Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքերը դատապարտված են ճանաչել

Հունիս 29,2005 00:00

Թուրքերը դատապարտված են ճանաչել Քրիստոնյա դեմոկրատ Խոսրով Հարությունյանը ողջունում է իր գերմանացի գործընկերներին Մոտ երկու շաբաթ առաջ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի խմբակցության մշակած՝ «Հիշատակման օր. 1915թ. ապրիլի 24-ի կոտորածի տարելիցի 90-ամյակի կապակցությամբ Գերմանիան պետք է նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» բանաձեւը: Այս իրադարձությունն աշխարհաքաղաքական տեսանկյունից մեկնաբանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ այս որոշումը, որպես իրավաքաղաքական փաստաթուղթ, էապես տարբերվում է մինչ այդ եվրոպական մյուս երկրների ընդունած որոշումներից: Մասնավորապես նրանով, որ դրանում չկա որեւէ կետ, որով ամրագրվի, թե Գերմանիայի տարածքում այդ մոտեցումը չընդունելը քրեորեն հետապնդելի կհամարվի, ինչպես դա եղավ Ֆրանսիայի, Շվեյցարիայի օրինակներով: Ըստ մեր զրուցակցի՝ «Որոշումը կայացրեց մի երկիր, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրեն տեսնում էր Թուրքիային դաշնակից, հետեւաբար նաեւ պատասխանատու՝ նման իրադարձությունների համար: Գերմանիան այլեւս վերացրեց այն բոլոր հաղթաքարտերը, որոնք կարող էին խոսել՝ արդյո՞ք եղել է ցեղասպանություն, թեմայի շուրջ: Եթե գերմանական իշխանություններն են պնդում, որ եղել են իրադարձություններ, մեկ միլիոն զոհեր, վերաբնակեցում եւ այլն, ապա շատ ու շատ հայտնի պատմաբաններ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ դա որակում են որպես ցեղասպանություն: Եթե այսօր Գերմանիայի իշխանություններն են գլուխ խոնարհում զոհերի հիշատակի առջեւ, փաստորեն, ներողություն հայցելով՝ փաստելով, որ կայսերական Գերմանիան կորցրել է Հայոց ցեղասպանությունը կանխելու բոլոր հնարավորությունները, սա խոսում է այն մասին, որ հայկական ցեղասպանությունն իրողություն է, եւ չեմ կարծում, որ թուրքերը երբեւէ կարողանան փաստարկներով դրանք մերժել»: Հաջորդ առանձնահատկությունն, ըստ պարոն Հարությունյանի, այն է, որ առաջարկը քրիստոնեա-դեմոկրատական գաղափարներ կրող անձանց կողմից էր: Ի դեպ, այդ գաղափարախոսությունը հետպատերազմյան Եվրոպայի տեսլականի հիմքում էր, եւ շատ բաների համար այսօր եվրոպացիները պարտական են հենց այդ գաղափարախոսությանը՝ քրիստոնեական, բարոյական նորմերի կիրառմանը քաղաքականության մեջ: Գերմանացի քրիստոնեա-դեմոկրատների այս քայլը Խ. Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ոչ քրիստոնեական միջավայրը ժողովրդավարության համար օտար է: Այդ ազդեցիկ ուժը ոչ միայն փաստեց պատմական կոնկրետ իրավիճակում Գերմանիայի վերաբերմունքը դարասկզբի իրադարձություններին, այլեւ արձանագրեց, որ այդ ամենը բխում է նախ եւ առաջ գերմանացիների եւ Եվրոպայի շահերից: Եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ ձերբազատվում է մնացած բոլոր կապանքներից»: Կողմ լինելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, ՀՔԴՄ նախագահը գտնում է, որ ցեղասպանության ճանաչումն ավելի կնպաստի Թուրքիային՝ այդ ճանապարհին: Ամենից զատ, հայ-թուրքական հարաբերությունները Խ. Հարությունյանը դիտարկում է Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից: Ուստի՝ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Հայաստանի ու Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունը ՀՔԴՄ նախագահը կարեւորում է: Միաժամանակ, նկատի ունենալով վերջին զարգացումները, ըստ որոնց Թուրքիան ընդհանրապես կարող է դուրս մնալ ԵՄ-ին անդամակցության բանակցային գործընթացից, մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ավելի ազնիվ ու անկեղծ պետք է շարժվի դեպի Եվրոպա»: Սա նշանակում է ստանձնած պարտավորությունների այնպիսի կատարում, որ եվրոպացիներն իրենք ձգտեն մեզ հետ հարաբերվել: Այս ամենի համատեքստում պարոն Հարությունյանը առաջարկում է շրջահայաց լինել նաեւ հայ-ռուսական հարաբերություններում: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել