ՀԱՑԱԴՈՒԼ՝ ԿԱՐԱԾ ԲԵՐԱՆՈՎ Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի թիվ 1 հասցեում վերջին ամիսներին Երեւանի համար խիստ սովորական դարձած հերթական «միջոցառումն» է՝ մարդկանց են տարհանում հայրենական օլիգարխիայի հերթական հասարակական օբյեկտի կառուցման համար: Դրա հետեւանքով 31 հոգի կհայտնվի փողոցում: Վաչագան Խաչատրյանի 18 հոգանոց ընտանիքը եւս: Տասնմեկ երեխաների հայրն ուզում է վտարումը կանխել իր յուրօրինակ հացադուլով: Իր ձեռքով կարել է բերանն ու նստել հացադուլի: 304 քմ տարածքում նախկինում գործել է «Գեղարդ» ռեստորանը: Այժմ այնտեղ ապրում է երեք ընտանիք, որոնց տներն իրարից բաժանված են մի վարագույրով: Այդ տարածքը երկու ընտանիքներին, որպես Արցախյան պատերազմի մասնակից, տվել են նախկին իշխանությունները: Վաչագան Խաչատրյանի ընտանիքին ոչ ոք այդ տարածքը չի հատկացրել: «Երբ աղջկաս՝ Մարիամիկի գլխի ծանր վիրահատության համար գումար էր պետք, մորս տունը վաճառեցի, որը նույն շենքի երրորդ հարկում էր եւ ընտանիքով տեղափոխվեցի այստեղ: Մեր բոյին առնետներ կային, սատկացրինք, տարածքը մաքրեցինք եւ 10 տարի շարունակ այստեղ ենք ապրում»,- պատմում է Վ. Խաչատրյանը: Ավագ որդին 28 տարեկան է, փոքրը աղջիկ է՝ 11 ամսական. Արթուր, Աշոտ, Արսեն, Մարիամ, Գայանե, Գեւորգ, Հռիփսիմե, Թամարա, Պարույր, Անի եւ Աննա: Արթուրն ամուսնացած է եւ ունի երկու երեխա, Աշոտը եւս ամուսնացած է, նրա երեխան մեկ ամսից կծնվի: Բազմանդամ ընտանիքի բնակիչների թիվն այսքանով չի սահմանափակվում: Վաչագանի 76-ամյա մայրը եւ 51-ամյա քույրը եւս ապրում են իրենց հետ: 2002-ին Վաչագանին եւ կնոջը «Դիակոնիա» բարեգործական ընկերությունը «Հույսի ավան» թաղամասում տվել է երեք սենյականոց տուն եւ արգելել նրա չափահաս երեխաներին ապրել այնտեղ: «Ընտանիքս այդպես երկու մասի բաժանվեց, բայց ինձ պետք չի կիսատ- պռատ ապրել, ես ուզում եմ լինել իմ ընտանիքի հետ»,- ասաց Վաչագանի կինը՝ տիկին Անգինը: Այս տարվա հունիսին տարածքի սեփականության վկայականը ձեռքին հայտնվել է Վասպուրակ Մարտիրոսյանը, որը ըստ բնակիչների՝ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի վարորդն է եւ միայն փաստաթղթերով է տարածքի սեփականատեր: Վ. Մարտիրոսյանը հրահանգել է ազատել տարածքը, այլապես «ասեց՝ դատի կտամ, ձեզ կվտարեն տարածքից»,- պատմեց Վ. Խաչատրյանը: Վտարվողների ունեցած տվյալներով, սեփականատերը մտադիր է տարածքը դարձնել բիլիարդանոց: Որպես փոխհատուցում՝ տարածքի նոր տերը «բարի կամք» է դրսեւորել՝ առաջարկել է 19 հոգանոց ընտանիքի համար վարձել երեք սենյականոց տուն եւ վճարել վեց ամսվա տան վարձը: Վաչագանի ընտանիքն ապրում է բազմազավակության համար ստացած 34 հազար եւ փոքրիկ աղջկա հաշմանդամության 4500 դրամ թոշակով: Աշոտը նույնպես երկրորդ կարգի հաշմանդամ է: Աշխատանք ունի միայն Արթուրը: «Տափուկավարի տարածքն առան, ամեն տարի գալիս չափումներ են անում ու չեն էլ ասում: Մենք դուրս եկողը չենք ստեղից: Եթե չեն ուզում ստեղ զոհեր լինեն, թող մեր հարցը լուծեն»,- դժգոհեցին տարածքի բնակիչները: Խաչատրյանների ընտանիքը բազմիցս դիմել է թաղապետ Դավիթ Պետրոսյանին. «Լավ էլ ծանոթ ա մեր խնդրին, մի անգամ ընդունեց, ասեց՝ չի կարա օգնի: Հիմա էլ, երբ գնում ենք՝ չի ընդունում»,- պատմեց Վաչագան Խաչատրյանը: Ի դեպ, նա չի պատրաստվում դադարեցնել իր հացադուլը, մինչեւ իրենց ուշադրություն չդարձնեն: «Մենք բոմժ չենք, հո փող չե՞նք ուզում: Թող մեզ ծածկ տան, ուրիշ ոչինչ պետք չէ»,- սա բազմազավակ ընտանիքի վերջնագիրն է: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ