Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ

Հունիս 29,2005 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞ Է Այդ մասին գիտի միայն ինքը, իսկ հանրությունը դրա մասին կիմանա, երբ պարոն Բաբայանը կուսակցություն բացի ու մասնակցի հայաստանյան ընտրություններին: ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը անցյալ շաբաթավերջին հայտարարեց, թե նոր կուսակցություն է ստեղծում: Ու թեեւ պարոն Բաբայանը հավաստիացրեց, որ մտադրություն չունի մասնակցել ՀՀ նախագահական հաջորդ ընտրություններին, այդուհանդերձ, դիտորդները չեն բացառում, որ նրա հեռահար նպատակը հենց դա է: Բայց մինչ այդ Ս. Բաբայանն, անշուշտ, կհավակնի իր կուսակցությունը 2007-ին ներկայացված տեսնել ՀՀ խորհրդարանում: Նրա այդ մտադրության մասին քաղաքական շրջանակներում արդեն միանշանակ դատողություններ են արվում: Առաջին հայացքից թվում է, թե «լոխ լավ է», ոչ մի խոչընդոտ չկա Ս. Բաբայանի՝ ՀՀ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվելու ճանապարհին: Բայց դա՝ միայն առաջին հայացքից, եթե մի պահ մոռանանք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի քաղաքացիության հարցը: Մի հանգամանք, որը խանգարում էր 98-ին՝ Ռոբերտ Քոչարյանին, 2003-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Արամ Կարապետյանին՝ ՀՀ նախագահի թեկնածության գրանցմանը: Ս. Բաբայանի դեպքում ավելի բարդ է: Չունենալով ՀՀ քաղաքացիություն՝ նա, մեր երկրի օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» օրենքով, իրավունք չունի ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվել եւ առավել եւս՝ կուսակցության անդամ լինել, իսկ 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար պարտավոր է վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել ու վերջին հինգ տարում եւ մշտապես բնակվել ՀՀ-ում ու ունենալ ընտրական իրավունք: Ս. Բաբայանն առայժմ, մեր տեղեկություններով, ունի միայն ՀՀ դիվանագիտական անձնագիր, ինչը, սակայն, պատկան մարմինների ասելով՝ դեռեւս ՀՀ քաղաքացիություն ունենալ չի նշանակում: Բայց նրա գրասենյակում Ս. Բաբայանի փոխարեն հաստատ համոզմունք հայտնեցին, որ նա ՀՀ քաղաքացի է եւ համապատասխան անձնագիր ունի, թե՝ ո՞ր թվականից՝ դժվարացան ասել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ս. Բաբայանը ժամանակին եղել է ԼՂՀ քաղաքացի եւ 2000-ին նույնիսկ խոսակցություններ կային, որ նա մտադիր է մասնակցել ԼՂՀ ԱԺ ընտրություններին, որի համար անհրաժեշտ էր ունենալ 5 տարվա ԼՂՀ քաղաքացիություն եւ մշտական բնակություն այդ երկրում: Իսկ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին հանրապետության նախագահի հրամանագրով, ինչը ոչ ՀՀ առաջին նախագահը, ոչ Ռ. Քոչարյանը չեն արել: Մի խոսքով, այն մեծ ու փոքր, նախկին ու ներկա պաշտոնյաները, որոնցից երեկ փորձում էինք ճշտել Ս. Բաբայանի քաղաքացիության հարցը՝ վստահեցնում էին, որ նա ՀՀ քաղաքացիություն չունի, իրենք չեն լսել, բայց եթե եղած լիներ՝ կիմանային: Անձամբ Ս. Բաբայանի հետ կապվել, ցավոք, չհաջողվեց: Իհարկե, Հայաստանում խնդիրներն իրավական տեսանկյունից քննարկելու մշակույթն առայժմ մոդա չէ: Հայաստանում նախընտրում են այս հարցադրումները տեղափոխել զգացմունքայնության դաշտ, ինչպես դա արեց ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում, թե ԼՂՀ քաղաքացիությունը ՀՀ քաղաքացիություն չէ»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե նորմալ է վերաբերվում Ս. Բաբայանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրությանը: Ինչ վերաբերում է խնդրի զուտ իրավական կողմին, ապա Գ. Սահակյանի համոզմամբ՝ այստեղ խնդիր չկա: ՀՀԿ խմբակցության նախագահը հույս հայտնեց, որ «Ս. Բաբայանի նման ներկայանալի մարդը, նրա հիմնադրած կուսակցությունը կգործեն հանուն ազգի եւ պետության»: Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ խորհուրդ տվեց խնդրին մոտենալ ոչ թե զգացական, այլ իրավական հարթության տեսանկյունից. «Եթե օրենքը պահանջում է, որ ՀՀ-ում քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն ՀՀ քաղաքացին՝ ապա պետք է գործի օրենքը: Քաղաքականությունը պրագմատիկ բան է, եւ այստեղ էմոցիաներով առաջնորդվել չի կարելի»: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ կարծիք հայտնեց, որ «եթե Ս. Բաբայանը ՀՀ քաղաքացի չէ, բնականաբար, իրավունք չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, եւ ընդհանրապես՝ ճիշտ կլինի, որ ռազմական գործիչը քաղաքականությամբ չզբաղվի: Մեր երկրում այսօր առկա հիմնախնդիրներից կարեւորն այն է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով: Ամենատարօրինակն այն է, որ Ս. Բաբայանը, որքան տեղյակ եմ, մտադիր է կուսակցության մակարդակով մասնակցել ՀՀ ՏԻՄ ընտրություններին: Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացիությունն առայժմ արգելված է, իսկ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: Քանի դեռ Հայաստանում օրենքների մասին դատողություններ են անում զգացմունքայնությամբ եւ օրենքների փոխարեն գործում են «ջանղուրբանային» հարաբերությունները՝ իրավական պետության մասին խոսք լինել չի կարող: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել