ՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ Միջոցառումը հետաքրքիր էր նրանով, որ մասնակիցները մրցում էին դեռ մանկությունից հիշողության մեջ մնացած խաղերից, որոնք, ցավոք, այսօր մոռացության են մատնվել: «Ֆուտբոլային աճպարարության» մասնակիցները պետք է գնդակը որքան հնարավոր է երկար պահեին օդում՝ առանց ձեռքերի օգնության: Այս խաղը անցկացվում էր «21» խաղի կանոններով, իսկ ռեկորդային էր համարվում առավելագույն ժամանակային արդյունքը: Այս մրցույթում հաղթեց Հարություն Աբրահամյանը, որը «21»-ը խաղաց 480 անգամ: «Գնդակի նետում զամբյուղի մեջ» մրցույթին մասնակցող ուսանողները կատարում էին բասկետբոլի տուգանային նետումներ: Ռեկորդային էր համարվում նետումների ցուցաբերած առավելագույն արդյունքը: Այստեղ հաղթող ճանաչվեց Վարագ Շողոյանը, որը գնդակը զամբյուղի մեջ նետեց 7 անգամ: «Վոլեյբոլ-կքանիստի» ժամանակ մասնակիցները 3 շրջաններով գնդակով միմյանց հարվածներ էին ուղղում, իսկ հարվածի ձախողման պատճառ դարձած մասնակիցը կքանստում էր շրջանի կենտրոնում: Ռեկորդակիր էր համարվում 3 շրջաններում անցկացված մրցույթների ընթացքում չկքանստած մասնակիցը: Այս մրցույթում հաղթեց Լեւոն Թունյանը: ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը նշեց. «Եթե մենք լուրջ ֆուտբոլի մրցումներ անցկացնեինք, ապա կմրցեին միայն պրոֆեսիոնալները: Այդ իսկ պատճառով որոշեցինք այնպիսի միջոցառում կազմակերպել, որտեղ կմասնակցեն բոլոր ցանկացողները: Մենք նպատակ ունենք հաջորդ տարի մեծ մարզադաշտւմ նման միջոցառում կազմակերպել հանրապետության մասշտաբով»: Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը նշեց, որ այս միջոցառումը ոչ միայն նպաստում է ուսանողների առողջ ապրելակերպին, ազատ ժամանցի անցկացմանը, այլեւ յուրաքանչյուր երիտասարդի մեջ առաջինը, լավագույնը լինելու բուռն ցանկություն է առաջացնում: Երիտասարդ կազմակերպիչները իրենց աջակցելու համար դիմել էին մի շարք խոշոր կազմակերպությունների («Գրանդ քենդի», «Թամարա», «Կոկա-կոլա» եւ այլն), որոնք թեեւ սկզբում խոստացել էին աջակցել, սակայն հետո հրաժարվել էին: Այսօր շատ ուսանողների համար բուհում ֆիզկուլտուրայի քննությունը կամ ստուգարքը ամենաբարդն է, քանի որ պատրաստված չեն: Իսկ դժվարությունները գալիս են դեռ դպրոցից: Շատերը պատճառաբանում են, որ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու պատճառ է համազգեստ չունենալը: Ոմանք էլ նշում են, որ մեղավորը ուսուցիչն է, որը չի կարողացել հավուր պատշաճի իրականացնել դասերը: ՀՊՃՀ-ի թեթեւ ատլետիկայի դասախոս Թամարա Չոբանյանը նշեց, որ այստեղ հաճախումները ապահովվում են 99 տոկոսով. «Շաբաթական 2 ժամ ունենք, ի տարբերություն մյուս բուհերի»: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ սպորտը դուրս մղվեց դպրոցականների եւ ուսանողների կյանքից, Արսեն Սողոմոնյանը պատասխանեց. «Միգուցե սոցիալ-տնտեսական ծանր պայմանները ստիպեցին: Սակայն վերջին տարիներին կազմակերպված մի շարք միջոցառումներ նպատակ ունեն վերականգնել հին ավանդույթները: Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը պատրաստվում է մոտ ապագայում վերականգնել սպորտլանդիայի մրցումները»: «Երեւան Յունայթըդ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Տիգրան Հովիվյանի կարծիքով՝ շատ կարեւոր է երիտասարդությանը կապել սպորտին. «Օրինակ, 70-80-ականներին մեր ֆուտբոլային կյանքը մեծ վերելք էր ապրում, ինչը չես ասի մեր օրերի մասին, չնայած փորձում ենք աշխուժանալ: Հիմա մարդիկ ընտանիքներով են մարզադաշտ գալիս: Կանայք նույնպես սկսել են հետաքրքրվել ֆուտբոլով: Եթե մենք բոլորս՝ ֆուտբոլային ակումբները, խաղացողները, երկրպագուները միասին աշխատենք, շատ շուտով մարզադաշտերում կտեսնենք նախկին աշխուժությունը»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ