եւ Հոլանդիայում կայացած հանրաքվեներից հետո, ԵԽ-ում գտնում են, թե նման դպրոցներն օգտակար կլինեն նաեւ ԵԽ հին-անդամ երկրների համար՝ եվրոպական արժեքների կայացմանը որոշակի աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի առաջին ուսանողները 35-ն են, որոնց մեջ ե՛ւ ԱԺ պատգամավոր կա, ե՛ւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ե՛ւ ՀՌԱՀ-ի աշխատակազմի անդամ, ե՛ւ «Ա1+»-ի լրագրողներ… Մեկ տարվա ընթացքում նրանք մասնակցելու են սեմինարների՝ եվրոինտեգրման, Հայաստանի արտաքին քաղաքականության, սահմանադրական, ընտրական, պետական կառավարման համակարգերի եւ Հայաստանի քաղաքական ընթացիկ զարգացումների վերաբերյալ թեմաներով: Ուսուցման վերջում ուսանողները կմեկնեն Ստրասբուրգ, ուր կստանան ավարտական վկայական՝ ԵԽ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ: Ի դեպ, ողջույնի խոսքով հանդես գալուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Կլաուս Շումանին նվիրեց իր «Սահմանադրական մշակույթ. պատմության դասեր եւ ժամանակակից մարտահրավերներ» մենագրությունը: «Մեր հարգարժան Գագիկ Գարուշեւիչի գիրքը կարդալուց՝ անպայմանորեն ցանկություն կառաջանա մի 50 գրամով իմաստավորել ընթերցածը»,- ասաց «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավարին նվիրեց մի շիշ կոնյակ: Ընդ որում՝ Գագիկ Հարությունյանը նրան էր զիջել իր տեղը բարձրախոսի մոտ, ինչի կապակցությամբ պրն Գեղամյանը հարկ համարեց կեսկատակ արդարանալ. «Ասեմ, որ աչք չունեմ Սահմանադրական դատարանի նախագահի տեղի վրա»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել