Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՆԻ

Հունիս 29,2005 00:00

«ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ» Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Իրան եւ Կովկաս» միջազգային հանդեսի խմբագիր Գառնիկ Ասատրյանի հետ: – Որոշ վերլուծաբանների կարծիքով, ծայրահեղ պահպանողական հայացքներով հայտնի իսլամական ֆունդամենտալիստ Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը Իրանի նախագահական ընտրություններում ետընթաց քայլ է՝ վերջին մի քանի տարում Իրանում քիչ թե շատ կատարվող բարեփոխումների ֆոնի վրա: Դուք, որպես իրանագետ, ի՞նչ կարծիքի եք: – Ես չեմ գտնում, որ պարոն Ահմադինեջադի ընտրությունը ետընթաց քայլ է: Դա ժողովրդի ընտրությունն է: Սա ցույց է տալիս, որ վարչակարգն ամուր արմատներ ունի հասարակության մեջ: Եվ առանձին ընդդիմադիր ելույթները կրում էին զուտ դեկորատիվ, բայց ոչ հիմքային բնույթ: Դրանք հիմնականում հրահրված էին դրսից: – Դուք սպասո՞ւմ էիք նման արդյունքների: – Ես վստահ չէի, որ Իրանի ժողովուրդը այդպես հիմնարար ձեւով կքվեարկի վարչակարգի օգտին: Ի վերջո, Ահմադինեջադի օգտին քվեարկելը նշանակում էր ասել «այո»՝ վարչակարգին եւ նրա քաղաքականությանը, եւ «ոչ»՝ ութ տարվա կիսադեմոկրատական փոփոխություններին, որ արեց պարոն Խաթամին: Ես բարձր եմ գնահատում պարոն Խաթամիին՝ որպես մշակութային գործիչ, հումանիստ, որպես մարդ, որն առաջ էր քաշել «Քաղաքակրթությունների երկխոսություն» կոնցեպցիան, սակայն ես չեմ կարող դրական գնահատել նրա նախագահության երկու ժամկետները: – Ի՞նչ նկատի ունեք: – Պարոն Խաթա միի նախագահության շրջանը հետաքրքիր էր. մի քիչ ազատություններ տրվեցին՝ հագուստի, գրականության եւ այլ ասպարեզներում, սակայն խորքային իմաստով՝ թույլ էր: Արդեն նկատելի էին դարձել ծայրամասային, կենտրոնախույս միտումները: Մասնավորապես, այդ ժամանակ մեծ տեղ տրվեց Ադրբեջանի Հանրապետության ֆակտորի գերագնահատմանը: Բացասական եմ գնահատում Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության հիմնադրումը, ադրբեջանական քաղաքական գործիչների բացահայտ սադրանքները Իրանի թուրքախոս բնակչության շրջանում եւ այլն: Բնականաբար, տնտեսական զարգացման ֆունդամենտալ հիմքերը, որ գցվել էին դեռ Ռաֆսանջանիի ժամանակ, Խաթամիի նախագահության ութ տարիների ընթացքում շարունակվեցին: Գյուղատնտեսությունը, էներգետիկան, ծանր արդյունաբերությունը զարգացում ապրեցին, որոշակի քայլեր ծավալվեցին միջազգային շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ձեւավորված Իրանի իմիջը փոխելու համար: Սակայն սա չուղեկցվեց ավելի խորը, ազգային անվտանգությանը նպաստող գործոնների ամրապնդմամբ: Կենտրոնախույս ուժերը սկսեցին ակտիվանալ, ինչը վատ էր երկրի համար: – Իսկ իսլամական ֆունդամենտալիստ նախագահը կնպաստի՞ ազգային անվտանգությանը: – Պետք է նկատել, որ իսլամական ֆունդամենտալիստ ասելով Իրանում չեն հասկանում այն ֆունդամենտալիզմը, ինչպիսիք վահաբիստներն են: Իրանում միանգամայն տարբեր է. իրանական արմատականությունը սերտորեն կապված է իրանական ազգայնականության հետ, որքան էլ դա լոզունգային իմաստով լինի զուտ իսլամական: Ես կարծում եմ, որ պարոն Ահմադինեջադը, լինելով արմատական, կնպաստի, որ որոշակիորեն ամրապնդվեն Իրանի ներքին կապող օղակները, որ երկիրը դարձնում են երկիր: Սա բազմալեզու, բազմազգ երկիր է, եւ պահանջվում է հատուկ քաղաքականություն: Այդ իմաստով, կարծում եմ, որ Իրանի ժողովուրդը ճիշտ ընտրություն է արել: – Ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Ահմադինեջադի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի փոխադարձ սպառնալիքներին, որ առնչվում էին միջուկային էներգիայի փորձարկումներին: – Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մոտ երեք հազար տարվա պետականության ավանդույթ ունեցող Իրանը չպետք է ունենա ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորություն, իսկ հարեւան երկրներից մեկը, որ ընդամենը 50-60 տարվա պետականություն ունի, կարող է նման հնարավորություն ունենալ: Ես հասկանում եմ արեւմտյան շրջանների անհանգստությունը: Ատոմային էներգիան եւ ռումբը չպետք է լինեն տեռորիստական խմբերի, կազմակերպությունների կամ տեռորիստական հակումներ ունեցող երկրների ձեռքում, բայց Իրանն այդպիսին չէ: Իրանական պետականությունը իր գոյության երեք հազար տարիների ընթացքում ապացուցել է, որ բավական կշռադատված սկզբունքների կրող է, ինչը երբեք չի խախտել: Եվ տարածաշրջանային բալանս կստեղծվի, եթե Իրանն ունենա ատոմային էներգիայից օգտվելու հնարավորություն: – Այսինքն՝ դուք հավատո՞ւմ եք պարոն Ահմադինեջադի վստահեցումներին, որ միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով է օգտագործվելու: – Այո, հավատում եմ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել