Լրահոս
Օրվա լրահոսը

Դե,

Հունիս 29,2005 00:00

Դե, պաշտպանելը հիմի դու տե՛ս Իրավաբանները պնդում են, որ իրենց հետապնդում են՝ Երեւանի կենտրոնից տեղահանվող բնակիչներին պաշտպանելու համար: «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն, որը անցյալ տարի աշնանից ստանձնել էր Փավստոս Բուզանդի, Հյուսիսային պողոտայի եւ մյուս «տուժած» փողոցների տեղահանված բնակիչներին օգնելու, նրանց իրավաբանական ծառայություններ մատուցելու պարտավորությունը, այդ օրից ի վեր կորցրել է հանգիստն ու քունը: «Մեզ անընդհատ ահաբեկում են, սպառնում, զանգում են մեր ընկերներին, հաճախորդներին, տուն, ահաբեկում ծնողներին, ներկայանում տարբեր գերատեսչություններից ու պահանջում են ներկայանալ դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, սպառնում են կոտրել ոտքերս, մատներս»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պատմում էին ընկերության աշխատակից Կարապետ Բադալյանը եւ տնօրեն Վահե Գրիգորյանը: Այն, որ նրանց, իրոք, անհանգստացնում են, կարելի էր հասկանալ հենց արտաքին փոփոխություններից՝ երկուսն էլ սկսել են չսափրվել եւ մորուք պահել: Մասնավորապես, վերջին բուռն հետապնդումները սկսվել են մայիսի 31-ից, երբ համապատասխան մարմինները տեղեկացել են, որ Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչներից 4-ը դիմել են Եվրոդատարան: Կ. Բադալյանի խոսքերով, իրենցով սկսել է հետաքրքրվել Ազգային անվտանգության ծառայությունը, անգամ պատշաճ չծանուցելով, թե ինչի առնչությամբ են հրավիրվում ԱԱԾ. «Դրա մեջ նույնիսկ չկար քրգործի համարը, մենք չգիտեինք, թե ինչի մասին ենք ցուցմունք տալու, միայն հստակ նշված է, թե ոչ հարգելի պատճառով չներկայանալու դեպքում կարող եք բերման ենթարկվել»: Այս հարցի առնչությամբ Վահեի դիմում-բողոքներին ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ Կ. Հակոբյանը պատասխանել է, թե «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, մեր մարմինները, իրենց առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հարց է ծագում. ԱԱԾ մարմինների «օպերատիվ-հետախուզական» միջոցառումների՞ց է, օրինակ, 1 ամիս շարունակ «Ռայթի» բոլոր հաճախորդներին զանգահարելը, հարցուփորձ անելը, անհանգստացնելը: «Մենք ակտիվորեն կորցնում ենք մեր հաճախորդներին, երբեմն նրանց ապահովության համար ինքներս ենք խորհուրդ տալիս դիմել այլ իրավաբանների: Նրանք ամբողջ օրը խոչընդոտում են մեր աշխատանքին»,- ներկայացրեց Վ. Գրիգորյանը: Ակնհայտորեն, ԱԱԾ աշխատակիցների «հարցուփորձերն» իրենց արդյունքը տվել են, քանի որ, ըստ որոշ հաճախորդների բողոքների, Վահեի դեմ դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Իբր ես յուրացրել եմ հաճախորդների գումարները, կեղծել եմ փաստաթղթեր եւ այլն: Բայց դատախազությունում ոչ մի հաճախորդի ցուցմունք չկա»,- պնդեց Վահեն: Ի դեպ, երեկ առավոտյան Վահե Գրիգորյանը, փորձելով սովորականի պես ստուգել իր ընկերության բանկային հաշիվները, մեծ անակնկալի է եկել. «Պարզվում է՝ դատախազությունը վերցրել է մեր բանկային փաստաթղթերը, չգիտեմ, գուցե հաշվի վրա էլ կալանք էր դրել, բարկությունից էդ արդեն չնայեցի»: Փաստորեն, ԱԱԾ-ն եւ դատախազությունը ոչ մի կերպ թույլ չեն տալիս ընկերությանը՝ զբաղվելու բնականոն աշխատանքով: Եվ այդ ամենը՝ այն բանից հետո, երբ ընկերությունը տուժած ընտանիքներից 4-ի գործն ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մենք անցանք բոլոր հնարավոր դատական ատյանները, ստիպված դիմեցինք Ստրասբուրգ: Դա լուծման միակ տարբերակն էր»: «Ռայթ-իրավաբանական խումբ» ընկերությունը «հատուկ ծառայությունների» ուշադրության կենտրոնում հայտնվեց Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակցին կաշառակերության գործով մեղադրանք հարուցելուց հետո: Պարզվել էր, որ ընկերությունը եւս դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930