Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին

Հունիս 30,2005 00:00

Հայերին ջարդել տնտեսապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր կառավարության առջեւ խնդիր է դրել լինել 10 անգամ ավելի հարուստ, քան Հայաստանը: «Տնտեսական ներուժի տեսակետից Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ: Այսօր մեր բյուջեն 4 անգամ գերազանցում է նրանց բյուջեն: Ես կառավարության առջեւ խնդիր եմ դրել՝ ինչպիսին էլ որ լինի Հայաստանի բյուջեն, մերը պետք է 10 անգամ գերազանցի այն, եւ մենք կհասնենք դրան»: Այս հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել «Սի-Էն-Էն Թյուրք» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում: Համոզմունք հայտնելով, որ բանակցային գործընթացում առավելությունն Ադրբեջանինն է, Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտության մասին: «Մենք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, քաղաքական դաշնակիցներ ենք, մեր դաշնակցությունը տարածաշրջանի այլ երկրների հետ չափազանց կարեւոր է: Օրինակ, ներկայումս մենք աշխատում ենք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի վրա: Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում վերածվում են չափազանց կարեւոր ուժի: Ուստի՝ չեմ կասկածում, որ մենք կլուծենք Ղարաբաղի հարցը: Պարզապես, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք առանց արյունահեղության»,- ասել է Ալիեւը: Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը «հուսադրող» է անվանել Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած բանակցությունների վերջին փուլը: «Հայկական կողմը հասկանում է, որ ակտիվ բանակցությունները շարունակելուց բացի, այլ տարբերակ չունի: Ադրբեջանը պատրաստ է արտոնյալ իրավունքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին եւ անվտանգության երաշխիքներ տալ նրանց: Ես համոզված եմ, որ խնդիրը կլուծվի հենց այս համատեքստում»,- իր միտքն է զարգացրել Իլհամ Ալիեւը: Անդրադառնալով հեղափոխությունների թեմային՝ վերջինս գրեթե բառացիորեն կրկնել է Ռոբերտ Քոչարյանի՝ նույն թեմայով հնչեցրած գնահատականները: Այսպես. Ալիեւը բացառել է Ադրբեջանում հեղափոխության անցկացման հնարավորությունը: Նրա կարծիքով, կարելի է զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի եւ որոշ հետխորհրդային պետությունների միջեւ, որտեղ տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ, սակայն «ամեն մի ժողովուրդ ունի իր պատմությունը, եւ ներքաղաքական գործընթացները յուրաքանչյուր պետությունում տարբեր են»: Ապա Ալիեւն այնպիսի բան է ասել, որ Քոչարյանը հաստա՛տ չէր հանդգնի ասել. «Հենվելով ժողովրդի սիրո եւ հարգանքի վրա՝ ես վստահորեն եւ համարձակորեն կատարում եմ իմ պարտավորությունները»: Ալիեւը նշել է նաեւ, որ իշխանափոխությունն Ուկրաինայում կատարվել է ժողովրդի եւ իշխանության միջեւ խնդիրների կուտակման պատճառով: Իսկ Ադրբեջանում «որեւէ հեղափոխության համար հիմքեր չկան»,- վստահեցրել է նա: Ըստ «Արմինֆոյի» եւ «Մեդիամաքսի»՝ պատ. ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել