Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում զինվորականների դեմ խաղ չկա

Հունիս 30,2005 00:00

Այս անգամ էլ գնդապետն է հարձակվել
քաղաքացու, այն էլ՝ կնոջ վրա Միայն վերջին շաբաթվա ընթացքում ԼՂՀ-ում զինվորականների
անմիջական մասնակցությամբ արդեն երկու միջադեպ է եղել, որոնց ընթացքում սպայի համազգեստ
կրող մարդիկ ծեծի են ենթարկել ԼՂՀ քաղաքացիների: Բացի անցյալ շաբաթ ԼՂՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում մի քանի սպաների կողմից ԼՂՀ ԱԺ պատգամավորության
թեկնածու, ՀՅԴ անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքից, երեկ զինվորականների
կողմից նման եւս մի դեպք է արձանագրվել: «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն՝
Ստեփանակերտում ընթանում է մի փակ դատավարություն՝ ԼՂՀ զինկոմ Ֆ. Գաբրիելյանի եղբոր
սպանության գործով: Սպանությունը 1992-ին է կատարվել, անձնական հողի վրա: Երեկ
դատական հերթական նիստի ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս գլխավոր վկա, մեղադրյալի
կինը՝ Սիրանույշ Գաբրիելյանը, զինվորական լուրջ ծառայություններ ունեցող գնդապետը,
որ դատարանում եղբոր շահերն է պաշտպանում, հարձակվում եւ ծեծի է ենթարկում վկա կնոջը:
Վերջինս դեմքի լուրջ վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց: Ղարաբաղում
մասնավորապես փաստաբանները, որոնք չեն ցանկացել իրենց անունից հայտարարություններ
անել, կարծիք են հայտնել, որ կատարվածին իրավական գնահատական բոլոր դեպքերում պետք
է տրվի: Իհարկե, չճանաչված այդ հանրապետությունում քչերն են վստահ, որ զինվորականները
կարող են պատժվել իրենց այս կամ այն արարքի համար, թեեւ այդ համատեքստում վկայակոչվում
է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին քրեական պատասխանատվության
ենթարկելու նախադեպը: Այդուհանդերձ, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ղարաբաղում
զինվորականին, անգամ ազգային հերոսին, հնարավոր է պատասխանատվության ենթարկել, եթե
դրա համար կա իշխանությունների քաղաքական կամքն ու պատվերը: Տուժող
Սիրանույշ Գաբրիելյանը չի բացառել, որ իրեն ծեծած զինվորականին հավանաբար դուր չեն
եկել իր ցուցմունքները: Առայժմ ԼՂՀ դատախազությունն ու պատկան այլ մարմինները կատարվածին
չեն արձագանքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել