Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները երկմտում են

Հունիս 30,2005 00:00

Սակայն արդեն այսօր «անհայտ անձինք» Արաբկիրի բնակիչներից
անձնագրային տվյալներ են ուզում Մեր տեղեկություններով, Արաբկիր համայնքի
թաղապետ Լեւոն Հարությունյանը, որը դեռ մի քանի ամիս առաջ է սկսել իր նախընտրական
քարոզարշավը՝ գովազդային ակցիաների եւ տոնական միջոցառումներին համայնքի բնակիչներին
նվերներ բաժանելու տեսքով, համայնքի թաղապետի առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը
առաջադրելու հարցում երկմտում է: Երեկ «Առավոտը» Լ. Հարությունյանից հետաքրքրվեց՝
մտադի՞ր է կրկին առաջդրվել թաղապետի թեկնածու, ինչին նա պատասխանեց. «Ես առաջադրվելու,
չառաջադրվելու որոշում դեռ չեմ կայացրել, բայց եթե որոշեմ թեկնածությունս չդնել,
այդ մասին կհայտարարեմ: Իմ՝ երկմտելու մասին լուրերը, հավանաբար իմ հակառակորդներն
են տարածում՝ իրենք իրենց դուխ տալու համար: Այս պահին ես ինձ շատ ուժեղ եմ համարում:
Բայց հնարավոր է, որ չառաջադրվեմ, ես էլ եմ, չէ՞, մարդ, կարող ա ծրագրեր ունեմ, կարող
ա ուզում եմ մի քիչ էլ ինձ համար աշխատել»: Մեր աղբյուրի հաղորդմամբ, այս համայնքում,
ի թիվս այլոց, իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել ջրմուղի Կենտրոն համայնքի
մասնաճյուղի տնօրեն, նախկինում Կենտրոնի թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի
պետ Միքայել Դավթյանը: Մեր հարցին պարոն Դավթյանն այսպես արձագանքեց. «Դրա մասին
խոսելը դեռ վաղ է, դեռ չեմ որոշել, բայց, այնուամենայնիվ, մտածում եմ»: Լ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Երեկ դպրոցական տարիքի տղաներ բախում էին Արաբկիր
համայնքի բնակիչների դռները եւ հարցնում նրանց անուն-ազգանունն ու անձնագրի համարը՝
«թաղապետի ընտրությունների համար»։ Թե ինչպես են հայաստանյան ընտրություններում օգտագործվում
այդ տվյալները՝ բոլորը գիտեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել