Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարենը» դարձնում են պահեստ

Հունիս 30,2005 00:00

«Պարեն»
գիտաարտադրական միավորման նոր սեփականատիրոջ ջանքերով անորոշ ժամանակով փակվել են
հացաբուլկեղենի արտադրամասերը, թեպետ պայմանագրով նախատեսված էր 3 տարի չփոխել միավորման
ուղղվածությունը: Դա նրան հաջողվել է անել Էրեբունու տարածքային հիգիենիկ
հակահամաճարակային կենտրոնի օգնությամբ. վերջինս ստուգել-եզրակացրել է, որ արտադրամասերի
պայմանները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ըստ աշխատակիցների ներկայացրած
բողոքի, 12 տարի գործող արտադրամասերում անընդմեջ ստուգումների ընթացքում կենտրոնը,
մեկ-երկու դիտողություններից բացի՝ փակման եզրակացություն չի տվել, «իսկ հիմա մեզանից
եվրոչափանիշներով արտադրամաս է ուզում»: Արտադրամասերը միավորման հիմքն են. այն ստեղծվել
է 1993-ին, «Հաց» գիտաարտադրական միավորման հիման վրա, ներառելով մի քանի գիտահետազոտական
ու արտադրական ձեռնարկություններ: Ճիշտ է, այստեղ թխում են հացաբուլկեղեն, ինչպես
այլ հացի փռերում, բայց ժամանակ առ ժամանակ դրանք ծառայել են որպես բնագավառի փորձարարական
արտադրամաս: «Առավոտն» անցյալ տարի անդրադարձել է միավորման արժեթղթերի կասկածելի
վաճառքին, որի արդյունքում միավորման լիիրավ սեփականատերն է դարձել պահեստների բիզնեսով
զբաղվող «Ալիկ-Լաերտ» ՍՊԸ-ի տերը՝ Ալբերտ Խաչատրյանը: Դեռ այդ ժամանակ աշխատողները
մտավախություն ունեին, որ միավորումը կդառնա պահեստների նոր տեղ, իսկ այժմ արդեն
համոզված են: Պատճառն արտադրամասերի փակումն է, որտեղ աշխատում է շուրջ 40 մասնագետ:
Բողոքողների կարծիքով, սեփականատերը կարող էր իր վրա վերցնել արտադրամասերի
«եվրոչափանիշներով» նորոգումը: Հատկապես, որ պայմանագրով պարտավորվել է ներդրումներ
անել: «Բայց միավորման տնօրեն Նաիրի Տեր-Բալյանի հետ պայմանավորված՝ նա փակել տվեց
արտադրամասերը, որ աշխատողներն աստիճանաբար հեռանան եւ իրենք կարողանան միավորման
տարածքն օգտագործել իրենց ուզած ձեւով»,- ենթադրում են աշխատակիցները: Միավորման
տնօրենը վերջերս բարձրացրել է նաեւ արտադրամասերի՝ կազմակերպությանը վճարվող հարկը՝
ամսական 40 դոլարից դարձնելով 250, ինչին արտադրամասերի պետերը չեն համաձայնել: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել