Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՄԵՂՄ» ՀԱՅԱՑՔ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈՇՏ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 30,2005 00:00

Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ուսանողների հետ զրույցի ընթացքում իր տեսակետները հայտնեց մի շարք հարցերի շուրջ:

Երեւանի քաղաքապետը պիտի ընտրվի

Սահմանադրության փոփոխությունների նախագծում բաց է թողնվում Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու վերաբերյալ հարցը: Սակայն ինչպե՞ս կարձագանքի Եվրոպայի խորհուրդը, եթե, այնուամենայնիվ, հետագայում չընդունվի իրենց առաջարկը: Կլաուս Շումանի պատասխանն ընդհանրական էր, որ քաղաքապետի ուղղակի ընտրությունն ընդունված պրակտիկա է Եվրոպայում եւ կիրառվում է ԵԽ անդամ երկրների մեծ մասում:

Մեր կողմից հավելենք, թե այս առումով անգամ Ստեփանակերտն է առավել «եվրոպական», քանզի ի տարբերություն Երեւանի՝ ԼՂՀ մայրաքաղաքի ղեկավարն ընտրվում է: Թերեւս հենց Ստեփանակերտի փորձն էլ, ուր քաղաքապետ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը, ստիպում է Հայաստանի իշխանավորներին համառե՞լ այս հարցում:

Նույնը Բաքվում էլ կասեին

Կլաուս Շումանից մեկնաբանություն խնդրեցին Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, թե նա հույս ունի նավթային դոլարներով հարստացնելով Ադրբեջանի բյուջեն՝ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

ԵԽ Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավարն ի պատասխան, բնականաբար, մերժեց ռազմաշունչ հայտարարությունները՝ համարելով դրանք ոչ օգտակար եւ կարեւորելով երկխոսությունը, հակամարտության խաղաղ կարգավորումը: Սակայն նաեւ նշեց, թե վստահ է, որ եթե Բաքվում զրուցեր այս խնդիրների շուրջ՝ «կտային նույն հարցը, եւ ինչ-որ մեկը կվկայակոչեր հայ պաշտոնյաների համանման հայտարարությունները»:

Նույնը կասեին նաեւ Անկարայո՞ւմ

Ի դեպ, համանման պատասխան նա տվեց նաեւ այնժամ, երբ հարց ուղղվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միակողմանիորեն փակ սահմանի մասին: Դիտարկմանն ի պատասխան, թե անհնարին է միասնական Եվրոպա փակ սահմաններով, ուստի հարկ է այս խնդրի լուծման միջոցներ կիրառել՝ Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավարը նկատեց, թե ռիսկային ձեռնարկ է որեւէ երկրի իբրեւ պատժամիջոց եվրոպական ակումբից հանելը՝ սա կարող է ունենալ առավել վատ հետեւանքներ: Եվ դարձյալ նշեց, թե վստահ է՝ Անկարա գնար, իրեն հակադարձ փաստարկներ կներկայացնեին նույն խնդրի առնչությամբ:

Ձեռքդ ե՛տ տար ցավի վրայից

Իր զեկույցում Կլաուս Շումանը հիշատակել էր ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախմբի 2004-ի տարեվերջին կազմած զեկույցը, որում ասվում է. «Պատվիրակությունը նշում է, որ Հայաստանը շարունակում է պատանդը լինել իր պատմության, որը նրան ստիպում է առավել նայել դեպի անցյալը, քան ապագան: Առկա հարաբերությունների վիճակը Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը ստվերում են նրա առօրյան եւ ծանր անդրադառնում երկրի զարգացման վրա: Հայաստանի համար եվրոպական ապագայի ընտրությունը եւ ժամանակակից աշխարհում երկրի կայացումն անհրաժեշտ են դարձնում հարեւանների հետ համաձայնությունը եւ շրջահայաց մոտեցումները»: Քաղաքական դասընթացների դպրոցի ուսանողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որ կարող է մի կողմ թողնել իր պատմությունը, եւ մանավանդ՝ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կարո՞ղ է մի կողմ դնել ցավը:

Ազգությամբ գերմանացի պրն Շումանի պատասխանն էր, թե իհարկե, խնդիրը պատմությունը մոռանալը չէ. «Մենք բոլորս մեր պատմությունն ունենք: Սակայն պիտի ի վիճակի լինենք միասին քննարկել այդ պատմությունը, երբ տարբեր կերպ ենք դիտարկում այն»: Նաեւ ընդգծեց, թե եվրոպական պետություններն ունեն ընդհանուր ապագա, եւ սա է առավել կարեւորը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել