Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉ-ՈՐ

Հունիս 30,2005 00:00

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է Իրանում նախագահ է փոխվել, սակայն դա մեր քաղաքական վերնախավին եւ հասարակությանը կարծես թե չի հետաքրքրում: Ընդհանուր մտավոր դեգրադացիայի ֆոնի վրա մեզ մոտ կարծես թե վերանում է լուրջ խնդիրները քննարկելու կուլտուրան: «Քաղաքական իրադարձությունների» շարքին Հայաստանում կարող է դասվել պատմությունը, թե ինչպես է, ասենք, Արշակ Սադոյանի շունը կծել Մանուկ Գասպարյանի կատվին, եւ դրա շուրջ կարող է երկարատեւ բանավեճ ծավալվել: Աշխարհի եւ սեփական երկրի հանդեպ այդ մակարդակի «ռեֆլեքսիան» թույլ չտվեց մեզ ըստ արժանվույն գնահատել, օրինակ, Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունը: Երեք տարի շարունակ առավել «խելոքները» կրկնում էին ռուսական հեքիաթն այն մասին, թե ոչ մի նավթատար էլ չի կառուցվելու, եւ դա զուտ քաղաքական խաղ է: Նույնիսկ հիմա, երբ այդ նավթատարը շահագործվում է, կան պնդաճակատներ, որոնք շարունակում են խոսել այդ ոգով: Հնչեցվում են բանաձեւեր, որոնք բազմակի օգտագործման հետեւանքով ձեռք են բերել համարյա նզովական խոսքի կարգավիճակ: Օրինակ, «Բաքուն դարձել է Արեւմուտքի նավթային շահերի պատանդը»: Արի ու հասկացիր, թե ինչ է դա նշանակում: Հիմա էլ Իրանը: Իհարկե, մեր տարածաշրջանն այդքան կանխատեսելի չէ, որքան առանձին վերցրած Հայաստանը, որտեղ, եթե մեր շուրջը ոչինչ չփոխվի, մոտակա 10 տարվա լճացումը կարելի է կանխագուշակել բավականին մեծ հավանականությամբ: Տարածաշրջանում կարող է պատահել ամեն ինչ: Բայց Հայաստանի քիչ թե շատ մտածող քաղաքացին չի կարող, չէ՞, բացառել, որ հարեւան երկրում՝ այն երկրում, որն անչափ կարեւոր է մեզ համար տնտեսական եւ քաղաքական առումով, կարող է շուտով մեծ հրդեհ բռնկվել: Գուցե հիշենք նաեւ, որ մենք ունենք այլ հարեւաններ, որոնք նույնպես խնդիրներ ունեն Իրանի հետ: Եվ այդ առումով փոքր-ինչ խորհենք, թե ինչ օրակարգ ուներ Բուշ-Էրդողան վերջերս տեղի ունեցած հանդիպումը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են մի կողմից՝ Իրանի միջուկային ծրագրերը (եւ այդ հարցում Թուրքիան եւ ԱՄՆ-ը, հավանաբար, միակարծիք են), մյուս կողմից՝ քրդական հարցը, որում Իրանն ավելի շուտ Թուրքիայի դաշնակիցն է: Մի խոսքով, մեր շուրջը ինչ-որ բան կատարվում է, եւ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ես, իհարկե, չգիտեմ: Բայց ամենացավալին այն է, որ գրեթե մարդ չի մնացել, ումից կարելի է դա հարցնել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել