Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Հունիս 29,2005 00:00

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԿԱՆ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԴՐՈՒՅԹՆԵՐ» Հուլիսի 1-5-ը Վաշինգթոնում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում կհնչի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը: «Առավոտի» հարցերին է պատասխանում ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: – Ի՞նչ անակնկալներ կարող են լինել հերթական միջազգային կառույցի նման զեկույցից: – Գորան Լենմարկերի զեկույցը, որը մի քանի անգամ հետաձգվեց երկու կողմերի համար անընդունելի եւ վիճելի դրույթների պատճառով, այժմ ամբողջությամբ պատրաստ է եւ կներկայացվի հուլիսի 1-5-ը՝ Վաշինգթոնում: Ընդհանուր առմամբ, բոլոր միջազգային կազմակերպություններում վերջերս հնչող բանաձեւերը կամ նախագծերն ավելի կենտրոնացած էին հակամարտության հետեւանքների վրա, այսինքն՝ սա այն է, ինչ ադրբեջանցիները հաջողությամբ կարողանում են մատուցել, որովհետեւ կոնֆլիկտի հետեւանքներն այսօր շատ ավելի ցցուն են, եւ 15 տարվա վաղեմություն ունեցող կոնֆլիկտի խորքային ուսումնասիրություն գրեթե չի կատարվում՝ չհաշված ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը: Իսկ հետեւանքները, բնականաբար, մեզ համար նպաստավոր չեն՝ փախստականներ, տարածքների հարց եւ այլն: Իհարկե, այդ նույն հարցերը մենք եւս կարող ենք շահարկել, բայց այդ բանը մինչեւ վերջերս չէինք անում, եւ դա կարելի է համարել մեր դիվանագիտության թերություններից մեկը: Սակայն վերջերս այդ թերությունը կարծես ուզում է ուղղվել, որովհետեւ մեր դիվանագետները եւս սկսել են այդ նույն հարցերը բարձրացնել, եւ դրանում արդեն լուրջ հաջողություններ են զգացվում: Մեր աշխատանքի արդյունքում Գորան Լենմարկերի զեկույցը մեկ քայլ առաջ է, որովհետեւ նրա զեկույցի վերջնական տեքստում մեկ քայլ առաջ է կատարված եւ մոտեցումներում որոշակի խորություն է երեւում: Զեկույցի 28-րդ կետում նշվում է. «Կոնֆլիկտի կենտրոնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է», ուրիշ բանաձեւերում եւ զեկույցներում նման ձեւակերպման չեք հանդիպի: Լուծումը Լենմարկերը կապում է Եվրաինտեգրման գործընթացի հետ, այսինքն՝ այն, ինչ մեզ համար ճիշտ է եւ դրական: Հայկական կողմը փաստորեն ասում է՝ վերացրեք շրջափակումները, նորմալ հարաբերությունների մեջ մտնենք, քննարկենք ամեն ինչ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը: Մանավանդ հիմա, երբ մենք դարձել ենք «Նոր հարեւաններ» ծրագրի մաս, եւ, որպես այդպիսին, մեզ եվրոպացիները շատ հստակ ասում են՝ դուք չեք կարող ինտեգրվել մեզ հետ, եթե չեք կարողանում դա անել ձեր հարեւանների մեջ: Գորան Լենմարկերը հենց այդ ճանապարհին է ուզում տեսնել հարցի լուծումը, այսինքն՝ չընդունելով ադրբեջանցիների այն տեսակետը, թե հենց հիմա մեզ վերադարձրեք ամեն ինչ, հետո կխոսենք: Ավելին, Լենմարկերն իր զեկույցում նշում է, որ եթե հակամարտության լուծումը հիմնված լինի ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների վրա, ապա ավելի հեշտ կգտնվի կարգավիճակի ճիշտ բանաձեւը: Մի հետաքրքիր կետ եւս կա, որտեղ ասվում է, որ Ղարաբաղն ուզում է դառնալ անկախ պետություն: Իսկ սա նշանակում է, որ վերջապես Ղարաբաղի տեսակետն առաջին անգամ հնչում է հենց որպես Ղարաբաղի տեսակետ: Զեկույցում նշված է նաեւ. «Լայն, կովկասյան պատկերը ցույց է տալիս, որ բազմաթիվ փոքրիկ պոպուլյացիաներ կան, ազգային փոքրամասնությունների ձեւով, եւ եթե ամբողջ տարածաշրջանը կտրտվի փոքրիկ, անկախ պետությունների, դա ավելի վտանգավոր է մեզ թվում, եւ դա այլընտրանք չէ: Սա է պատճառը, թե ինչու միջազգային հանրությունը պատրաստ չէ անկախություն տալ տարածաշրջանի անկախության հակվածներին: Հնարավոր լուծում է, սակայն, մնում այնպիսի համաձայնությունը, որով Լեռնային Ղարաբաղը միացվի Հայաստանին»: Կարծում եմ, այս զեկույցը կարելի է համարել խորհրդարանական դիվանագիտության հաջողություն: – Սակայն ադրբեջանական պատվիրակությունը եւս ձեռքերը ծալած չի նստել եւ արդեն ԵԱՀԿ ԽՎ-ին ներկայացրել է իր պատասխան բանաձեւը, որը բոլորովին այլ ձեւով է ներկայացնում իրավիճակը: Ինչպե՞ս եք պայքարելու այս բանաձեւի դեմ: – Կարծում եմ, հենց Գորան Լենմարկերի զեկույցն է սարսափեցրել կամ մտահոգել ադրբեջանական պատվիրակությանը, որը փորձել է քննարկման ներկայացնել ԵԽ հայտնի բանաձեւից արտագրած մի նախագիծ: Մենք մի փոքր այլ աշխատաոճ ենք որդեգրել, քան ԵԽ-ում մեր գործընկերները, եւ գտնում ենք, որ եթե նման բանաձեւ դրվի քննարկման, մենք պարզապես չենք մասնակցի այդ ամենին՝ նշելով, որ եթե հանկարծ այն ընդունվի, անկախ նրանից, թե որքան նպաստավոր կլինի, մեզ համար իրավական ուժ չի ունենա: Որովհետեւ մենք գտնում ենք, որ ճիշտ չէ առանց ղարաբաղցիների տեսակետը լսելու՝ Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ ստեղծել: Մենք առաջարկել էինք, որ Ղարաբաղից ներկայացուցիչ հրավիրվի, սակայն համաձայնություն չստացանք, ընդ որում, մերժման տեքստը հետեւյալն էր՝ «Այդ պետությունը՝ ԼՂ-ն, ԵԱՀԿ-ի անդամ չէ»: – Լենմարկերի զեկույցը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հարցի կարգավորման վրա: – Այն առաջին հերթին լուրջ եւ ճիշտ կողմնորոշում է ստեղծելու պատգամավորների մեջ, որովհետեւ, եթե ընդունվի ԵԽ առաջարկություններից մեկը, այն է՝ յուրաքանչյուր պետություն սկսի իր մասնակցությունը բերել այս հարցում եւ այդ մասին զեկուցի, ապա արդեն այլ զեկույցները լինելու են Լենմարկերի զեկույցի հիման վրա: Այս իմաստով, կարծում եմ, այս զեկույցը շատ դրական ազդեցություն կունենա, որովհետեւ այս զեկույցն արդեն կա որպես ԵԱՀԿ ԽՎ փաստաթուղթ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել