Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 30,2005 00:00

Երեկվանից իր աշխատանքները
սկսեց Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների երեւանյան
դպրոցը, որը 12-րդն է ԵԽ նման հաստատությունների շարքում: Դպրոցի տնօրենը՝
Արմեն Զաքարյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանի քաղաքացիները ստիպված էին լինում
սովորել այլ երկրների Քաղաքական դասընթացների դպրոցներում, իսկ հիմա հնարավորություն
է ընձեռված այդ ուսուցումը կազմակերպել այստեղ: Սակայն նաեւ վերապահում արեց. «Մարդիկ,
ովքեր ցանկանում են սովորել այստեղ, պիտի կարողանան համոզել, որ իրենք գոնե հետեւում
են Հայաստանի քաղաքական զարգացումներին ու գործընթացներին»: 6 տարի է, ինչ
նման դպրոց գործում է Թբիլիսիում: Եվ այս տարի ԵԽ քաղաքական դասընթացների դպրոց կբացվի
նաեւ Կիեւում: Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար
Կլաուս Շումանը հայտնեց, որ ԵԽ-ն մտադիր է ընդլայնել նման դպրոցների ցանցը ողջ աշխարհում՝
քարոզելով եվրոպական արժեքներն ու սկզբունքները: Ի դեպ, Հայաստանն այս առումով առաջ
է ընկել իր հարեւանից՝ Ադրբեջանից, որտեղ առայժմ չկա նման դպրոց: «Այսօր դպրոց բացեցինք
Երեւանում, հուսով ենք, որ շատ շուտով նույնը կլինի Բաքվում: Տարածաշրջանային ցանցեր
ունենալը նմանօրինակ դպրոցների համար շատ կարեւոր է: Նաեւ պատասխանատու մարդիկ ունեն
դրանց կարիքը»,- ասաց Կլաուս Շումանը: Բացման արարողությանը մասնակցում էին
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը,
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Սահմանադրական դատարանի
նախագահ Գագիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, թե նոր սերունդներին անհրաժեշտ
է քարոզել ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն: «Բոլորս պետք է կարողանանք
փաստել, որ պարզապես Փարիզում կամ Ստրասբուրգում լինելով՝ եվրոպացի չեն դառնում:
Եվրոպացին քաղաքակրթական արժեքների որոշակի համակարգ է, որ պետք է կրի մարդը»,- ասաց
պրն Հարությունյանը՝ կարեւորելով Քաղաքական դասընթացների դպրոցի դերը նոր մտածողության
ձեւավորման հարցում: Ըստ Կլաուս Շումանի՝ դպրոցների ստեղծման սկզբնական շրջանում
ուշադրության կենտրոնում էր միայն Հարավարեւելյան Եվրոպան: Սակայն այսօր, հատկապես
Ֆրանսիայում եւ Հոլանդիայում կայացած հանրաքվեներից հետո, ԵԽ-ում գտնում են, թե նման
դպրոցներն օգտակար կլինեն նաեւ ԵԽ հին-անդամ երկրների համար՝ եվրոպական արժեքների
կայացմանը որոշակի աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքական դասընթացների
երեւանյան դպրոցի առաջին ուսանողները 35-ն են, որոնց մեջ ե՛ւ ԱԺ պատգամավոր կա, ե՛ւ
նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ե՛ւ ՀՌԱՀ-ի աշխատակազմի անդամ, ե՛ւ «Ա1+»-ի
լրագրողներ… Մեկ տարվա ընթացքում նրանք մասնակցելու են սեմինարների՝ եվրոինտեգրման,
Հայաստանի արտաքին քաղաքականության, սահմանադրական, ընտրական, պետական կառավարման
համակարգերի եւ Հայաստանի քաղաքական ընթացիկ զարգացումների վերաբերյալ թեմաներով:
Ուսուցման վերջում ուսանողները կմեկնեն Ստրասբուրգ, ուր կստանան ավարտական վկայական՝
ԵԽ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ: Ի դեպ, ողջույնի խոսքով հանդես գալուց
հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Կլաուս Շումանին նվիրեց իր «Սահմանադրական
մշակույթ. պատմության դասեր եւ ժամանակակից մարտահրավերներ» մենագրությունը: «Մեր
հարգարժան Գագիկ Գարուշեւիչի գիրքը կարդալուց՝ անպայմանորեն ցանկություն կառաջանա
մի 50 գրամով իմաստավորել ընթերցածը»,- ասաց «Ազգային Միաբանություն» կուսակցության
նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության
ղեկավարին նվիրեց մի շիշ կոնյակ: Ընդ որում՝ Գագիկ Հարությունյանը նրան էր զիջել
իր տեղը բարձրախոսի մոտ, ինչի կապակցությամբ պրն Գեղամյանը հարկ համարեց կեսկատակ
արդարանալ. «Ասեմ, որ աչք չունեմ Սահմանադրական դատարանի նախագահի տեղի վրա»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել